Հայաստանը պետք է անցնի իր ճանապարհը
Տնտեսագիտական պատմությունն ավելի ճշգրիտ է, քան քաղաքականը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Միքայելյանի հետ
-Հարգելի՛ պարոն Միքայելյան, վերջերս հրատարակեցիք «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարություն» վերնագրով գիրքը, որը լույս տեսավ մի քանի լեզուներով։ Նախ կխնդրեի համառոտ ներկայացնել այն գաղափարը, որը դրվել է գրքի հիմքում։
-Հայաստանի տնտեսագիտական եւ տնտեսական պատմության կարեւորագույն փուլն այս վերջին երեսուն տարին է, որը բնորոշվում է որպես ճգնաժամային շրջան։ Երեսնամյա տնտեսական զարգացման պատմությունը համաշխարհային տնտեսության տեսակետից որակվում է բացառիկ, եւ Հայաստանը միակ երկիրն է, որն այդքան երկարատեւ ճգնաժամային իրավիճակ ունի։ Գիրքը շարադրելիս ուսումնասիրել եմ զարգացած պետությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի տնտեսությունները։ Նախ նշեմ, որ ճգնաժամը ոչ միայն աղետ է, այլեւ ելակետային զարգացման հիմք, որից կարելի է սկսել նոր որակի զարգացում՝ նոր բովանդակությամբ, նոր ծրագրերով։ Այս ընկալումը կօգնի Հայաստանը, որը կյանքի որակի ցուցանիշով զբաղեցնում է 85-րդ տեղը, ճգնաժամային իրավիճակից հանել եւ դարձնել առաջին տասնյակի մեջ մտնող երկիր։ Սա է ռազմավարական մեր նշակետը, որ ձգտում ենք 20-25 տարվա ընթացքում Հայաստանն այսօրվա վիճակից դարձնել առաջնակարգ, ծաղկուն երկիր։
-Իսկ որքանո՞վ է իրատեսական Ձեր նշածը։
-Ինձ դուր եկավ իրատեսական բառը, քանի որ չեմ ընդունում լավատեսական կամ վատատեսական որակումները։ Գաղափարն իրատեսական է այն առումով, որ ինքներս ենք ձգտում դա իրականացնել, այսինքն՝ կա ցանկություն ու գաղափար։ Այս առումով պետք է հաշվետու լինենք հայոց պետականությանը եւ հայ ազգին: Սա սկզբունքային շատ կարեւոր խնդիր է։ Ինչո՞ւ է հարցն այդպես դրվում։ Որովհետեւ սահմանների ներսում մեր ժառանգած պատմական ներուժն իրավունք չունենք ամբողջովին սպառել՝ հաշվի առնելով, որ այդ հարստությունը պատկանում է նաեւ գալիք սերունդներին։ Ուստի այստեղ կարեւոր խնդիր են սեփականության հասկացության իրավաբանական նկարագիրը եւ դրա պատմությունը։ Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը 9-րդ դարից սկսած՝ ֆունդամենտալ իրավագիտական օրենքներ է ստեղծել։ Իսկ եթե պատմականորեն ենք նայում, ապա, որպես տնտեսագետ, ընդգծել եմ, ձեւակերպեցի տնտեսագիտության պատմության մեջ առաջին սեփականության իրավունքը, օրենքը սահմանվել է Արտաշես Առաջինի օրոք, նա գրել է սահմանագիր քարերը, որոնք ցուցադրված են մեր պատմության թանգարանում։ Դրա իմաստը ո՞րն է։ Այդ քարի վրա գրված է՝ այս քարից այն կողմ իրավունք չունես, եւ քարից այս կողմ որեւէ մեկն իրավունք չունի։ Այսպիսով՝ ունենք իրավունք ու պարտականություն։ Այս ֆունդամենտալ սկզբունքը սեփականության նկատմամբ ազգային է՝ անկախ այն բանից, թե ինչ կուսակցություն կամ իշխող խումբ է տնօրինելու այդ սեփականությունը։ Առաջին անգամ այդ գաղափարը ես եմ տվել եւ շատ կցանկանամ իրականացնել։ Երկրորդ կարեւոր հատվածն այն է, որ եթե մենք ունենք այդ գաղափարը, համաձայն որի ազգային հարստությունը ոչ միայն ազգի ժառանգությունն է, այլեւ հաջորդ սերունդներինը, պետք է այն սահմանվի օրենսդրորեն։ Այդ նպատակով ուսումնասիրեցի այլ երկրների սահմանադրությունները, հատկապես ԱՄՆ-ինը, քանի որ այդ երկրի սահմանադրության բացառիկությունն այն է, որ այդտեղ առաջին անգամ չթույլատրվեց նշել սեփականության մասին։ Այնուամենայնիվ, այդ սահմանադրությունը մշակողները եզրակացրին, որ սեփականության մասին պետք է գրվի հետեւյալ կերպ, որ ի բնե մարդուն տրվում է ազատություն, ինքնատիպություն, ազգային պատկանելություն եւ, ամենակարեւորը, տրվում է մարդուն իր ազատության վրա ճնշում լինելու դեպքում` այն վերստեղծելու կարողություն։ Այսինքն՝ իրենց սահմանադրության հիմքում դրվում է իրավունքի ու պարտականության եւ նպատակի օրենսդրական համակարգը։ Ֆրանսիայի Սորբոնի համալսարանում ուսումնասիրել եմ՝ ինչպե՞ս են պայքարել Ֆրանսիան Երկրորդ աշխարհամարտից հետո ճգնաժամից դուրս բերելու համար։ Սակայն ամենահետաքիր Եվրոպայում Գերմանիայի օրինակն է, որը համարվում է գիտատեխնիկական նվաճումների բնօրրան, հետեւապես ամերիկացիները փորձեցին յուրացնել այդ նվաճումները, պարտադրեցին գերմանացիներին իրենց սահմանադրության մեջ գրել, որ սեփականատերը միայն իրավունք ունի եւ չունի պարտականություններ։ Սակայն հետագայում ամեն բան փոխվեց։ Սահմանադրության մեջ ներառվեց մի կետ, համաձայն որի՝ սեփականատերը պարտավոր է իր սեփականությունն օգտագործել հօգուտ հանրության բարեկեցության։ Նույն ձեւով Պեկինում ուսումնասիրեցի Չինաստանի օրենքները սեփականության վերաբերյալ։ Կոնֆերանսների ժամանակ ներկայացրի Չինաստանի կողմից Հայաստանում 65 մլն-ի ներդրումային ծրագիր։ Ինձ երկու սապատանոց ուղտի փոխարեն տվեցին չորս սապատանոց ուղտ. առաջարկեցին 130 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Պեկինի համալսարանի պրոֆեսորներից մեկի օգնությամբ գիրքս թարգմանվեց նաեւ չինարեն։ Համբուրգում բնակվող տղաս մի հոդված է ինձ ուղարկում, որում նշված է, որ Հայաստանի իշխանությունը պաշտոնական պայմանագիր է կնքել Գերմանիայի հետ սահմանադրությունը մշակելու վերաբերյալ, սակայն այդտեղ պետք է ներառված լինեն սեփականատերերի միայն իրավունքները եւ ոչ թե պարտականությունները։ Խոսքը 2015 թ. ընդունված ՀՀ Սահմանադրության մասին է։ Երբ հանդիպեցի Գերմանիայի պրոֆեսորներից մեկի հետ, ով կապ ուներ սահմանադրության մշակման հետ, հարցրի՝ ինչո՞ւ են ամերիկացիների դեմ պայքարել, որ իրենց սահմանադրության մեջ ներառված լինեն նաեւ սեփականատերերի պարտականությունները, իսկ իրենք համաձայնել են ՀՀ Սահմանադրությունը մշակել՝ չներառելով պարտականությունները։ Դա նրա մոտ սարսափ առաջացրեց։ Արդյունքում խուսափեց ինձ հետ հանդիպել. փոխարենը նամակ գրեց՝ ասելով, որ այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի համապատասխան կազմակերպությանը։
-Դուք ասացիք, որ հնարավոր է Հայաստան ներգրավել մեծ ներդրումներ։ Կմանրամասնե՞ք։
-Միջազգային ներդրումներն ու հայկական սփյուռքի կողմից կատարվող ներդրումները միմյանցից սկզբունքորեն տարբերվում են իրենց ակունքներով, հիմքերով, հոգեբանությամբ ու փիլիսոփայությամբ։ Միջազգային ներդրումների հիմքում ընկած է միայն գերշահույթը՝ առանց մտածելու մարդկային կյանքի մասին։ Սփյուռքի պարագայում այլ է։ Նախարարների խորհրդի նախագահ Մարգարյանցի ժամանակ անձամբ եղել եմ արտասահմանյան ներդրումների գծով իր փորձագետը եւ կարող եմ ասել, թե տարբերությունը որն է։ Սփյուռքի կողմից կատարվող ներդրումներն առաջին հերթին հայրենիքին օգնելու նպատակ են հետապնդում։ Սակայն կապիտալն ունի իր առանձնահատկությունը. այն իր շրջապտույտի ժամանակ պահանջում է կայուն լինելու երկու ուղղություն՝ ֆինանսական ու իրավական։ Ֆինանսականի էությունն այն է, որ կապիտալի դիմաց ակնկալվում է շահույթ։ Սակայն, ի տարբերություն արտասահմանյան ինվեստիցիաների, որոնք շահույթը հանում են երկրից, սփյուռքի ներդրումների արդյունքում առաջացած շահույթը մնում է երկրի ներսում։ Իրավականը կարեւոր է այնքանով, որ կապիտալը կարիք ունի կայուն իրավական անվտանգության՝ ներմուծման, արտահանման եւ, առհասարակ, շրջանառության ժամանակ։ Երեսուն տարում այս հարցը ոչ թե մոռացված, այլ դիտավորյալ անտեսված է, քանի որ Հայաստանի բոլոր ղեկավարներն անխտիր հետաքրքրված չեն եղել խնդրով եւ բավարար ուշադրություն ու ռեսուրս չեն կենտրոնացրել դրա լուծման համար։ Երկիրը ե՞րբ է կործանվում. այն ժամանակ, երբ ղեկավարն իր անձնական շահը գերադասում է պետական շահից։ Երեսուն տարի շարունակ գործել է այս բանաձեւը. ցավոք, դեռեւս գործում է: Սահմանադրության մեջ գրել ենք, որ սփյուռքը Հայաստան է, եւ անտեսում ենք ու շահագործում այդ նույն սփյուռքին, սակայն, իմ համոզմամբ, սփյուռքը պետք է ինստիտուցիոնալ մասնակցություն ունենա իր ներդրումային գործընթացին հետեւելու մեջ։ Եթե այդպես չէ, դա իշխանությունների մեղքն է։ Սակայն գիտնականի խնդիրը բնավ քննադատելը չէ։
Հայաստանում մենք երեք միլիոն ենք, դրսում՝ ութ միլիոն։ Մեր սահմանադրությունը պետք է այնպես կառուցված լինի, որ այդ ութ միլիոնը կարողանանք տեղավորել երեքի համար նախատեսված տարրայում, որ ոչ մի կաթիլ դրսում չմնա։ Դա տնտեսագիտորեն հնարավոր է, բայց իրավագիտորեն պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Անընդհատ ասելով, թե դա նախկիններից ստացած ժառանգություն է, ոչ մի արդյունքի չենք հասնի։ Երրորդ գաղափարն այն է, որ Հայաստանը դարեր ի վեր եղել է թատերաբեմ, քանի որ հյուսիս, հարավ, արեւելք, արեւմուտք սահմանագծում է: Դա ոչ միայն քաղաքակրթության էպիկենտրոն է, այլեւ լոգիստիկայի, որի գեներացման ժամանակ հայ ազգը եղել է արարիչ, ստեղծող ու կուտակող ազգ: Սակայն այս վերջին երեք հարյուր տարիների ընթացքում գործել ենք համաձայն մի գաղափարախոսության` պայքարել կայսրության-միապետության դեմ: Եվրոպայում նկատեցին, որ պատերազմները բարբարոսություններ են, եւ սկսեցին իրենց ազդեցությունը տարածել տնտեսական էքսպանսիայի միջոցով: Որպես տնտեսագետ` շրջանառության մեջ եմ դրել մի մոտեցում` աշխարհն ապրել է, ապրում է եւ ապրելու է տնտեսական պատերազմների ձեւաչափով, որն ուղեկցվում է եւ՛ ռազմական, եւ՛ գաղափարական, եւ՛ դիվերսիոն գործողություններով: Այս տեսանկյունից անգլոսաքսերի կամ օվկիանոսային պետությունների խնդիրն այն է, որ գտնեն նոր պաշարներ ու ռեսուրսներ: Որո՞նք են այդ պաշարները. մեծ գիտնական Մաքինդերին հանձնարարվում է ուսումնասիրել Միջին Արեւելքից մինչեւ Չինաստան ընկած տարածաշրջանը, որը կոչվում է Եվրասիական գոտի: Այնուհետեւ Ռուսական կայսրությունից բխող սպառնալիքները կանխելու նպատակով ֆոնդեր են տրամադրվում, որպեսզի երկրի թուլացման միջոցով կանխեն այդ վտանգները: Այդտեղ էին ամբողջ մոլորակի 30-35 տոկոս բնական պաշարները: Դա արվում էր, որպեսզի կանխվեր Ռուսաստանի եւ Եվրոպայի հնարավոր մերձեցումը, հետեւաբար նաեւ ուժեղացումը: Այս առումով հարկ եմ համարում նշել, որ տնտեսագիտական պատմությունն ավելի ճշգրիտ է, քան քաղաքական պատմությունը:
Բոլոր տեսակի ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա` ուսումնասիրել պատմությունը: Հայաստանը պետք է անցնի իր ինքնուրույն ճանապարհը:
Հարցազրույցը` Մարիամ ԱՎԱԳՅԱՆԻ 02-04-2021
|

փակել >>
|