Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ՍՈՑԻՈՒՄ


Շրջապատված են ընտանեկան սիրով ու ջերմությամբ

Պատերազմները, որոնք մշտապես չարիք են եղել մարդկության համար, առավել շատ են ազդում մանկահասակների վրա։ Տարհանում ու գաղթ, գերեվարություն, ծնողազրկություն եւ այլ ցավալի իրավիճակներ իրենց տխուր ազդեցությունն են թողնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1949թ. ավստրիացի գործարար Հերման Գմայները հիմնադրում է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը:
«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հիմնվել է Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Կոտայք գյուղում, 1989 թ.՝ Սպիտակի երկրաշարժի հետեւանքով ծնողազուրկ դարձած երեխաներին օգնելու նպատակով: Այն առաջինն էր նախկին խորհրդային երկրների տարածքում: Ներկայումս հիմնադրամի գործունեությունը ներառում է երեխաների խնամքի եւ ընտանիքի ամրապնդման, համայնքային ծառայությունների, ինչպես նաեւ կրթական ու այլ ծրագրերի լայն շրջանակ: 2009 թ. երկրորդ «ՍՕՍ մանկական գյուղը» ՀՀ-ում բացվել է Տավուշի մարզի Իջեւան քաղաքում, երեխաների ընդունելությունը սկսվել է 2010 թ. սկզբում: Այստեղ կա 14 տուն՝ նախատեսված 91 երեխայի համար։ Արցախյան պատերազմից հետո՝ 1995 թ., Ստեփանակերտում բացվեց երեխաների խնամքի առաջին գիշերօթիկ հաստատությունը, մեկ տարի անց երկրորդը բացվեց Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով այս հաստատությունները տարհանվեցին եւ այժմ տեղակայված են Կոտայքի «ՍՕՍ մանկական գյուղում»։
Նախօրեին երեխաների տարհանումը կազմակերպած եւ տեղավորելու հարցում կարեւոր դեր ունեցած Գոռ Մանուկյանի եւ Քրիստինե Ասատրյանի հետ այցելեցինք այստեղ։ Տնօրեն Ռուբիկ Փաշինյանը, ով հաստատությունը ղեկավարում է 2018-ից, տեղեկացրեց՝ «Մանկական գյուղ Կոտայքը» տեղակայված է Կոտայքի մարզի Կոտայք եւ Նոր գյուղ գյուղերի սահմանագծին: Այստեղ երեխաներին տրամադրվում է երկարաժամկետ եւ կարճաժամկետ (մինչեւ 6 ամիս) շուրջօրյա խնամք։ Ներկայումս գյուղում կա 14 ընտանեկան տուն, որտեղ երեխաներն ստանում են երկարաժամկետ խնամք, եւ կարճաժամկետ խնամք։ Այս եզակի պայմաններում ընտանեկան սիրող միջավայր են ապահովում «ՍՕՍ մայրերը», որոնց տնային տնտեսություն վարելու եւ որակյալ խնամք ապահովելու նպատակով օգնում են «ՍՕՍ ընտանիքի» օգնականները։ 2013-ից «ՍՕՍ մայրերի» հետ սկսեցին խնամք իրականացնել «ՍՕՍ ամուսնական զույգերը»: Ներկայումս այստեղ խնամք է իրականացնում մեկ ամուսնական զույգ։
Հաստատության երեխաները հաճախում են Կոտայքի եւ հարեւան Նոր գյուղի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաեւ այստեղ գործող մի շարք մշակութային ու մարզական խմբակների եւ դասընթացների։ Գյուղի մանկավարժահոգեբանական թիմն, անհրաժեշտության դեպքում երեխաներին տրամադրում է կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջական եւ այլ աջակցություն։ Հիմնադրամի հիմնական նպատակն է երեխաների վերամիավորումը կենսաբանական ընտանիքների հետ, իհարկե, եթե կան այդպիսիք։ «Մանկական գյուղ Կոտայքը» արդեն ունի խնամքից դուրս եկած եւ հասարակությանը լիովին ինտեգրված երիտասարդների սերունդներ, որոնք ապրում են երկրի տարբեր հատվածներում, հաջողված են ուսման եւ աշխատանքի մեջ, կազմել են իրենց սեփական ընտանիքները: Մանկական գյուղի յուրաքանչյուր ընտանիք ինքն է ձեւավորում իր տունը, զբաղվում սննդի եւ հագուստի ձեռք բերմամբ։ Ռ. Փաշինյանը տեղեկացրեց նաեւ՝ իրենց հիմնադրամը Երեւանում ունի հատուկ երիտասարդական տներ, որտեղ բնակվում են քոլեջներում եւ բուհերում ուսանող իրենց սաները։ Ներկայումս ունեն 18 ուսանող։ Ի տարբերություն նմանատիպ այլ հաստատությունների, «ՍՕՍ մանկական գյուղերում» սաները կարող են բնակվել մինչեւ 23 տարեկան դառնալը։ Տնօրենի տեղեկացմամբ՝ այս պահին իրենց հաստատության 6 սան ծառայում են հայոց բանակում, մասնակցել են վերջին պատերազմին, 2-ը վիրավորվել են։ Ցավով հավելեց, որ Զաքար Սերոբյանը զոհվել է։ Նշեց նաեւ՝ այս հաստատության տղաներն իրավունք ունեին բանակ ծառայության անցնելիս չգնալ Արցախ, սակայն բոլորն էլ կամավոր Արցախ են մեկնել։
«Մեր նպատակն է աշխատել այնպես, որ ծնողներ ունեցող երեխաները մնան իրենց ընտանիքներում»-ասաց Ռ. Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակով իրագործում են «Ընտանիքի ամրապնդման ծրագիր»։ Տարիների ընթացքում 168 երեխա վերադարձել է ընտանիք։ Միայն 2019 թ. վերամիավորվել է 23, 2020-ին՝ 17 ընտանիք։ Մեկ տարի հաստատությունը կապ է պահպանում այս ընտանիքների հետ, մինչեւ համոզվում են, որ իրենց սաներն ապահով պայմաններում են։ Այժմ հաստատությունում բնակվում են 3-18 տարեկան 72 երեխա։
Անդրադառնալով Արցախից տարհանված եւ իրենց մոտ եկած երեխաների խնդրին՝ Ռ. Փաշինյանն ասաց, որ հոկտեմբերի 23-ին են ընդունել երեխաներին՝ ընդհանուր 31 հոգի, որից 19-ը՝ Բերձորից, մնացածը՝ Ստեփանակերտից։ Այժմ այդ երեխաների հետ աշխատում է երեխաների խնամքի եւ պաշտպանության Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանը, ով առաջին օրվանից երեխաների հետ է։ Կարեւորեց այն, որ արցախցի երեխաները շուտ դուրս եկան սթրեսից, ինտեգրվեցին նոր պայմաններին, ընկերացան ու բարեկամացան տեղի երեխաների հետ եւ այսօր բնակվում են այստեղ տիրոջ կարգավիճակով։ Նոր եկած երեխաներին համատեղել են տեղի սաների հետ, ձեւավորել են նոր ընտանիքներ։ Մանկական գյուղը եւ աշխարհի 24 նման այլ հաստատություններ հիմնականում հովանավորվում են Ֆրանսիայի «ՍՕՍ»-ի կողմից։ Կան այլ հովանավորներ եւս։
Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության տնօրեն Հ. Սուլեյմանյանը տեղեկացրեց՝ պատերազմի սկսվելուց օրեր առաջ էր նշանակվել այս պաշտոնին։ Մեկ շաբաթից ավելի սաների հետ ապաստարանում է բնակվել. «Իմ նպատակն այդ պահին երեխաներին փրկելն էր. դժվար էր՝ ռումբերի պայթյուն, օդային տագնապի անընդհատ շչակը, սննդի, ջրի ապահովում եւ այլ խնդիրներ»։
Եվ որոշել են տարհանել երեխաներին ապահով վայր։ Այդ օրերին տարհանվեցին նաեւ բերձորցի երեխաները։ Հ. Սուլեյմանյանը միացյալ խմբի հետ եկել է այստեղ։ Այժմ ինքն է համակարգում 2 հաստատության աշխատանքը՝ «ՍՕՍ մանկական գյուղի» տնօրինության հետ։ Գոհ է նոր պայմաններից, հյուրընկալողներից։ Նշեց՝ իրենից բացի, այստեղ աշխատում են նաեւ Ստեփանակերտի եւ Բերձորի հաստատությունների աշխատակիցներ, 3-ը՝ Բերձորից, 2-ը՝ Ստեփանակերտից։ Ամեն ինչ արվում է, որ երեխաները չզգան՝ մանկատան սաներ են։ Շնորհակալ է բոլոր աշխատակիցներից, երեխաներին բժշկական օգնություն ցուցաբերող բժշկական հաստատություններից։ Այնուամենայնիվ, հիմնական նպատակը տուն՝ Ստեփանակերտ վերադառնալն է։ Այժմ իրենց հաստատությունը կարող է 32 երեխա ընդունել։ Սպասում է, որ կարգավորվի իրավիճակը։ Սիրով է խոսում երեխաների մասին, հատկապես՝ փոքրիկ Աստղիկի, Նարինեի եւ մնացածների...
Ընթացքում «ՍՕՍ մանկական գյուղի» այլընտրանքային խնամքի ղեկավար Տաթեւիկ Թովմասյանի, Հ. Սուլեյմանյանի, Ք. Ասատրյանի եւ Գ. Մանուկյանի հետ այցելեցինք ընտանիքներ, ծանոթացանք պայմաններին։ Ամեն ինչ իր տեղում է։ Դպրոցականներն արդեն վերադարձել էին տուն, իսկ փոքրիկները խաղում էին։ Ջերմ զրույց է ստացվում։ Երեք եղբայր Գագիկը, Գրիգորն ու Գոռը միասին էին խաղում։ Ավագ եղբայրը՝ 9-ամյա Գագիկը, սովորում է 3-րդ դասարանում։ Լավ է սովորում, որոշել է՝ մեծանալու է՝ դառնա ոստիկան։ 9-րդ դասարանցի Նատալին Բերձորից է, լավ է սովորում, ցանկանում է բժիշկ դառնալ, ընկերուհին՝ 8-րդցի Մարիան, բուժքույր։ Բարձրդասարանցի աղջիկները սիրով դասեր են սովորեցնում փոքրիկներին։ Այսպես էր նաեւ Բերձորում, որտեղի հաստատության աշխատակից Էլմիրա Յավրումյանը կարոտով է խոսում իր քաղաքի մասին. «Թող չլիներ պատերազմը, մնայինք մեր քաղաքում»։ «ՍՕՍ ընտանիքի» օգնական Մերի Օհանջանյանը սիրով է աշխատում երեխաների հետ։ «8 երեխա կա մեր ընտանիքում, գիտենք մեր անելիքը, աշխատում ենք երեխաներին ընդգրկել խոհանոցային տնտեսություն վարելու եւ այլ աշխատանքներում»,-ասում է Մերին։
Թիվ 11 ընտանիքի «ՍՕՍ ընտանիքի օգնական» Խանդութը ներկայացնում է իրենց ընտանիքի անդամներին։ Պարթեւը Բերձորից է, աշխույժ տղա է։ Մարտի 15-ին ծննդյան օրն է, ցանկանում է ժամացույց նվեր ստանալ։ 4-րդ դասարանցի Լուսինեն լավ է սովորում, հատկապես՝ մայրենին եւ «Ես եւ շրջակա միջավայրը» առարկաները, միշտ «9» է ստանում։ Ընտանիքներն ունեն նաեւ հողատարածքներ, որոնք մշակվում են։ Կոտայքի հանրակրթական դպրոցը մոտ է «ՍՕՍ»-ին, իսկ Նոր գյուղի դպրոց աշակերտները հաճախում են հաստատության ավտոբուսով։ Բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցինք «ՍՕՍ մանկական գյուղին»՝ կրկին հանդիպելու խոստումով ու ցանկությամբ՝ քիչ երեխաներ բնակվեն այստեղ, նույն գեղեցիկ ու հարմարավետ տնակներն օգտագործվեն որպես ճամբար։ Հավատով՝ կիրականանան մեր փոքրիկների երազանքները, այլեւս պատերազմ չի լինելու, ստեփանակերտցիները տուն կվերադառնան։
Վերադարձին Գոռ Մանուկյանը, ով պատերազմի ողջ ընթացքում իր թիմով կազմակերպում էր սննդի ու այլ անհրաժեշտ իրերի ներկրումն Արցախ եւ զբաղված էր վտանգված վայրերից բնակիչների տարհանմամբ, կարեւորեց թիկունքի աշխատանքը, հատկապես՝ նրանց, ովքեր լուռ ու անտես մեծ գործ էին կատարում։ Այդ մարդկանց թվում էր Քրիստինեն, ով աշխատում էր ՀՀ սոցապ նախարարությունում եւ զբաղված էր տարհանված արցախցիներին, այդ թվում նաեւ գիշերօթիկների սաներին տեղավորելու աշխատանքով։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

20-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO