Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Վրիժառությունից մինչեւ... գորգերի գունավոր աշխարհ

Սպանելուց առաջ մտածիր, որ քեզ սպանողն էլ կարող է ծնված լինել

«Ատրճանակը ձեռքիս՝ նետվեցի: Խմբի հետնապահ Թալեաթի այրին տեսավ ինձ: Ամբողջ կատաղությամբ խոյացա եւ ձախ ձեռքով ուժգին հարվածեցի: Նա գետին ընկավ` ճիչ արձակելով: Այս ճիչի վրա Ազմին դարձավ դեպի ինձ: Այնքան մոտ էր, որ ատրճանակիս փողը ուղղելով` կրակեցի: Ճիվաղը տապալվեց: Փողը դարձրի Շաքիրին եւ կրակեցի ճակատին, բայց վրիպեցի, գնդակը մտավ ձախ այտը: Դեռ ոտքի էր, բայց արդեն Արամը (Երկանյան) հասավ եւ իր ատրճանակով գնդակ թողեց ճիշտ ճակատին ու նրան գետին փռեց: Շաքիրը տապալվեց իր ընկերոջ` Ազմիի դիակի վրա՝ արտառոց խաչ ձեւացնելով»:
Արշավիր Շիրակյան


Արշավիր Շիրակյանի եւ Արամ Երկանյանի անունները հաճախ ենք հանդիպում կողք կողքի. երկուսն էլ ծնվել են նույն` 1900 թ., Թուրքիայում, անդամագրվել դաշնակցություն կուսակցությանը, զինվորագրվել «Նեմեսիսի» վրիժառուների շարքին եւ հաճախ էլ միասին իրականացրել ծրագրված գործողությունները։ Ինչպես Արամը, այնպես էլ Արշավիրը դեռ պատանի հասակից է լծվել ազգային-ազատագրական պայքարի գործին ու ոգեւորվել դրանով։ Արշավիրի ողջ ընտանիքն էր դաշնակցական, եւ նրանց տանն էին գաղտնորեն հավաքվում հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներն ու քննարկում իրավիճակն ու անելիքները, իսկ Արշավիրը` հետախուզական տարերքի մեջ, հավաքի մասնակիցներին տեղեկություններ էր հայտնում թուրքերի ծրագրերի ու տեղաշարժի մասին։ Շուտով նա սկսեց զբաղվել զենք-զինամթերք հայթայթելու եւ պահեստավորելու առավել պատասխանատու գործով։
Այնուհետեւ, ինչպես Արամ Երկանյանը` 20 տարեկանում, այնպես էլ Արշավիրը` նույն տարիքում, պարպեց վրիժառուական առաջին գնդակը. նրա դեպքում այն ուղղված էր դավաճան հայի վրա, որի մասին հենց ինքն էլ պատմում է իր` «Կտակն էր նահատակներուն» վեպի «Կրակի մկրտութիւն» գլխում, որտեղ մանրամասն նկարագրում է թրքացած հայի նողկալի պահվածքն ու բացահայտում նրա ողորմելի, վախկոտ էությունը. «Վահէ Իհսահնն էր ճիւաղային հոգիով մատնիչը, որ ոչ միայն պատերազմի ընթացքին տնաքանդ սխրագործութիւններով անուանի էր, այլեւ Զինադադարի այդ օրերուն ալ կը շարունակէր իր ամօթալի գործը, քեմալականներուն գործակալը դառնալով եւ Հայ յեղափոխականներու ու մտաւորականներու անուանացանկ մը կազմած ու յանձնած էր քեմալականներուն, որպեսզի Պոլիս մտած ատեննին ձերբակալեն զանոնք…»: Թուրք իշխանությունների երես տված ստահակը, որի պահպանության համար ոստիկան էր տրամադրված, ու որը քարշ էր գալիս նրա ետեւից, հավանաբար, պատճառ էր դարձել, որ ողորմելին անձեռնմխելի զգա իրեն ու ամբարտավանությամբ ամենուրեք, սակայն ներքին ահուդողով կրկնի. «Զիս սպաննողը դեռ մօրմէն չէ ծնած», սակայն արդեն իսկ «մօրմե ծնած» ազնվական վրիժառուի հետ խոսքի բռնվելով ու նրա աջակցությունն ակնկալելով՝ չէր էլ ենթադրի, որ իրեն սպանողը կանգնած է դեմ-դիմաց ու տեղը տեղին արձանագրում է իր յուրաքանչյուր քայլը, իսկ ետեւից քարշ եկող ոստիկանը վրիժառուի առաջին իսկ կրակոցից ճողոպրելու է` ութը ոտ առած նապաստակի հանգույն, իսկ ինքը սատկելու փողոցի վրա` չեղած ուղեղը փսլինքի պես բերանից թափված, այն այրիների աչքերի առջեւ, որոնց պատվավոր ամուսինները զոհ էին դարձել ստահակի մատնությանը։
Այո, առավել վտանգավորը թրքացած մատնիչն է, քանզի առանց նրա թշնամին չէր զորի այդքան ցինիկ ու ոճրագործ լինել, այդքան լպիրշ ու դաժան, այդքան ինքնավստահ ու անպատժելիության համոզումով։ Թրքացած հայերն են լեզու դնում թշնամու բերանը ու ազգին արժանացնում արհամարհանքի, կործանում հայրենիքը, ժողովրդին մատնում սպանդի ու թշվառության, եւ հենց նրանց հետ է արդարացված վրիժառության գործողությունը, եւ նրանցից որեւէ մեկը չպետք է համարձակվի մտածել, թե իրեն սպանողը դեռ չի ծնվել, քանզի բնությունը հավասարակշռում է ամեն բան. ամեն ծնված վիժվածքի դեմ ծնվում է նրա հակոտնյան, եւ ընդամենը ժամանակի հարց է բնության սխալն ուղղելը…
Երիտթուրքերի պարագլուխ եւ հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից Սայիդ Հալիմին գուցե թվում էր, թե բախտավոր աստղի տակ է ծնվել` զբաղեցնելով մեծ վեզիրի ու «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնները, իսկ այնուհետեւ հաջողացրել արյունոտ ձեռքերով խույս տալ հայ ժողովրդի հանդեպ կատարած ոճրագործություններից` անգլիացիների քաղաքական խարդավանքներով ու հովանավորությամբ ճողոպրելով Մալթա ու աքսորվելով այնտեղ, սակայն նրա բախտի աստղը ոչ թե անգլիացիների, այլ հայ վրիժառուի ձեռքում էր, ով այն մեկընդմիշտ խավարացրեց 1921 թ. դեկտեմբերի 5-ին, երբ աքսորյալ հանցագործը հազիվ էր հասցրել ազատվել աքսորից ու հանգրվանել Հռոմում։ Տեսարանը գեղարվեստական էր, ասես` կինոյում. մեծ վեզիր կոչվածը կառքով ու թիկնապահների ուղեկցությամբ վերադառնում էր Հավերժական քաղաքում զբոսանքից, երբ նրա հոգեառ հրեշտակը ցատկում է կառքի ոտնատեղին ու ատրճանակը պարպում վախից սփրթնած թուրք մարդասպանի քունքին, որից հետո գլխարկն ու վերարկուն մեր հրեշտակը, որպես այցեքարտ, թողնում է կառքում ու արագ հեռանում։ Տիրոջից ոչ պակաս վախկոտ թիկնապահները փորձ անգամ չեն անում Արշավիրին հետապնդելու, իսկ երիտթուրք մյուս պարագլուխներ, շտապում են լքել Աշխարհի մայրաքաղաքն ու ազատել այն իրենց նողկալի ներկայությունից։
Այնուհետեւ վրիժառության աշխարհագրական վայրը փոխադրվում է Բեռլին. 1922 թ. ապրիլի 17. ոճրագործ թուրք «էլիտան» խնջույքի էր Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը. կեսգիշերից առաջ խնջույքն ավարտած համարելով` հյուրերը դուրս են գալիս փողոց, որտեղ նրանց սպասում էր խնջույքի` հայկական հրավառության քինդեր-սյուրպրիզը, ինչն անմիջապես սառեցրեց հավաքվածների քեֆ-ուրախության ժպիտները, որոնց մեջ էին Թալեաթի այրի Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին՝ կանանցով եւ երեխաներով, մի խումբ թիկնապահներ։ Արշավիրը մի կրակոցով սատկացնում է Ջեմալին, սակայն վրիպում Բեհաէդդին Շաքիրից, բայց արդեն Երկանյանի կրակոցից սատանան ավանդում է հոգին, եթե նման բան ուներ, իհարկե…
«Նեմեսիսի» կասեցումից հետո` 1923 թ. Արշավիր Շիրակյանը ընտանիքով մեկնում է ԱՄՆ, հաստատվում Նյու Յորքում եւ զբաղվում արեւելյան գորգերի առեւտրով…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

06-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO