Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Անհրաժեշտ նոր լիցք «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուն

«ՀՀ»-ի հետ հարցազրույցում մասնագետը պարզաբանումներ է ներկայացնում

Եթե պատկերացնում ենք, թե ինչ նշանակություն ունի Սյունիքը Հայաստանի Հանրապետության պետականության եւ ընդհանրապես ամբողջ հայության համար, ապա կհասկանանք, թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանը մշտապես իրենց աչքը տնկած այդ տարածքին, ինչու են արցախյան երրորդ պատերազմից հետո այդքան ագրեսիվ իրենց հայտարարություններում եւ թե ինչու են այդպես ցանկանում տիրանալ Մեղրիի միջանցքին: Աշխարհաքաղաքական ներկայիս փոփոխությունների համապատկերում տարածաշրջանային յուրաքանչյուր զարգացումում Սյունիքը վճռորոշ դեր է ունենալու: Եվ Սյունիքի պահպանումից է կախված՝ կկարողանա՞նք տարածաշրջանում ձայնի իրավունք ունենալ, թե՞ ոչ: «ՀՀ»-ի հարցազրույցը տրանսպրոտային ոլորտն ուսումնասիրող՝ քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի հետ է։


-Պարոն Դավթյան, հանրության մի շերտ այդպես էլ չի ընկալում, թե ինչու թշնամի երկրների հետ ճանապարհների ապաշրջափակում ասվածն իրականում մեզ համար շրջափակում է լինելու։ Կրկին փորձենք ավելի մատչելի բացատրել պատճառները՝ քաղաքական եւ տնտեսական պրիզմաներով։
-Հանրության լայն շերտերը պարտավոր չեն գիտակցել անվտանգային ռիսկերն ու աշխարհաքաղաքական գործընթացների բոլոր նրբությունները: Պետությունն է պարտավոր հնարավորինս չեզոքացնել այդ ռիսկերը՝ ապահովելով կայուն ու անվտանգ կյանք պետության ու քաղաքացիների համար: Սա դասագրքային ճշմարտություն է: Սակայն եթե փորձենք հնարավորինս մատչելի ներկայացնել ապաշրջափակման արդյունքում ձեւավորվող ռիսկերն ու վտանգները, ապա կանգ առնեմ ընդամենը երկու առանցքային գործոնների վրա: Առաջինը՝ ներկայումս Անկարայում ու Բաքվում մշակվող ապաշրջափակման ծրագրի շրջանակներում նպատակ է դրվում ձեւավորելու տարածաշրջանային այնպիսի տրանսպորտային ճարտարապետություն, որի շահառու դառնալու համար Հայաստանը չունի որեւէ հնարավորություն: Ապաշրջափակման քաղաքականությունը չի ենթադրում հայաստանյան ենթակառուցվածքների ուղղակի ներգրավում նոր լոգիստիկ համակարգում, մեզ ընդամենը ասում են, որ կարող ենք միանալ ձեւավորվող միջանցքին: Այժմ օրակարգում գտնվող միջանցքն ունի հետեւյալ լոգիստիկան՝ Կարս-Իգդիր-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ-Բաքու: Այսպիսի աշխարհագրության պարագայում Հայաստանը դիտարկվում է ընդամենը որպես տարածք՝ թուրք-ադրբեջանական մերձեցման, նեոօսմանական նկրտումների կյանքի կոչման համար, այլ ոչ թե որպես ինքնուրույն սուբյեկտ: Սա ազգային անվտանգության, ինքնիշխանության խնդիր է: Երկրորդ՝ եթե անգամ դիտարկենք այդ միջանցքին Հայաստանի հիփոթետիկ միացումը, ապա զուտ տնտեսապես դժվար է պատկերացնել դրա նպատակահարմարությունը հայկական բեռնափոխադրողի համար: Պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ այդ միջանցքով Ռուսաստանի հետ Հայաստանի հաղորդակցության ապահովման մասին խոսույթն ակներեւ պոպուլիզմ է, քանի որ այդ երթուղին էապես երկարացնում է բեռնափոխադրումների հեռավորությունը եւ չի կարող իրական այլընտրանք ստեղծել անգամ մեծ դժվարություններով գործող Վերին Լարսի համար: Խոսեք հայկական էքսպեդիտորների հետ ու կհամոզվեք, որ որեւէ մեկը չի պլանավորում այս ուղղությամբ գործունեություն ծավալել:
-Ուրեմն՝ այսպես կոչված «ապաշրջափակման» հետեւանքով ինչ է սպասվում մեզ։
-Այս ամենի արդյունքում Հայաստանը ոչ թե ապաշրջափակվում է, այլ հայտնվում է ըստ էության երկաթուղային օղակի մեջ: Չմոռանանք, որ Կարս-Նախիջեւան երկաթուղին ի սկզբանե դիտարկվել է որպես 2017 թ. շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակություն: Այսպիսով՝ ստանում ենք հետեւյալ երթուղին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս-Իգդիր-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ-Բաքու, որում հայկական Մեղրին, ինչպես արդեն նշեցի, խաղում է ընդամենը կապող օղակի դեր՝ չապահովելով հայաստանյան տրանսպորտային ենթակառուցվածքների ինտեգրումը միջանցքին: Ինչ վերաբերում է Երասխով Նախիջեւանի երկաթուղուն միանալու հեռանկարին, ապա դա կրկին չունի որեւէ տնտեսական նպատակահարմարություն, եթե, իհարկե, հարցը չենք տեղափոխում հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական առեւտրաշրջանառության դաշտ, որն առավելապես ունենալու է էքսպանսիոնիստական բնույթ՝ ուղղված Հայաստանում Բաքվի ու Անկարայի դերակատարության ավելացմանը: Այստեղ եւս առերեսվում ենք լուրջ ռիսկերի հետ: Պատերազմն ավարտված չէ, քանի դեռ չկա խաղաղության մասին պայմանագիր, տարածաշրջանը պայթյունավտանգ փուլում է, ինչը շատ պրագմատիկորեն գնահատում են հիմնական աշխարհաքաղաքական դերակատարները՝ թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, թե ՌԴ-ն, թե Չինաստանը: Ու այս պայմաններում գնալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, առավել քան խնդրահարույց է՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից տնտեսական գործիքակազմն ագրեսիվ էքսպանսիոնիստական նպատակներով օգտագործելու ավանդույթները:
-Եթե խոսվում է ապաշրջափակումից, ապա ինչո՞ւ է օրակարգից դուրս եկել Կարս-Գյումրի եւ Իջեւան-Ղազախ երկաթուղիների բացման հարցը։
-Միանգամայն ճիշտ եք: Տարածաշրջանի հաղորդակցությունների բացման ու ապաշրջափակման քաղաքականության ներքո խոսվում է բացառապես թուրք-ադրբեջանական տրանսպորտային կապի դիվերսիֆիկացման մասին, ինչն առավել քան ցայտուն կերպով արտահայտված է Ալիեւի հռետորաբանության մեջ: Այն, որ առ այսօր օրակարգում չկա Կարս-Գյումրի ու Իջեւան-Ղազախ երկաթուղիների գործարկման հարցը, խոսում է մի բանի մասին՝ Հայաստանն այս գործընթացում այլեւս չի դիտարկվում որպես սուբյեկտ: Մինչդեռ միանգամայն պարզ է, որ Իջեւան-Ղազախ երկաթուղին կարող էր կայուն կապ ապահովել Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ՝ այլընտրանք ստեղծելով թե Վերին Լարսին, թե սեւծովյան լաստանավային փոխադրումներին: Ինչ վերաբերում է Կարս-Գյումրի երկաթուղուն, ապա Կարս-Նախիջեւանի գործարկման պարագայում դրա տարածաշրջանային նշանակությունը հասնում է զրոյի: Դրա միակ նպատակը կարող է լինել հայաստանյան շուկայի գրավումը պետական պրոտեկցիոնիստական աջակցության ներքո գործող թուրքական բիզնեսի կողմից: Դա, ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ անվտանգային ռիսկեր է գեներացնում:
-Բացի այդ՝ ի՞նչ ապաշրջափակման մասին կարող է հարց լինել, եթե Թուրքիան ու Ադրբեջանն ասում են, որ Մեղրիի միջանցքի մասով Հայաստանը մաքսային վերահսկողություն չի ունենալու։
-Այսօր օրակարգում թերեւս բացակայում է ոչ միայն մաքսային վերահսկողության, այլեւ տարանցման համար սահմանվող սակագնային քաղաքականության հարցը: Նպատակը շատ ավելի հեռահար է ու դուրս է զուտ տնտեսական նպատակադրումից: Պատահական չէ, որ այսօր Զանգեզուրի՝ ադրբեջանական տարածք լինելու մասին խոսույթի հետ մեկտեղ շրջանառության մեջ է դրվում Սյունիքը ազատ գոտի դարձնելու մասին թեզը, խոսվում է այդտեղ ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարի մասին: Գործիքակազմն առավել քան պարզ է, գրականության մեջ այն կոչվում է «աջարիզացում»՝ եզրույթ, որն ամփոփում է վրացական Աջարիայում Անկարայի տնտեսական էքսպանսիայի փորձը, որի արդյունքում այն այլևս վերածվել է թուրքական ազդեցության գոտու: Ես չեմ բացառում, որ ներկայումս կյանքի կոչվող աշխարհաքաղաքական նախագծի արդյունքում Սյունիքում կիրականացվեն հսկայական թուրքական ներդրումներ, խոր արմատներ կթողնի թուրքական կապիտալը, երկրորդ փուլով կբացվեն թուրքական դպրոցներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ ու մշակութային կենտրոններ: Նման մոդելի կյանքի կոչման արդյունքում այսօր, օրինակ, Վրաստանը ստիպված է հրաժարվել 1121 թ. Դիդգորի ճակատամարտում թուրք-սելջուկների նկատմամբ Դավիթ արքայի ջախջախիչ հաղթանակը տոնելուց:
-Անկեղծ լինենք՝ սա խորքային առումով թուրքակա՞ն ծրագիր է, թե՞ ռուս-թուրքական։
-Սա թուրքական ծրագիր է, որի իրականացման ընթացքում անհնար է հաշվի չնստել Ռուսաստանի շահի հետ: Ռուս-թուրքական հարաբերությունները շատ խորքային են ու բազմաշերտ: Երբ փորձում ենք դրանք պարզեցնել, մտնում ենք փակուղի: Անկարան ու Մոսկվան սովորել են տարանջատել իրենց հարաբերություններում առկա խնդիրներն ու դրական գործոնները: Օրինակ, եթե Մոսկվան Թուրքիայում ատոմակայան է կառուցում, դա դեռ չի նշանակում, թե նրանց միջեւ ամեն ինչ հարթ է: Քաղաքակրթորեն ու աշխարհաքաղաքականորեն Թուրքիան ու Ռուսաստանն իրարամերժ միավորներ են, ինչն ունի խոր պատմական արմատներ: Խորքային առումով ռուսական ու թուրքական շահերը չեն կարող համընկնել ոչ Արցախի, ոչ ապաշրջափակման հարցերում: Մեծ աշխարհաքաղաքականության տեսանկյունից՝ ապաշրջափակման քաղաքականությունը, Մեղրիի միջանցքի ձեւավորումը, Սյունիքի շուրջ ընթացող գործընթացները պետք է դիտարկել որպես հակաիրանական պլացդարմի ստեղծման փորձ: Ձգտելով դիրքավորվել Սյունիքում՝ Անկարան փորձելու է ընդլայնել հակաիրանական պլացդարմի սահմանները, ինչն ապահովվեց 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանին մի շարք ռազմավարական նշանակության տարածքներ հանձնելով: Ակնհայտ է, որ այս կոնֆիգուրացիայի կայացման մեջ առավել քան շահագրգռված է Իսրայելը, որի ռազմատեխնիկական ակտիվ համագործակցությունն Ադրբեջանի հետ հենց այդ մոտիվն ունի: Իրանի դիրքերի թուլացումն այս տարածաշրջանում չի կարող համապատասխանել Ռուսաստանի շահերին, որի համար Իրանն առանցքային դաշնակիցներից է: Կոնցեպտուալ առումով Ռուսաստանն ու Իրանը կառավարվում են կուռ կոնսերվատիվ ռեժիմների կողմից, որոնք կարող են համագործակցել, բայց ոչ՝ ռազմավարական հարաբերությունների մեջ մտնել Թուրքիայի հետ, որի նեոօսմանական գաղափարախոսությունն իրականում մշակվել է Արեւմուտքում ու այսօր էլ հանդես է գալիս որպես գլոբալիստական մոդելի առաջխաղացման մեխանիզմ: Կարծում եմ, այսօր գործընթացները տանում են Ռուսաստան-Իրան-Չինաստան գեոռազմավարական դաշինքի ձեւավորման, այն դառնալու է հակաթուրքական կոալիցիայի առանցքը, որին չեն հապաղի միանալ նաեւ որոշ արաբական երկրներ:
-Կա՞ ինչ-որ եղանակ, որից ելնելով կարող ենք, այնուամենայնիվ, սեփական շահը հետապնդել։
-Նախ՝ պետք է սահմանել Հայաստանի ազգային շահը: Այս առումով պետք է էապես վերանայվի 2020 թ. հաստատված ազգային անվտանգության ռազմավարությունը, որում, ի դեպ, գրեթե ոչինչ չի խոսվում ազգային անվտանգության առանցքային հենասյուներից մեկի՝ տրանսպորտային անվտանգության մասին: Կարծում եմ, սեփական շահի հետապնդման համար կարելի է առաջարկել երկու մեգանախագիծ: Նախ՝ անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքներին՝ Հայաստանը Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ կապի ապահովման կարեւոր դերակատար դարձնելու համար: Եթե ցանկանում ենք հաստատել սեփական գեոտնտեսական սուբյեկտայնությունը՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահով, ապա Հյուսիս-հարավի իրականացումը կարող է մեզ ընձեռել այդ հնարավորությունը: Հայաստանի տարանցման ներուժի օգտագործման տեսանկյունից առավել քան կարեւոր է նաեւ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձեւավորումը՝ էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքեր ապահովելով Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ: Դա հնարավորություն կստեղծի Հայաստանին ապագայում սվոփային տարբերակով էլեկտրաէներգիա արտահանել նաեւ այդ միջանցքից դուրս՝ դեպի ԵԱՏՄ մյուս անդամ-պետություններ, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի՝ էլեկտրաէներգիայի պակասորդ ունեցող մի շարք երկրներ՝ Իրաք, Սիրիա եւ այլն:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

06-04-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO