Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՇԽԱՐՀ


Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի

Եվրամիությունը մտադիր է ստեղծել միասնական բանակ

Պաշտպանական ֆոնդ ստեղծելու Բրյուսելի որոշման ֆոնին Եվրոպայում վերսկսվել են խոսակցությունները միասնական բանակի կազմավորման անհրաժեշտության մասին: Ըստ Եվրախորհրդարանի՝ մայրցամաքի բնակիչների 75 տոկոսը կողմ է, որ Եվրամիությունն ունենա ընդհանուր պաշտպանական համակարգ եւ անվտանգության քաղաքականություն: Այս մասին գրում է բրիտանական «Daily Express»-ը:
Անցյալ շաբաթ Բրյուսելը որոշում կայացրեց ստեղծել 5,05 միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական հիմնադրամ, որը կարող է ճանապարհ հարթել ԵՄ բանակի ստեղծման համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկար ժամանակ առաջարկում էր ստեղծել Եվրամիության բանակ, եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը նաեւ Եվրամիության առաջնորդն է, նույնպես հայտնել էր իր հետաքրքրվածությունը: Սակայն, որպես ֆիզիկական երեւույթ, ԵՄ բանակը դեռ գոյություն չունի:
Փոխարենը ԵՄ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային բանակը: Նույնիսկ Գերմանիան, որին թույլատրված չէ կազմավորել սեփական զինված ուժեր, ունի Բունդեսվերի բանակ, որը վերահսկվում է դաշնային կառավարության կողմից:
Եվրամիության բանակի ստեղծման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը Բելգիայի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի անդամ Գի Վերհոֆշտադտն է, ով Բրեքսիթի մասով Եվրամիության համակարգող խմբի նախագահն էր:
Վերհոֆշտադտը բազմիցս նկարագրել է դատաստանի օրվա սցենարները, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ ԵՄ-ն պետք է հավաքի զինված ուժեր, որոնք կարող են դիմակայել սպառնալիքներին եւ դառնալ պաշտպանության համաշխարհային կենտրոններից մեկը:
2018 թ. ALDE-ի («Ազատականների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի») համաժողովում Բելգիայի նախկին վարչապետը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եթե ցանկանա, կարող է իր բանակով ներխուժել Եվրոպա, եւ այդ դեպքում մայրցամաքն անպաշտպան կլինի:
Ներկայացնելով «նոր Եվրոպայի» իր տեսլականը՝ Վերհոֆշտադտն ասել է. «Իրական ինքնիշխան Եվրոպա, որը կարող է պաշտպանել իր սահմանները, ունակ է պաշտպանել իր հետաքրքրությունները. սա հաջորդ քայլն է, որ մենք պետք է անենք: Դուք գիտե՞ք թվերը: Եվրոպական բոլոր երկրների պաշտպանական ընդհանուր ծախսերը կազմում են ամերիկյան բանակի բյուջեի ընդամենը 40-45 տոկոսը: Մենք ի վիճակի ենք կատարել ամերիկյան բանակի կողմից իրականացվող օպերացիաների միայն 10-15 տոկոսը: Ես իրավաբան եմ, բայց նույնիսկ ես հասկանում եմ, որ մենք 3-4 անգամ պակաս մարտունակ ենք, քան ամերիկացիները: Ավելին՝ իրականությունն այն է, որ ռազմական կարիքների համար 3 անգամ ավելի շատ ենք ծախսում, քան Ռուսաստանի Դաշնությունը: Բայց ես վստահ չեմ, որ եթե ռուսական բանակը մոտենա մեր սահմաններին, մենք կկարողանանք պաշտպանվել առանց ամերիկացիների օգնության: Նախագահ Մակրոնն Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց. «28 բանակը փողի իզուր վատնում է եւ միեւնույն ժամանակ սպառնալիք է ներկայացնում մեր հավաքական անվտանգության համար: Սա պետք է փոխել»: Հենց այս մասին է մեր նախագիծը»:
Քանի որ Եվրամիության բանակի ստեղծման պլանները դանդաղ, բայց հաստատուն կերպով սկսում են կոնկրետ ձեւ ստանալ դաշինքում, Բունդեսթագի նախագահ, Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Վոլֆգանգ Շոյբլեին վերջերս հարցրել են, թե միմյանց հետ սերտ կապված ֆրանկո-գերմանական պաշտպանական հանրությունը կարո՞ղ է անհաջողության մատնվել այն պատճառով, որ այս երկու երկրները տարբեր պատկերացումներ ունեն բանակի խնդիրների մասին:
Հարցը հնչել է գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցի ժամանակ, եւ Շոյբլեն այսպես է պատասխանել. «Բունդեսվերը պառլամենտական բանակ չէ, այլապես ես, որպես Բունդեսթագի նախագահ, գերագույն հրամանատար կլինեի: Փառք Աստծո, ազատված եմ դրանից: Բայց Դուք ճիշտ եք՝ խոսելով խորհրդարանական ստուգումների մասին. մենք ստիպված կլինենք ավելի շատ շարժվել, քան ֆրանսիացիները: Հենց այդ պատճառով հույսեր էի կապում աախենյան համաձայնագրի հետ: Օրինակ՝ ես կարող եմ պատկերացնել մի կարգ, երբ համատեղ պալատը, որի կազմում ընդգրկված են Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Բունդեսթագի ներկայացուցիչները, կկարողանա որոշում կայացնել այս կամ այն գործողության վերաբերյալ, եթե երկու երկրների կառավարությունները դա անհրաժեշտ համարեն: Եթե մենք կարողանանք դրան հասնել, ֆրանս-գերմանական բրիգադը վերջապես կարող է արթնանալ»:
Հարցին՝ դաշինքը կոնկրետ ծրագրեր ունի՞, Շոյբլեն պատասխանել է, որ դժվար թե կոնկրետ քայլեր կատարվեն մինչ առաջիկա դաշնային ընտրություններ, որոնք կանցկացվեն սեպտեմբերին:
Ֆրանսիայի պաշտպանության նախկին նախարար Սիլվի Գուլարը, ում նույնպես հարցեր են ուղղվել եվրոպական ընդհանուր բանակի ստեղծման մասին, ենթադրում է, որ իր երկիրն իսկապես կցանկանա «գերմանացիների հետ ընդհանուր բանակ» ստեղծել: Նա ասել է. «Ֆրանսիացիների մեծ մասը ոչ մի կասկած չի ունենա, որ գերմանացիների հետ ընդհանուր բանակ ստեղծվի: Միայն անհրաժեշտ կլինի նախապես քննարկել, թե ինչ խնդիրներ է լուծելու այդ բանակը, եւ մենք ինչ ռեսուրսներ ենք պատրաստ տրամադրել դրան»:
2016 թվականից Եվրամիությունում նկատելի տեղաշարժ է նկատվում՝ ուղղված ընդհանուր պաշտպանական համակարգի ամրապնդմանը: Ըստ Եվրախորհրդարանի տվյալների՝ մայրցամաքի բնակիչների 75 տոկոսը կողմ է, որ Եվրամիության համար գործի պաշտպանական ու անվտանգության քաղաքականության ընդհանուր համակարգ: Մեծամասնությունը, այլ կերպ ասած՝ 55 տոկոսն աջակցում է ԵՄ բանակի ստեղծմանը, իսկ եվրոպացիների 68 տոկոսը կարծում է, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի պաշտպանության ոլորտում:
Այսօր Եվրամիության որոշ երկրների ներկայացուցիչներ խոսում են Ռուսաստանից պաշտպանվելու մասին, մինչդեռ այդպիսի վտանգ չկա: Ավելին՝ չի էլ լինի, որովհետեւ չկա Խորհրդային Միությունը, որը ձգտում էր որոշակի գաղափարներ տարածել իր սահմաններից դուրս՝ տարված լինելով համաշխարհային կոմունիզմի մասին մտքերով: Բայց դա չի նշանակում, որ Եվրոպան պաշտպանվելու խնդիր չունի, որովհետեւ այդ հարուստ տարածաշրջանը չի կարող թշնամիներ չունենալ: Իհարկե, պաշտպանության ուժեղացման խնդիր կա, առավել եւս, որ մայրցամաքն արդեն վաղուց ենթարկվում է միգրացիոն գրոհի, եւ ոչ մի երաշխիք չկա, որ իսլամական որոշակի կենտրոններից ղեկավարվող խմբավորումները վաղը հարձակում չեն սկսի այս կամ այն երկրի ներսում: Ֆրանսիական «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքն այսօր կարող է փրկություն դառնալ ԵՄ-ի համար, եթե նրա անդամները չսկսեն «կասկածելի որս» փնտրել «պղտոր ջրերում»: Վերջին ժամանակներս Ֆրանսիայում կատարված դեպքերը, երբ Էրդողանին հլու ուժերն այնտեղ ակտիվացան ընդդեմ քրիստոնեական քաղաքակիրթ հանրության, ապացուցում են, որ իսլամական ծայրահեղականության հետագա տարածմանը կարող է հակադրվել միայն ընդհանուր ուժը, եւ Եվրոպան պարտավոր է միավորվել իր իսկ ապագայի համար:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

03-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO