Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանում
«Ցուցանմուշը՝ կենդանի հիշողություն…»
Գիրքը՝ մեր ժողովրդի պաշտամունքներից մեկը, մեր հոգու ու սրտի պարագան, որով բնութագրում ենք ինքներս մեզ ու աշխարհին ներկայանում որպես քաղաքակրթության ակունքներից եկող ազգ: Ուստի բնավ էլ պատահական չէ, որ ունենք Թարգմանչաց տոն, այս տոնի խորհրդին աղերսվող Գրքի նվիրատվության օր: Ի դեպ, սա մեր հեղհեղուկ ժամանակների ամենագեղեցիկ իրողություններից մեկն է, երբ միմյանց ոգեղեն նվերներ ենք մատուցում՝ երբեւէ չհնացող, չարժեզրկվող ու մնայուն:
Այս գեղեցիկ օրվա՝ փետրվարի 19-ի առիթով էլ նախապես այցելեցինք մայրաքաղաքի լուսեղեն օջախներից մեկը՝ Հովհաննես Թումանյանի թանգարան: Ինչպես տեղեկացրեց տնօրեն Անի Եղիազարյանը, Գրքի նվիրատվության օրվա կապակցությամբ թանգարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ տարիքային տարբեր խմբերի համար: Նախատեսված են երեք տարաբնույթ ծրագրեր: Դրանցից առաջինը մանկահասակ երեխաների համար է՝ Հովհ. Թումանյանի մանկական բանաստեղծությունները դարձվել են անիմացիոն մուլտֆիլմեր, որոնք առաջին անգամ կներկայացվեն այսօր: «Սա մեզանում անդրանիկ քայլն է, երբ անիմացվում են մանկական չափածո ստեղծագործությունները: Այսինքն՝ նորություն է»,- ընդգծեց տնօրենը :
Հաջորդ ծրագրով կներկայացվեն Թումանյանի անհատական հավաքածուից անձնական 20 իրեր, որոնք թանգարանային ցուցանմուշներ են: Այս իրերի առնչությամբ կատարվել են հետազոտական աշխատանքներ, եւ կներկայացվեն դրանց ստեղծման, ձեռքբերման, նաեւ բանաստեղծին նվիրատվությունների պատմությունները: Այդ իրերը, ծագմամբ լինելով եվրոպական, ռուսական եւ արեւելյան, խոսուն վկայագրեր են Թումանյան գեղագետի մասին: «Այդ իրերից,- նշեց տնօրենը,- չափազանց ինքնատիպ ու գեղեցիկ են ճամփորդական թեյնիկը, Բաժբեուկ Մելիքյանի «Հայուհու գլուխ» մեծարժեք կտավը, որը բանաստեղծը գնել է հեղինակից Թբիլիսիում երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի ժամանակ: Այս ծրագրի ցուցանմուշների մեջ են նաեւ Թումանյանի արեւելյան ոճի խալաթը, հիվանդանոցային բաժակը, ճապոնական սամուրայի քանդակը, ճապոնական գրպանային ջեռակը (տաքացուցիչ), այլ իրեր ու առարկաներ՝ թանկ մասունքներ ամենայն հայոց բանաստեղծից»:
Այսօր ժամը 16:00-ին այս սուրբ օջախում տեղի կունենա վերջերս լույս ընծայված երկու գրքի՝ «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» (հատոր երկրորդ) եւ բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուի 4-րդ հատորյակի շնորհանդեսը: Մեծարժեք այս գրքերը հրատարակվել են Թումանյանի թանգարանի եւ Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ: Երկու գրքերի խմբագիրն էլ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանն է: Գրքերի վերահրատարակության բնագրերը նախապատրաստել է թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ծանոթագրությունների խմբագրումներն ու լրացումները՝ ԳԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը: Դժվարին ու շնորհակալ գործ՝ խորապես արժանի երախտագիտության:
Շնորհանդեսին կմասնակցեն աշխատակիցներ ԳԱ-ից, մայր բուհից, մանկավարժական համալսարանից: Գրքերի եւ օրվա առիթով իրենց խոսքը կասեն գրականագետներ, գրողներ, գրքապաշտ ընթերցողներ:
Հավելենք, որ բանաստեղծի երեւանյան թանգարանը համագործակցում է Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» մշակութային կենտրոնի եւ Դսեղում Մեծ լոռեցու տուն-թանգարանի հետ:
Գրքի նվիրատրման՝ այսինքն, բանաստեղծի ծննդյան օրը թանգարանում ուղիղ կապի միջոցով կցուցադրվի Թբիլիսիի հայկական Խոջիվանք եկեղեցում տրվող հոգեհանգստյան արարողությունը՝ ի փառավորումն Մեծ ննջեցյալի: Այն կոգեղենացնի Վիրահայ թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Գրքի նվիրատվության օրվա թանգարանային ընդգրկուն միջոցառումը կսկսվի եւ կամփոփվի մայրաքաղաքի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ժողգործիքների խմբի կատարումներով:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ 19-02-2021
|

փակել >>
|