Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Սրի, խաչի եւ գրի ասպետն ու զորության հավատավորը

Երբ կշեռքի վրա է հայրենիքը, կշռաքարի ծանրությունը միշտ նրա կողմը պետք է լինի…

«...Ղարաբաղի լեռնաստանում էր, որ ծնվեց եւ գլուխ բարձրացրեց հայրենիքի ազատագրության գործը, այս բնական էր, նա չէր կարող ոչ ծնվել, ոչ էլ սնվել այնպիսի մի տեղ, ուր չկար հայ ազնվականություն, իբրեւ իշխանության կազմակերպված ուժ եւ իբրեւ ռազմիկ տարրերի առաջնորդ: Ղարաբաղն էր, որ ուներ այդ բոլորը: Ղարաբաղն էլ կարող էր դառնալ հայոց ազատագրության պատմության օրորոց»:
Լեո


XVII դարում հասունացած հայոց ազատագրության խնդիրը օրահարց էր Սեֆյան Իրանի ու օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ հայտնված Հայաստանի համար, որի ազգային ինքնության պահպանման գործում մեծ դերակատարություն ունեցան Արցախի մելիքությունները, որոնց հետ հաշվի էին նստում ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ուժերը։ Այդ պայքարը ծրագրելու եւ իրականացնելու գործին Իսրայել Օրու հետ միասին ձեռնամուխ եղավ Առանշահիկների թագավորական տոհմի ժառանգ, Արցախ աշխարհի Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, ով 1701 թ. նստելով կաթողիկոսական գահին` Գանձասարը դարձրեց ազատագրական շարժման քաղաքական կենտրոն, որտեղ սկսեցին քննարկվել ու մշակվել դիվանագիտական հարաբերություններ ու ռազմական ծրագրեր։ XVII դարավերջին` Իսրայել Օրու հետ միասին լինելով եվրոպական երկրներում եւ մի շարք ազդեցիկ պետությունների կառավարությունների առջեւ բարձրացնելով հայրենիքի փրկության հարցը եւ առաջարկելով համագործակցել` նաեւ ի շահ այդ պետությունների, հանդիպելով անտարբերության, կորցնում է հույսը նրանցից եւ դեմքով շրջվում դեպի Ռուսաստան, եւ ռուսական ցարի` հայ պատվիրակությանը պատշաճ ընդունելությունից ու խոստումներից ոգեւորված` համոզվում, որ միայն Ռուսաստանի հետ է հնարավոր հասնել ազգային փրկության դրական տեղաշարժի ու հարցի լուծման։
Սերված լինելով պատմական Հայաստանի Արցախ նահանգի հայկական իշխանական տոհմից` Եսայի Հասան-Ջալալյանը իր տոհմի ազնվազարմ ժառանգն էր ամեն ինչով` թե՛ կրթությամբ ու դաստիարակությամբ, թե՛ գործունեությամբ ու համոզմունքներով։ Հայրենիքի ազատագրության, ամրապնդման, հզորության ու զարգացման գաղափարն առաջնայինն ու վեհն էր այն ամենից, ինչին տիրապետում էր մեծն հոգեւորականը, իսկ նա զբաղվում էր լուրջ գիտական աշխատանքներով եւ ուսումնասիրություններով, մատենագրությամբ, պատմությամբ, իսկ հայրենիքի օրհասական պահին լծվելով ազատագրական պայքարի աշխատանքներին` հիմնելով քաղաքական կենտրոն ու դառնալով Արցախի մելիքների ապստամբության պարագլուխներից մեկը, գրում է ժամանակի իրադարձությունների մանրամասն իրողությունները` գործը վերնագրելով «Պատմութիւն Աղուանից», որն համառոտաբար լույս է տեսնում 1839 թ.` Շուշիում։ Այն թարգմանվում եւ հրատարակվում է ֆրանսերեն, վրացերեն, ռուսերեն։ Հայոց աշխարհի մելիքների ազգային-ազատագրական պայքարը չի սահմանափակվում սոսկ հայկական շահերի շրջանակներում. այն ընդգրկում է անդրկովկասյան ժողովուրդների հետաքրքրությունների ու շահերի համախմբումը, քանզի միայն բարեկամությամբ ու համախոհությամբ, դիվանագիտական խոհեմությամբ կարելի էր հասնել վստահելի հաջողության այնպիսի թշնամական ուժերի շրջապատման ու նկրտումների դաշտում, ինչպիսին այն ժամանակ Իրանն էր եւ Թուրքիան` մշտապես, որի բարբարոսական ու զավթողական քաղաքականությունը երբեւէ չի մեղմացել քրիստոնյա ժողովուրդների հանդեպ։
Իրանը` լինելով մշակութային տերություն, նրա հետ, թերեւս, հնարավոր էր նստել բանակցությունների սեղանին, թեկուզ` ձեւականորեն, ինչպես որ եղավ Իսրայել Օրու պատգամավորության հետ, որին խանգարեցին եվրոպական, մասնավորապես` ֆրանսիական միսիոներները, ինչն անհնար էր թուրքերի դեպքում, որոնք, չտիրապետելով որեւէ մշակութային արժեքի, հավակնություն ունեին եւ ունեն սեփականել միայն ուրիշների ստեղծած արժեքները` հնարավոր բոլոր տարբերակներով` սկսած ամեն բան իրենց վերագրելուց մինչեւ զենքի ուժով գրավելն ու ոչնչացնելը։ Թուրքերի հետ բարեկամությունը կարելի է համեմատել լեզվի վրա շաքարի քաղցրության տեւողության հետ, որի կարճատեւ վայելքը, ինչպես ասում են, այնուհետ քթերից է գալիս։ Սա պետք էր հասկացնել ու համոզել նրանց, ովքեր այդ կարճատեւ քաղցրությունը վայելելու մոլորությունն ունեին, իսկ այդ հարցում Եսայի Հասան-Ջալալյանը առավել քան համառ ու ջանադիր էր եւ անգամ հավատարիմ զինակից Իսրայել Օրու վախճանից հետո էլ չդադարեցրեց իր ապստամբական գործունեությունը եւ ազատագրական պայքարի շուրջ ոչ միայն հայ մելիքների, այլեւ անդրկովկասյան ժողովուրդների, մասնավորապես` վրացիների հետ համախմբման ու համագործակցության աշխատանքները շարունակեց եռանդագին` միաժամանակ վստահաբար նայելով դեպի Ռուսաստան։
Գանձասարը ռազմաքաղաքական պայքարի ազատագրական կենտրոն դարձնելու նպատակով Եսայի կաթողիկոսը 1714 թ. Գանձասարի վանքում Արցախի հինգ մելիքների մասնակցությամբ գումարեց գաղտնի ժողով: Ժողովն ընդունեց 23 կետից բաղկացած կանոնադրություն, ուր մանրամասն շարադրվեց հայրենիքի պաշտպանության գործում յուրաքանչյուրի վրա դրված խիստ պարտավորության ամեն մի քայլ` թե՛ անհատական ջանքերի առումով եւ թե՛ միախմբության, միատեղ պայքարի առումով, անձնական շահը մշտապես ստորադասելով համընդհանուր նպատակի շահերին, այլապես`շեշտված էր կետերից մեկում. «Մեզանից ով որ կը յանդգնի սոյն կանոններին հակառակը գործել, Հայրենեաց եւ կրօնի թշնամու կողմն անցնիլ, նորա հետ միաբանելով Հայրենեաց հանգստութիւնը վրդովել, հայը հայի դէմ թշնամի յարուցանել եւ արիւնահեղութիւն պատճառել` այնպիսին մահուան պատժով կը պատժուի, միւս մելիքներն կը գրաւեն նորա բերդը եւ ինչքը ցնոր տնօրէնութիւն...»: Կյանքը ցույց տվեց, որ բոլոր մելիքները` Հասան-Ջալալյանի գլխավորությամբ, հավատարիմ մնացին պարտավորությանը, որ իրենք իսկ իրենց վրա դրեցին` որպես սրբազան ուխտ ու անդրժելի երդում…
Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ուժն ու թափը պատկերացնելու համար բավական է հիշել, որ նրա ենթակայության տակ էին Ղարաբաղը, Բարդան (Պարտավը), Շամախին, 1720-ից՝ նաեւ Գանձակը, Շաքին, Ղաբալան (Կապաղակը) եւ այլն, իսկ Իսրայել Օրու մահվանից հետո նա էր անմիջապես գլխավորում ազատագրական շարժումը եւ բանակցում ռուսական կողմի հետ` հոժարակամ ընդունելով Ռուսաստանի հովանավորությունը՝ միաժամանակ ակտիվ գործողություններով նպաստելով ձեռնարկած գործին, ինչպես որ նրա կազմած զորամասը եւ վրացական զորքը 1722 թ. պարտության մատնեցին Դաղստանի լեռնականներին: Նույն թվականին` Գանձակում եւ Թիֆլիսում, Եսայի Հասան-Ջալալյանը Վրաց թագավոր Վախթանգ VI-ի հետ մշակում է պարսկական տիրապետության դեմ համատեղ պայքարի ծրագիր, իսկ 1724 թ. թուրքական զորքի՝ Արցախ արշավելու ժամանակ վճռականապես մերժում է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ թուրքերին հպատակվելու առաջարկը եւ օգնության դիմում ռուսական արքունիք, սակայն օգնությունը միշտ չէ, որ իրականանում էր այնպես,ինչպես ցանկալի էր կամ կարելի էր պատկերացնել, ինչպես որ չարդարացան 1722-23 թթ. ռուսներից անմիջական օգնություն ստանալու հայ եւ վրաց դաշնակիցների հույսերը, սակայն ռուսների կողմից Կասպից ծովի արեւմտյան ափերն ու Բաքուն գրավելուց հետո ռուսական ներկայությունը տարածաշրջանի համար գոնե ինչ-որ չափով նպաստավոր պայմաններ ստեղծեց, ինչը կրկին ապացուցեց քրիստոնյա Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Զրկվելով ամեն տեսակ օգնությունից, այդ թվում եւ վրացական, քանի որ պարսից շահը` Վախթանգ VI-ին հայտարարելով դավաճան, գահընկեց էր արել, որն էլ ապաստանել էր լեռներում, իսկ Վրաստանն էլ մատնվել թուրքական զորքերի ներխուժման, Հասան-Ջալալյանն ստիպված էր սեփական ուժերով պայքարել պարսիկների դեմ ու նրանց դուրս վռնդել Արցախից` հաշվի առնելով նաեւ այն, որ դեպի Պարսկաստան ռուսների արշավանքը հետաձգվել էր Ռուսաստանի հանդեպ միջազգային աննպաստ պայմանների պատճառով. տարածաշրջանում` Պարսկաստանի եւ Անդրկովկասի վրա իշխելու օսմանյան Թուրքիայի մոլուցքը պաշտպանում էին Անգլիան ու Ֆրանսիան, ինչպես նաեւ Թուրքիայի վասալներ Ղրիմի խանն ու Դաղստանի ավատատերերը։
Եվ այսպես, մնալով առանց ակնկալված դաշնակիցների, Արցախի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորությամբ, հայկական զինված ուժերը Արցախից դուրս քշեցին պարսկական վարչակազմին ու զինված ուժերին, եւ արդեն իսկ 1722 թ. վերջին հաջողվեց ազատվել նրանց մնացուկներից եւ նրանց հարկային բեռից, իսկ Սղնախներում ամրացված հայ զինվորականությունն սկսեց ապահովել երկրամասի անկախությունը, ինչի արդյունքում` շուրջ 14 տարի` 1722-1736 թթ., Արցախի գավառներն այլեւս հարկ չէին վճարում պարսիկ կամ թուրք բռնակալներին եւ ունեին անկախ կարգավիճակ։ Արցախի իշխանությունը հաստատապես կենտրոնացված էր տեղի հինգ մելիքների ձեռքում, որոնց գլխավորում էր Եսայի Հասան-Ջալալյանը։ Եվ այդ ուժերով ոչ միայն պարսիկների, այնուհետեւ թուրքերի դեմ էին ստիպված մեն-մենակ կռվելու արցախցիները, որի մասին 1727 թ. մայիսի 11-ին` իր կառավարությանը հղած զեկույցում ապշած հայտնում է մերձկասպյան ռուսական զորքերի գլխավոր հրամանատար Դոլգորուկովը. «…պետք է զարմանալ, թե հայերն ինչպես են դիմանում, երբ նրանք հարկադրված են մեն-մենակ պատերազմել թուրքական բանակների դեմ… մարդկային մտքից վեր է, թե ինչպես են դիմանում հայերը այդքան զորեղ թշնամու առաջ»։ Եվ իսկապես, օսմանյան հրամանատարությունը` հանդիպելով համառ դիմադրության եւ համոզվելով, որ զենքի ուժով հնարավոր չէ գրավել Արցախը, փորձում է կաշառել Եսայի Հասան-Ջալալյանին, սակայն կաթողիկոսը վճռականորեն մերժում է թուրքերին, այն թուրքերին, ովքեր գրավել էին Իրանական Ատրպատականը, ողջ Անդրկովկասը, այն դեպքում, երբ առանց լուրջ դիմադրության ասպատակել ու գրավել էին Երեւանը, Լոռին, Բորչալուն, Ղազախը, Շամշադինը, Նախիջեւանը, Սյունիքը, Թավրիզը… Այդ նույն թուրքերը` շնորհիվ Հասան-Ջալալյանի եւ իր զինակիցների համառության ու հայրենասիրության, 40 հազարանոց զորքով այդպես էլ չկարողացան տիրանալ Արցախին…
Անհնար է մի հոդվածի սահմաններում ամփոփել այնպիսի անձնավորության կյանքի ու գործունեության հերոսապատում, որպիսին է սրի, խաչի ու գրի ասպետ ու զորության հավատավոր Եսայի Հասան-Ջալալյանը, եւ միայն հայրենիքը մեզնից առավել սիրելու եւ պահպանելու ժառանգականությունն ու խոնարհումն են մնում աստվածային այդ երեւույթի առջեւ`որպես երախտագիտության երաշխիք…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

19-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO