Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Ազգային երաժշտության մշակը

Հայկական ռոմանսի դասականը

«Ես Ռոմանոսին առաջին անգամ տեսել եմ 1904 թվին, գարնանը, Նոր Նախիջեւան քաղաքում: Առաջին հայացքից նա գրավեց ինձ. հրաշալի խոսակից էր՝ սրամիտ, հմայիչ իր ձայնով, իր բանաստեղծական շարժուձեւով: Հազիվ 20-21 տարին անցած լիներ: Բարձրահասակ, գեղեցիկ, ճոխ մազերով: Ամեն օր հանդիպում էինք իրար նախիջեւանցիների հռչակավոր «Ասֆալտի» վրա կամ պարտիզում: Հետը ման էր ածում մի լավ կրթված խելացի շուն…Հետագայում ես չէի կարողանում պատկերացնել Ռոմանոսին առանց իր սիրելի շանը: Մեծ հաճույք էր պատճառում նա ինձ, երբ ոգեւորված խոսում էր իր ծրագրերի մասին-ուզում էր Կովկաս գնալ, շրջել հայկական գյուղերը, հավաքել մեր ժողովրդական երգերը, ուսումնասիրել, մշակել… եւ զարկ տալ հայկական ազգային երաժշտական արվեստի ամրացմանն ու զարգացմանը, որ նոր էր սկսված հանճարեղ Կոմիտասի շնորհիվ…»:
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ականավոր կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ Ռոմանոս Մելիքյանի անունը հայ երաժշտության պատմության մեջ անխզելիորեն կապված է Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի անունների հետ: Այս երեւելիների հետ մեկտեղ նա է դրել մեր ազգային դասական երաժշտության հիմքերը՝ չխնայելով ջանք ու եռանդ՝ հանուն ազգային բարձր արվեստի: Մանավանդ վոկալ երաժշտության բնագավառում անուրանալի է նրա վաստակը: Ուստի բնավ էլ պատահական չէ, որ հայկական դասական ռոմանսն ստեղծողի պատվանունը հենց իրեն էր վերապահված:
Մեծ կոմպոզիտորը ծնվել է 1883 թ. հոկտեմբերի 1-ին, Դաղստանի Ղզլար քաղաքում: Այստեղ է ստացել իր առաջին երաժշտական տպավորությունները, որոնք ուղեկցելու էին նրան ողջ կյանքի ընթացքուն: Դրանք հայկական ժողովրդական երգերն էին, երգեր, որոնց մեծ սիրահարն ու մշտապես հնչեցնողն էր իր հայրը: Հայրենի քաղաքում էլ 1900 թ. կայանում է նրա անդրանիկ ինքնուրույն համերգը երգչախմբի հետ, որը 17-ամյա պատանին կազմել էր տեղի հայերից: Այդ ժամանակ Ռոմանոս Մելիքյանը տակավին Նոր Նախիջեւանի թեմական դպրոցի սան էր, իսկ երաժշտական կարողությունները քաջալերողը՝ այստեղ որպես ուսուցիչ աշխատող ապագա կաթողիկոս Գեւորգ Չորեքչյանը:
Թեմականն ավարտելուց հետո իր անցնելիք ճանապարհի վճիռը կայացրած Ռոմանոսն ուսումը շարունակում է Ռոստովի երաժշտական ուսումնարանում: 1905 թ. մեկնում է Մոսկվա՝ մասնագիտական ավելի լուրջ կրթություն ստանալու նպատակով: Սկզբում մասնավոր դասեր է առնում Իպոլիտով-Իվանովի մոտ, ապա ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա, ուսանում Յավորսկու դասարանում: Սա լավ առիթ էր մոտիկից շփվելու նշանավոր երաժիշտների հետ, ստանալու նրանց արժեքավոր խորհուրդները: Սակայն նյութական ծանր պայմանները եւ առողջական վատ վիճակը ստիպում են կիսատ թողնել ամեն ինչ եւ վերադառնալ Կովկաս: 1908 թ. նա արդեն Թիֆլիսում էր եւ երաժշտություն էր դասավանդում Հովնանյան դպրոցում: Զուգահեռաբար լայն գործունեություն է ծավալում հայահոծ վրաց մայրաքաղաքում: Ինչպես նրա ժամանակակից կոմպոզիտոր Միքայել Միրզայանն է վկայում. «Նա պայքարի է ելնում… Ազգային դիլետանտիզմին հակադրում է եվրոպական երաժշտական կլասիկների գեղարվեստական երկերի լավագույն նմուշները: Կազմակերպված պայքար մղելու նպատակով իր շուրջն է հավաքում, համախմբում սկսնակ երաժիշտներին, պարապմունքների միջոցով բարձրացնում նրանց մակարդակը, կազմակերպում է երաժշտագետների մի խմբակ՝ «Երաժշտական լիգա» անունով, որը պետք է զբաղվեր հայ ժողովրդական երգերի մշակմամբ, եվրոպական կուլտուրայի պատվաստմամբ եւ լայն մասսաների մեջ երաժշտական կրթության տարածման աշխատանքներով…»: Այդ գործունեության արդյունքներից մեկը եղավ երաժշտական ձեռնարկի՝ «Այբբենարանի» ստեղծումը հայկական դպրոցների համար: «Երաժշտական լիգայի» պրակտիկայի հետ էր կապված կոմպոզիտորի մի քանի երգ-ռոմանսների ստեղծումն ու հրապարակումը՝ «Աշուն», «Վարդը», «Ուռենի», այլ սիրված գործեր:
… Այդուհանդերձ, ուսման ծարավը հանգիստ չէր տալիս 27-ամյա երաժշտին: 1910-1914 թթ. Ռոմանոս Մելիքյանը շարունակում է իր երաժշտական կրթությունը Պետերբուրգի կոնսերվատորիայում: Այստեղ նա հաճախ է հանդիպում մշակույթի հայ գործիչներին, ծանոթանում Ա. Սպենդիարյանի հետ, ակտիվորեն ստեղծագործում, մշակում հին գործերը, գրում նորերը՝ «Կոտ ու կես», «Լուսնակն անուշ», «Անձրեւն եկավ», «Ինչու Բինգյոլ մտար», «Աղջկերք, պար բռնեցեք», «Արի, Մանան»: Այս շրջանի նրա ստեղծագործությունները ավելի շատ հայտնի են «Աշնան տողեր» երգաշարով, որի ռոմանսների մեծ մասը Վահան Տերյանի պոեզիայով ներշնչման արդյունք են: Ի դեպ, հայտնի են մեծ քնարերգուի եւ տաղանդավոր երգահանի մտերմիկ կապերը, որոնք շարունակվել են նաեւ նամակագրությամբ:
1915թ. կոմպոզիտորը վերադառնում է Թիֆլիս, սերտ կապեր հաստատում տեղի «Հայոց երաժշտական ընկերության» հետ, մասնակցում նրա աշխատանքներին:
Գալու էր բաղձալի ժամանակը, եւ հայրենի կառավարության հրավերով Ռոմանոս Մելիքյանը հանգրվանելու էր Երեւանում: 1921 թ. մայրաքաղաքում հիմնադրում է երաժշտական ստուդիա, որն էլ երկու տարի անց դառնում է կոնսերվատորիա: 1924 թ. մեկնում է Ստեփանակերտ, այստեղ եւս ստեղծում երաժշտական ուսումնարան, ապա Թիֆլիս՝ գլխավորելու «Հայարտան» երաժշտական սեկցիայի եւ երաժշտական ստուդիայի աշխատանքները: Վերադառնալով Երեւան՝ մասնակցում է Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին եւ նպաստը բերում մայրաքաղաքի օպերային թատրոնի հիմնադրմանը, առաջ քաշում Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը հայրենիքում կենտրոնացնելու գաղափարը, կազմակերպում երաժշտական գրականության հրատարակչություն ստեղծելու առաջին քայլերը: Համերգներ է նախաձեռնում Լենինականում, Փամբակում, Լոռիում, Զանգեզուրում, մյուս շրջաններում: Կյանքի է կոչում բազմաթիվ երգչախմբեր, ինքը ղեկավարում խառը եւ բավականին մեծ երգչախումբ. «Ես ամբողջ ժամանակ վազում եմ փորձից փորձ,- գրում է նամակներից մեկում,- այս բոլոր ձեռնարկումները նոր են, հրապուրիչ: Հոգնածություն քիչ եմ զգում… Այժմ երաժշտական-հասարակական կյանքը զարթնում է Հայաստանում…»:
1928 թ. լույս են տեսնում Ռոմանոս Մելիքյանի «Զմրուխտի երգերը», «Զառ-վառ» եւ «Աշնան տողեր» մշակված շարքերը՝ արժանանալով երաժշտական աշխարհում հայտնիների ամենաբարձր գնահատականներին: Կոմպոզիտորը շտապում էր իր ժողովրդին տալ վերուստ տրվածը. «Ժամանակը չի սպասի,- տագնապում էր,-կյանքն առաջ է թռչում հարյուր մղոնանոց քայլերով: Արվեստագետը պարտավոր է ընթանալ իր դարի հետ…»:
Վարպետի՝ Ավ. Իսահակյանի բնութագրմամբ՝ «հայ ամենալիրիկ կոմպոզիտորի» ազգանվեր գործունեթյունն ու հոգնություն չունեցող կյանքը բոլորանվեր մատուցում էր ազգային երգարվեստին: Կյանք, որ ընդհատվեց ուժերի ծաղկման շրջանում՝ 1935-ի մարտի 30-ին, 52 տարեկան հասակում:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

31-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO