Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մեր արմատներին վերադարձի եւ նորարարականությունը չմերժելու միջոցով արդիականացումն է, որ Հայաստանը կդարձնի կենսունակ պետություն

Որպես ինքնության պահպանման գրավական՝ պարտավոր ենք գործել հանուն մեր պետության շահերի
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական քաղաքագիտական կայքի հիմնադիր Էմիլ Օրդուխանյանի հետ

-Հարգելի՛ պարոն Օրդուխանյան, Դուք բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ եք ազգային ինքնության թեմայի վերաբերյալ: Խնդրում եմ, բնորոշեք հայ ազգային ինքնության սահմանումը:
-Ազգային ինքնությունն այնպիսի երեւույթ է, որը բոլորի կողմից միանշանակ ընդունելի բնորոշում կամ սահմանում, որպես այդպիսին, կարող է եւ չունենալ: Սակայն դա չի նշանակում, որ հայ ազգային ինքնությունը չունի այնպիսի կոնստանտներ՝ հիմնաքարեր, որոնք կկազմեն դրա առանցքը: Այս տեսանկյունից պետք է առաջնահերթորեն կարեւորել հայոց լեզուն՝ որպես մշակութակիր հայ ազգի ինքնության յուրահատուկ եւ ինքնատիպ բաղադրիչ: Լեզվին զուգահեռ՝ որպես դրա գրավոր դրսեւորման ձեւ, հարկ է առանձնացնել նաեւ հայատառ գիրը: Քանի որ մեր ազգային ինքնությունն ուղղակիորեն պայմանավորված է պատմականության հանգամանքով, ապա ժամանակի ընթացքում մենք ձեռք ենք բերել նաեւ բնորոշիչ այլ գծեր, որոնք բյուրեղանալով՝ նույնպես դարձել են մեր ինքնության մի մասը: Խոսքը վերաբերում է քրիստոնեությանը, որի առաջին ջահակիրը, որպես ազգ, մենք ենք՝ հայերս: Սակայն քրիստոնեությունն այս համատեքստում կարող ենք նշել ոչ միայն արժեհամակարգի տեսանկյունից, այլեւ հետագայում ձեւավորված մոնոֆիզիտ ազգային եկեղեցու իմաստով՝ կրկին իր ինքնատիպության մեջ: Մեզ համար կարեւոր է մարդու քրիստոնեական ընկալումը, որը համահունչ է նաեւ սուբսիդիարության սկզբունքին, այսինքն՝ մեկս մյուսի նկատմամբ կարեկցանքին:
Մեր ինքնության մյուս հիմնաքարը պետությունն ու պետականությունն են, որոնց վերելքներով ու վայրէջքներով էլ պայմանավորված է մեր պատմությունը, եւ այդ է մեր ազգային սլացքը՝ կայսերական անցյալ, պետության, ինքնիշխանության երկարատեւ կորստի ժամանակաշրջան, այնուհետեւ պետության վերակերտում: Հատկանշական է, որ եթե այլ ազգեր, կորցնելով պետությունը, հեռացել են նաեւ իրենց ինքնությունից, ապա մենք՝ հայերս, կարողացել ենք այդ նույն պայմաններում պահպանել մեր ինքնությունը: Եվ դա հնարավոր է եղել մեր մայրենի լեզվի, գրական ժառանգության եւ ազգային եկեղեցու շնորհիվ: Այս ամենը շատ կարեւոր ցուցիչներ են, քանի որ թե՛ լեզուն, թե՛ կրոնը եւ եկեղեցին պետության պայմաններում եւ դրանից դուրս պատմության ընթացքում պահպանվել են: Պատկերավոր ասած՝ ազգային ինքնությանը կարեւորագույն երանգ են հաղորդել պետականության գաղափարն ու դրա անհրաժեշտության գիտակցումը, ինչը, սակայն, քաղաքական ինքնության տեսանկյունից որոշակի մթագնումներ է ունեցել: Բոլշեւիկների ձեռամբ մեր Առաջին հանրապետության վախճանից հետո խորհրդային տարիներին ազգային ինքնության պահպանման առումով ենթարկվեցինք բազում փորձությունների, երբ կոմունիզմը փաստացիորեն փորձում էր ստորակարգել, արժեզրկել կրոնը եւ ազգային եկեղեցին: Սակայն ԽՍՀՄ լուծարման արդյունքում կարողացանք վերակերտել մեր անկախ պետականությունը, ինչը եւս բազմաթիվ փորձությունների ենթարկվեց եւ մինչ օրս ենթարկվում է:
-Կիրառական ի՞նչ նշանակություն ունի ազգային ինքնությունը ներկայիս իրավիճակում:
-Այս հարցի պատասխանը պահանջում է տարբերակել ազգային ինքնությունը եւ ազգի քաղաքական ինքնությունը: Քաղաքական ինքնության տեսանկյունից մենք մշտապես խնդիրներ ենք ունեցել: Հայ հասարակության մեջ հատվածականությունը պայմանավորված է եղել մի մասով դեպի օտարն ուղղված հայացքով, իսկ մյուս մասը փորձել է հայացքն ուղղել դեպի իր պետության ներսը եւ իրեն նայել ոչ թե օտարի աչքով, այլ օտարին նայել իր սեփական աչքերով: Թույլ տվեք այս իմաստով հետաքրքիր բնորոշում անել. երբ Էրզրումում հային հարցնում են՝ որտե՞ղ է Հայաստանը, նա մատնացույց է անում Էջմիածինը՝ Արեւելյան Հայաստանը: Իսկ երբ Արեւելյան Հայաստանում ապրող հային են հարցնում՝ որտե՞ղ է Հայաստանը, մատնացույց է անում Կարսը, Վանը, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանը: Ուստի պետության կամ հայրենիքի ընկալման այս խնդիրը մշտապես առկա է եղել հայ հասարակության մեջ:
ԽՍՀՄ լուծարումով ստեղծվեցին վերադարձի նախադրյալներ դեպի մեր արմատները, մեր ինքնատիպ արժեքները, ինչը քաղաքագիտության մեջ հայտնի է «ինդիգենացում» եզրույթով: Ուստի ինդիգենացումը դիտվում է որպես արդիականացման ուղի, եւ դրա միջոցով նաեւ մենք պետք է արդիականանանք որպես պետական միավոր: «Հայացք դեպի դուրս եւ հայացք դեպի ներս» երկընտրանքը մեզ թույլ չի տվել ներդաշնակ զարգացնել արտաքին քաղաքական վեկտորները, ինչը մեր պարագայում նաեւ ինտեգրման գործընթացներում քաղաքակրթական եւ անվտանգության բաղադրիչների միջեւ երկընտրանքով է պայմանավորված: Հաճախ տենդագին արտաքին կողմնորոշումն է եղել մեր ձախողումների պատճառը եւ ինքնուրույն քաղաքական ինքնություն ձեւավորելու խոչընդոտը: Դա նաեւ պրոյեկտվել է դեպի ներքին քաղաքականություն՝ գլխավորապես ուղղվելով դեպի իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների տիրույթ: Այս իմաստով մեր քաղաքական ինքնությունն ամրակուռ չէ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական գործընթացներում: Սակայն մի շատ կարեւոր եւ հատկանշական փաստ կցանկանամ նշել. 90-ականներին, 2016-ին եւ 2020-ի աշնանը Արցախյան պատերազմները ցույց տվեցին, որ մենք, որպես ազգ, շատ արագ ինքնակազմակերպվել գիտենք՝ ազգային ինքնության գիտակցումից ելնելով: Ինքնակազմակերպվեցին ոչ միայն հայաստանաբնակ հայերը, այլեւ ողջ աշխարհասփյուռ հայությունը: Սա բացառիկ ազգային հատկանիշ է, որովհետեւ 90-ականների սկզբներին մենք դեռ չունեինք պետական բանակ, սակայն աշխարհազորային, ֆիդայական ինքնակազմակերպումը հիմք եղավ եւ՛ բանակի ստեղծման, եւ՛ Արցախյան ազատամարտում հաղթանակի համար: Այսինքն, որպես ազգ՝ մենք քաջ գիտակցում ենք մեր ինքնությունը, սակայն որպես պետական միավոր, այսինքն՝ քաղաքական ինքնության կրող, ինքներս մեզ համար բազմաթիվ խնդիրներ ենք ստեղծում: Ավանդաբար հակված ենք սպառնալիքներին դիմագրավել եւ խնդիրները լուծել որպես ազգ, ժողովուրդ, սակայն ոչ որպես պետություն:
Հետեւապես՝ արդի շրջանում՝ հետխորհրդային անկախության այս փոխակերպման գործընթացում մեր ազգային ինքնության մեջ պետք է ամրապնդենք հենց պետության գիտակցումը, հանուն որի ամեն հայ կլծվի իր լեզվի, գրի, կրոնի, մշակույթի պահպանման եւ հարատեւման սուրբ գործին: Աշխարհում այնտեղ, որտեղ կա հայ, կա նաեւ հայկական կրթօջախ, հայկական եկեղեցի, հայկական մշակույթի մի պատառիկ: Այդ նույն տենչով հայը պետք է նվիրվի իր պետության կերտման ու զարգացման գործին՝ այն դարձնելով իր ինքնության կարեւորագույն եւ անքակտելի բաղադրիչը, որի նկատմամբ ցանկացած սպառնալիք կամ ոտնձգություն կարժանանա արդեն ամրակուռ ազգի՝ որպես քաղաքական ինքնության կրողի անզիջում դիմադրությանը: Եվ հենց դա է նշանակում կառուցել ուժեղ պետություն:
-Պարո՛ն Օրդուխանյան, հայի ինքնության տեսանկյունից կարո՞ղ ենք բացահայտել, թե ով ենք մենք:
-Այս պարագայում պետք է պատասխանենք քաղաքագիտական կարեւոր հարց-երկընտրանքի՝ «ո՞վ ենք մենք» կամ «ո՞ւմ հետ ենք մենք»: Նորաստեղծ պետությունները, որոնք չունեն հարուստ պատմական անցյալ եւ ժառանգություն, ինչպես օրինակ՝ Ադրբեջանը, հիմնականում ձգտում են պատասխանել «ո՞ւմ հետ ենք մենք» հարցին, որովհետեւ այդ հարցի պատասխանը նրանց հնարավորություն է տալիս փոխառել այլոց ինքնության որոշակի տարրեր, դրանք ձուլել, յուրացնել, սեփականել եւ դրանց վրա կառուցել իրենց ինքնությունը: Մի կողմ դնելով մեր հուզականությունը՝ պետք է ընդունենք, որ իր արցախյան քաղաքականության մեջ վերջին շրջանում Ադրբեջանը որոշակի հաջողություն ունեցավ: Իսկ այդ հաջողության մեջ խոշորագույն դերակատարում ունեցավ Թուրքիան, ում հետ էր Ադրբեջանը՝ որպես ռազմավարական դաշնակից: Ստացվում է՝ նման պետությունները, պատասխանելով «ո՞ւմ հետ ենք մենք» հարցին, կարողանում են իրացնել իրենց շահերը: Իսկ Հայաստանը՝ որպես պատմական հարուստ ժառանգություն ունեցող պետություն, նույնիսկ ավելի մեծ պատմական անցյալով, քան որոշ առաջատար պետություններ, խոշոր հաշվով, ոչ թե պետք է հակված լիներ պատասխանել «ո՞ւմ հետ ենք մենք» հարցին, այլ հակառակը՝ պետք է վաղուց ձգտեր նույնականանալ «ո՞վ ենք մենք» հարցի պատասխանի հետ, քանի որ ինքնատիպ ազգային ինքնություն ունեցող պետություններն արդիականանում են իրենց մշակութային-քաղաքակրթական ժառանգությունը վերարժեւորելու, այլ ոչ թե այլոց հետ մերձենալու կամ սերտաճելու փորձերի միջոցով: Հետեւապես՝ միանշանակ է, որ մենք պետք է փորձենք պատասխանել «ո՞վ ենք մենք» հարցին, քանի որ «ո՞ւմ հետ ենք մենք» հարցն ամբողջությամբ մի կողմ է նետում ազգային ինքնության հիման վրա կենսունակ պետություն կառուցելու հեռանկարը: Պատասխանելով առաջին հարցին՝ մենք գնահատելի կդառնանք նաեւ աշխարհի համար, որովհետեւ աշխարհը կճանաչի հենց մեզ եւ ոչ թե կհարաբերվի մեզ հետ՝ ի նկատի ունենալով, թե ում հետ ենք մենք: Մեր հարեւան երկրներից Իրանը, որպես ինքնատիպ, մշակութակիր եւ հնագույն, պատմական անցյալ ունեցող պետություն, երբեք հակված չի եղել պատասխանելու «ո՞ւմ հետ ենք մենք» հարցին: Այս իմաստով Իրանը սահմանել է իր ուրույն տեղը, դերը եւ նշանակությունն այս տարածաշրջանում՝ պատասխանելով «ո՞վ ենք մենք» հարցին: Նույնը չի կարելի ասել թուրքերի եւ ադրբեջանցիների մասին, քանի որ նրանք տեղաբնիկներ չեն:
Այս հարցի առթիվ հարկ է նշել մի կարեւոր աշխարհաքաղաքական նկատառում եւս. այն պետությունները, որոնք գտնվում են քաղաքակրթությունների սահմանագծին, արդեն ռիսկային գոտում են, եւ իրենց ինքնությանն ուղղված սպառնալիքների հավանականությունը բարձր է: Եվ պատահական չէ, որ այս տարածաշրջանում թյուրքական գործոնը մշտապես ուղղված է եղել հայկական ինքնության դեմ: Դրա մասին է վկայում Թուրքիայի, Ադրբեջանի, Նախիջեւանի տարածքներում հայկական քաղաքակրթական, մշակութային ժառանգության պարբերաբար ոչնչացումը կամ յուրացումը: Միայն, թերեւս, 2010-ին էր, երբ Վանում Աղթամարի վրա խաչ բարձրացվեց, ինչը, ըստ էության, քաղաքական քայլ էր այսպես կոչված՝ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում: Ինչեւէ, այս տարածաշրջանում մեր պետության քաղաքական ազդեցությունն ավելի նվազ է, քան մեր ազգի մշակութային ազդեցությունը, քանի որ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքներում դեռ այսօր էլ կարելի է գտնել հայկական մշակութային ժառանգության մասունքներ: Այդ ամենը մեր ազգային ինքնության կարեւորության առհավատչյան է: Եվ դա եւս մեկ անգամ հաստատում է, որ հայկական պետության արդյունավետ արդիականացումը հնարավոր է իրականացնել մեր արմատներին վերադարձի՝ պահպանողական արդիականացման մոդելով՝ միեւնույն ժամանակ չմերժելով նորարարությունը:
-Հայաստան-սփյուռք-Արցախ համատեքստում, իրավամբ, կան աշխարհընկալման տարբերություններ: Որքանո՞վ կարելի է ներդաշնակեցնել ազգային գաղափարախոսությունն այս եռամիասնության մեջ:
-90-ականներին իշխանությունների կողմից շրջանառվեց մի թեզ, ըստ որի՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, եւ պրագմատիզմի շրջանակներում կաղապարվեց հայկական քաղաքական միտքը: Կար համոզում, որ աշխարհաքաղաքացու կերպարը, ըստ էության, Հայաստանի համար կապահովի կենսունակություն, ինչը, սակայն, ձախողվեց: Ազգային գաղափարախոսության հանդեպ թերահավատությունն անուղղակիորեն սահմանափակեց նաեւ հայկական սփյուռքի ներուժի գործադրման սահմանները հանուն Հայաստան պետության: Սակայն ինչպես նախկինում, այսօր նույնպես սփյուռքին համախմբելու համար անհրաժեշտ են եւ՛ Արցախը, եւ՛ Հայաստանը: Կան մարդիկ, ովքեր այսօր շրջանառում են «Արցախը Հայաստան է» թեզից հրաժարվելու գաղափարներ՝ մոռանալով, որ, այո՛, Արցախը Հայաստան է թե՛ մշակութապես, թե՛ քաղաքակրթորեն, թե՛ բնակչությամբ եւ իր այլ բաղադրիչներով: Այսինքն՝ միայն ֆիզիկական տարածքին քաղաքականապես տիրապետելով չէ, որ որոշվում է այդ տարածքի ինքնությունը: Այս պարագայում հարց է առաջանում՝ իսկ արդյոք Կարսը հայկական չէ ՞: Հետեւապես՝ եթե Կարսը հայկական է, ապա Արցախը նույնպես հայկական է եւ շարունակելու է մնալ հայկական, քանի դեռ մենք չեն հրաժարվել նրա հայկական ինքնությունից:
-Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ժամանակի ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզը փոփոխվում է: Դա նշանակում է, որ քաղաքական քարտեզը ոչ թե ստատիկ է, այլ դինամիկ: Հետեւապես՝ չկա որեւէ բացառող օրենք, որով այլեւս երբեք չենք կարող վերականգնել մեր քաղաքական ազդեցությունը մեր ինքնությանը եւ մշակութային արեալին պատկանող որեւէ տարածքի նկատմամբ:
-Հայաստան-սփյուռք-Արցախ եռամիասնության համար նախ անհրաժեշտ է, որ վերոնշյալ երեք սուբյեկտները հնարավորինս արագ ինքնակազմակերպվեն: Սփյուռքը, ըստ էության, մեկ, միասնական եւ ինստիտուցիոնալացված կառույց չէ: Կարծում եմ, որ այն ինքնին ներքուստ ինքնակազմակերպված չէ, քանի որ դեռեւս չկա այն իրական սահմանված նպատակը, որը կարող է համախմբել նրա ողջ ներուժը եւ այն ուղղորդել դեպի Հայկական պետության զարգացում: Եթե մենք ձեւակերպենք «ինչպիսի՞ պետություն ենք ցանկանում ունենալ այս տարածաշրջանում» հարցի պատասխանը, ապա կարող ենք սահմանել նաեւ այդ իրական նպատակը եւ սփյուռքին համախմբել դրա շուրջ: Եթե չկա նպատակ, չկա համախմբում: Այդ դեպքում յուրաքանչյուրն ունենում է իր առանձին նպատակը կամ պատկերացումը՝ մտածելով, որ դա միակ լավագույնն է, եւ արդյունքում՝ գործում է անհատապես: Այդպիսով՝ սփյուռքի ներուժը համատեղվելու փոխարեն մասնատվում է: Համոզված եմ, որ սփյուռքը պատրաստ է. սփյուռքին ընդամենը կազմակերպել է պետք: Ինչպես ասում են՝ Առաջին հանրապետության տարիներին մեզ պակասում էր կազմակերպչական արվեստը: Այսօր նույնպես դրա պակասն ունենք: Մենք հիմնականում գործում ենք որպես ժողովուրդ: Դրա վառ օրինակը պատերազմի ընթացքում եւ հրադադարից հետո սփյուռքի կողմից ուղարկված օգնությունն է: Սակայն ավելի նպատակահարմար եւ արդյունավետ կլինի, եթե սկսենք գործել որպես հավաքական պետական միավոր, որի հնարավորությունն ընձեռում է մերօրյա տեղեկատվական դարաշրջանը: Այսօր շրջանառվում է «ցանցային պետության» մասին հայեցակարգը, որը բոլորովին նոր երեւույթ է քաղաքագիտության մեջ: Հետեւապես՝ նախ պետք է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր այս հայեցակարգի գործնականացումը. այդ նպատակով պետք է ձեւավորվեն եւ աշխատեն հատուկ մասնագիտական խմբեր: «Ցանցային պետության» գաղափարի կիրարկումը կարող է Հայաստանին հնարավորություն տալ տեսականորեն դուրս գալ իր ֆիզիկական սահմաններից եւ ընդարձակվել ցանցի տեսքով սփյուռքի հետ փոխգործակցության հարցում: «Ցանցային պետությունը» կարող է փոխել պետությունների ներուժն ու դրանով ներգործել նաեւ միջազգային հարաբերությունների եւ ուժերի հաշվեկշռի վրա: Նման նախադրյալ եւ ներուժ մենք ունենք: Կարծում եմ՝ պետք է սփյուռքի հետ միասին լրջորեն մտածենք այս գաղափարի շուրջ եւ համապատասխան աշխատանքներ տանենք դրա իրականացման մեխանիզմների մշակման ուղղությամբ:
-Պարո՛ն Օրդուխանյան, աշխարհում հրեաներն ու հայերը ճակատագրով միմյանց նման ժողովուրդներ են: Սակայն ճգնաժամից հետո Իսրայելը ոտքի կանգնեց ու հզորացավ: Այս առումով որեւէ բան ունե՞նք սովորելու կամ գոնե ընդօրինակելու:
-Մենք պետք է միշտ սովորենք եւ երբեք չամաչենք սովորելուց: Ընդօրինակելը գուցե որոշ իմաստով սահմանափակենք. ամեն օրինակ չէ, որ պետք է փոխառենք, բայց սովորել պարտավոր ենք: Պետք է սովորենք այն բոլոր սուբյեկտներից, որոնք իրենց փորձով ապացուցել են պետականակերտման գործում իրենց միջոցների եւ մոտեցումների ընտրության արդյունավետությունը: Եթե արդեն նշեցի 90-ականներին ՀՀ իշխանությունների վերաբերմունքը ազգային գաղափարախոսության սնանկության մասին, ապա հիշեցնեմ նաեւ, որ Երկրորդ աշխարհամարտից հետո Իսրայելը հիմնադրվեց, կայացավ, հզորացավ հենց ազգային գաղափարախոսության շնորհիվ: Արդյունքում Իսրայելն այսօր աշխարհում մրցունակ պետություն է, էլ ինչ խոսք Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացներում նրա ներգրավվածության, դիրքորոշումների հստակ արտահայտման մասին: Ցանկացած արդյունավետ փորձ մեզ համար պետք է ուսանելի լինի:
-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ազգային ինքնության ընկալումն ու ազգային գաղափարախոսությունը Հայաստանի ապագայի վրա:
-Ըստ իս՝ մեր արմատներին վերադարձի եւ նորարարականությունը չմերժելու միջոցով արդիականացումն է, որ կարող է Հայաստանին իսկապես հնարավորություն տալ կենսունակ պետություն դառնալ այս տարածաշրջանում: Մենք չպետք է ընկալենք այս պատերազմի ելքը որպես վերջնական դատավճիռ եւ սկուտեղի վրա մեր անկախությունն ու ինքնիշխանությունը առաջարկենք որեւէ խոշոր տերության՝ մտածելով, թե նա մեզ կպաշտպանի: Սա թյուր եւ պետականակործան մոտեցում է: Ավելին՝ եթե որեւէ պետություն դարավոր թշնամու եւ բարեկամի կերպար է ստեղծում՝ մերժելով միջազգային հարաբերություններում քաղաքական ռեալիզմի սկզբունքն այն մասին, որ «Չկան մշտական թշնամիներ եւ բարեկամներ, այլ կան մշտական շահեր», ապա պետք է նաեւ ընդունի, որ իր «դարավոր թշնամին» եւ «դարավոր բարեկամը» կարող են փոխշահավետ համագործակցել հենց իր հաշվին: Հետեւապես՝ մենք պետք է սերտենք նաեւ քաղաքական ռեալիզմի դասերը եւ որեւէ դեպքում չընկճվենք. դա արգելակող մոտեցում է, որը պարտադրում է պասիվություն եւ անշարժություն: Հակառակը, մենք պետք է արագորեն ուսումնասիրենք պարտված պետությունների հետպատերազմյան վերականգնման միջազգային փորձը, ինչպես օրինակ՝ Գերմանիայի, Իտալիայի դեպքերը: Պատերազմի ելքը մեզ համար պետք է «սթափեցնող ապտակ» դառնա ինքներս մեզ վերագնահատելու նպատակով: Ուստի, որպես մեր ինքնության պահպանման գրավական, պարտավոր ենք գործել հանուն մեր պետության շահերի:

Հարցազրույցը՝ Մարիամ ԱՎԱԳՅԱՆԻ

20-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO