Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՆԱԽԱԳԱՀ


«Հայաստան» հիմնադրամը պետք է լինի կասկածներից վեր կառույց

Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ 29-րդ նիստին, որն անցկացվել է հեռավար: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի կառավարման եւ գործունեության հետ կապված հարցեր:
Մինչեւ աշխատանքները սկսելը մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը:
Այնուհետեւ հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով.
«Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս նիստն արտակարգ է թե իր օրակարգով, թե այն պայմաններով, որոնցում տեղի է ունենում՝ պատերազմի հետեւանքներ, քաղաքական լարված իրավիճակ Հայաստանում, կորուստներ ինչպես մարդկային կյանքերի, այնպես էլ տարածքային, ծանր, վիրավոր Արցախ, կորոնավիրուսի համավարակ, սոցիալական, տնտեսական, քաղաքական մեծ ճգնաժամ եւ դժվարություններ:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ մարդկային ու նյութական մեծ կորուստներ են կրել, կորցրել են տուն, ունեցվածք, եւ, ինչն առավել ցավալի է, ոմանք նաեւ ընտանիք եւ հարազատներ: Հիմնադրամն այժմ նրանց աջակցելու ծրագիր է իրականացնում:
Սակայն այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի շատ կարեւոր հարցի: Այդ հարցը մեկ բառով կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ վստահություն:
Արդեն իսկ առիթ եմ ունեցել ասելու, որ որպես «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների եւ բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն եւ դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է եւ գրավոր, եւ բանավոր, եւ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաեւ շահարկումների առիթ է դարձել:
Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ եւ պրակտիկ պատասխաններ գտնել եւ լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա եւ շարունակել իր գործունեությունը, եւ իրագործել այն կարեւոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային եւ որեւէ ձեւով վտանգված չլինի:
Ես դեռ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելիս կարծիք էի հայտնել, որ հիմնադրամը լուրջ փոփոխությունների կարիք ունի: Առաջին նիստի ժամանակ նույնիսկ առաջարկել էի առաջարկություններ ներկայացնել՝ ինչպես բարելավել, կատարելագործել հիմնադրամի գործունեությունը: Այսօրվա արտահերթ նիստը առիթ եւ հնարավորություն է՝ քննարկելու ոչ միայն վստահության, այն վերականգնելու հարցը, այլեւ մտածելու կամ գոնե սկսելու մտածել իսկապես արմատական քայլեր ձեռնարկելու մասին՝ հիմնադրամը որպես կառույց եւ համահայկական երեւույթ վերափոխելու ուղղությամբ: Սկսենք ոչ միայն մտածել, այլեւ գործել այդ ուղղությամբ:
Խոսքը վերաբերում է ոչ միայն կանոնադրությանը, այլեւ ռազմավարությանն ու մարտավարությանը, նաեւ մշակույթին եւ մտածողության ձեւին: Մյուս կողմից՝ ուզում եմ նորից կրկնել հոգաբարձուների նախորդ նիստում արտահայտած մի միտք՝ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած փոփոխություն իրավականից մինչեւ բարոյահոգեբանական, պետք է մեկ հստակ ուղերձ ունենա. «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եւ հայություն նպատակակետերով՝ թիրախներով: Ես շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ անհրաժեշտ են նոր տեսլական, գործունեության ծրագիր՝ այսօրվան եւ վաղվան համահունչ, որովհետեւ այսօր Հայաստանն ու Արցախը տարբեր են, քան ամիսներ առաջ: Այսօր աշխարհն է տարբեր, այսօր մեր հայրենակիցները, որոնք մեր նվիրատուներն են, ապրում են նոր, փոփոխվող աշխարհում, հետեւաբար՝ մենք պետք է լինենք նաեւ ժամանակակից հիմնադրամ: Եվ, իհարկե, պատերազմի եւ համավարակի հետեւանքները մեզ կանգնեցրել են շատ լուրջ մարտահրավերների առջեւ:
Հիմնադրամը, որպես համահայկական կառույց, պարտավորություն ունի լինել այդ խնդիրների լուծման առաջին գծում: Այդ շարքում առաջին հերթին պետք է ներառվեն աջակցությունը մեր զոհված հայրենակիցների ընտանիքներին, վիրավոր զինվորներին, ինչպես նաեւ՝ նրանց առողջական խնդիրների լուծման, իրենց բնօրրաններից տեղահանված արցախցի մեր հայրենակիցների կեցության հարցերը: Այս ամենից զատ պետք է նախաձեռնվեն եւ իրականացվեն զարգացման նախագծեր:
Այս նիստին քննարկելու ենք հարցեր, որոնք հրատապ են եւ կենսական: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք:
Միեւնույն ժամանակ կոչ եմ անում բոլորին՝ մի կողմ դնել բոլոր քաղաքական, անձնական եւ այլ հետաքրքրություններն ու հարցերը եւ նպատակ ունենալ կայացնել կշռադատված որոշումներ, որոնք նպաստելու են հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնմանը եւ այս կառույցն իսկապես դարձնելու այն լոկոմոտիվը, որն իր հետ միասին առաջ է տանելու մնացած բարեգործական հայկական կառույցներին»:
Նախագահի բացման խոսքին հաջորդել են քննարկումներն օրակարգի հարցերի շուրջ:
Քննարկված առաջին հարցի վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որից հետո ծավալվեց կառուցողական քննարկում: Այս հարցի վերաբերյալ խորհուրդն ընդունեց հայտարարության տեքստ, որը հանրայնացվել է խորհրդի նիստի ավարտից հետո:
Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, ինչպես նաեւ արցախահայության հրատապ կարիքները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք քայլեր, որոնց նպատակն է Արցախի բնակչության առկա կարիքների բավարարումը եւ տեղահանվածների սոցիալական ու բնակարանային հարցի լուծումը: Որոշում կայացվեց ծրագրերի առավել մանրամասն նկարագրությունները փոխանցել հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը եւ մոտ ապագայում հաստատել Արցախի վերաշինման ծրագրային ուղղությունները:
Նիստի ավարտին հոգաբարձուները կրկին շնորհակալություն հայտնեցին ավելի քան 750 հազար նվիրատու անձանց եւ կազմակերպություններին, որոնք շարունակական նվիրվածությամբ մասնակցում են հանգանակություններին եւ իրենց մշտական ներդրումն ունեն Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում:

17-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO