Էրդողանի «խելահեղ նախագծի» հետքերով
Մոնտրեի կոնվենցիան եւ Ստամբուլի ջրանցքի նախագիծը
Դեռեւս 2011 թ. ապրիլի վերջին Ռեջեփ Թայիփ Էրդողանը (այդ շրջանում՝ Թուրքիայի վարչապետ) հայտարարեց մի «խելահեղ նախագծի» մասին, որը «Թուրքիա 2023»-ի նպատակներից մեկն է։ Խոսքը վերաբերում է Ստամբուլի ջրանցքի կառուցման նախագծին, որը պետք է կապեր Սեւ եւ Մարմարա ծովերը եւ դառնար այլընտրանք Բոսֆորի նեղուցին. այն ունենալու էր 45-50 կմ երկարություն, 145-150 մ լայնություն եւ 25 մ խորություն։ Սակայն 2011 թ. խորհրդարանական ընտրություններից հետո Ստամբուլի ջրանցքի նախագծի իրագործման մեկնարկը չտրվեց, ինչը կապված էր ինչպես ընտրական գործընթացի ավարտի, այնպես էլ՝ բնապահպանների բավականին մեծ հակազդեցության հետ։
Ի դեպ, վերջին օրերին հարցը կրկին օրակարգում է, մասնավորապես՝ Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը մարտի 29-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի (Ստամբուլի ջրանցք) կառուցման նախագիծը հաստատվել է։ Ակնկալվում է, որ նախագծի իրագործումը կավարտվի 2023 թ.՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, եւ կնվազեցնի Բոսֆորով վտանգավոր բեռ (նավթ) տեղափոխող նավերի վթարների գրանցման հավանականությունը։ «Ermenihaber»-ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլը գրում է, թե ընդդիմությունը համոզված է, որ նոր ջրանցքի կառուցումը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ կմեծացնի երկրաշարժերի ռիսկը Ստամբուլի շրջանում:
Նկատենք, որ ջրանցքի կառուցման նախագիծը միանշանակ չի ընդունվել նաեւ մի շարք երկրների կողմից։ Մտավախություն կա, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո Թուրքիան կարող է բարձրացնել Մոնտրեի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական եւ խաղաղ ժամանակ առեւտրանավերի ու ռազմանավերի անցումը սեւծովյան նեղուցներով։ Մոնտրեի կոնվենցիան միջազգային ամենաառանցքային փաստաթղթերից մեկն է, որը կանոնակարգում եւ ապահովում է սեւծովյան տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Սեւ ու Միջերկրական ծովերի միջեւ ընկած նեղուցները շոշափում են բազմաթիվ երկրների շահեր, հետեւաբար, նման ազդակների հանդեպ խիստ զգայուն են այն երկրները, որոնք այստեղ շահեր ունեն։ Միայն նշենք, որ սեւծովյան նեղուցները Սեւ ծովից դեպի համաշխարհային օվկիանոս միակ դարպասն են Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Վրաստանի համար, ինչպես նաեւ կարեւորագույն տրանսպորտային երթուղի են Ռուսաստանի ու Թուրքիայի համար:
Ստամբուլի ջրանցքի կառուցման նախագծի մասով թուրքագետ Հայկ Գաբրիելյանը կարծում է, որ այն էական օգուտներ չի տա Թուրքիային՝ առանց Մոնտրեի կոնվենցիայի դրույթների փոփոխման։ Հետեւաբար, պատահական չենք համարում, որ մարտի 25-ին, պատասխանելով «Haberturk» հեռուստաալիքի հարցերին, Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփը նշել էր, որ Էրդողանը կարող է համապատասխան հրամանագիր ընդունելով երկիրը դուրս բերել ցանկացած միջազգային պայմանագրից: Ըստ Շենթոփի՝ Անկարան կարող է դուրս գալ նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրոյի կոնվենցիայից ճիշտ այնպես, ինչպես դուրս եկավ Ստամբուլի կոնվենցիայից: «Բայց մի բան է, որ կարող ենք անել դա, մեկ այլ բան է «տրամաբանական հավանականությունը», որ իրականում կարվի»,- հավելել է թուրք պաշտոնյան:
Ժամանակ առ ժամանակ Թուրքիայի կողմից այս կամ այն կերպ Մոնտրեի կոնվենցիայի վերանայման հարցի բարձրաձայնումը, թերեւս, նպատակ ունի գնահատել առկա տրամադրությունները, որը թույլ կտա իր համար ճիշտ հետեւություններ անել։ Նման քայլ կատարելու համար միայն ցանկությունը եւ այլընտրանքային ջրանցքի կառուցումը բավարար չեն։ Միակողմանի ձեւաչափով այդպիսի փոփոխությունը սպառնում է արդեն իսկ գործող խաղի կանոններին, որոնց խախտումը լրջագույն հետեւանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ավելի մեծ մասշտաբի կայունության համար։ Մյուս կողմից՝ հարցի արծարծումը հնարավորություն է տալիս Թուրքիային ճնշում գործադրել մյուս կողմերի վրա եւ փորձել ստանալ իր համար ամենաձեռնտու լուծումը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ 03-04-2021
|

փակել >>
|