Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որտեղով կանցնի նոր Մետաքսի ճանապարհի երթուղին

Մասնագետը մանրամասնում է իրանա-չինական փաստաթուղթը եւ դրա՝ մեզ հետ հնարավոր առնչությունը

Մարտի վերջին Իրանի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական համագործակցության մեծածավալ փաստաթուղթ ստորագրվեց։ Փաստաթուղթ, որի շուրջ երկու կողմերը երկար տարիներ էին բանակցել։ Իրանը մեր հարեւանն է, իսկ Չինաստանը մի երկիր է, որ տարիներ առաջ պատրաստակամություն հայտնեց Մետաքսի ճանապարհը պատմական ուղով, այն է՝ Հայաստանով անցկացնել։ Այս փաստաթուղթը մեզ ինչ-որ կերպ կարո՞ղ է առնչվել, եթե այո, ապա ինչպե՞ս։ Այս եւ այլ հարցերի շուրջ է «ՀՀ»-ի հարցազրույցը տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի հետ:

-5 տարի բանակցված եւ 2 տասնամյակից ավելի տեւողության ռազմավարական համագործակցության համաձայնագիրը, ի վերջո, ստորագրվեց Իրանի եւ Չինաստանի միջեւ։ Այն անվտանգային համակարգից մինչեւ գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտներն է ընդգրկում։ Միլիարդավոր դոլարների ծրագիր է՝ հստակ գործողություններով։ Աշխարհատնտեսական առումով ի՞նչ է ենթադրում այս ծրագիրը։
-Այո, մարտի 27-ին Չինաստանը եւ Իրանն ստորագրեցին համագործակցության մի համապարփակ պայմանագիր, որը նախատեսում է հսկայածավալ՝ 450 մլրդ դոլար չինական ներդրումների իրականացում Իրանում 25 տարվա ընթացքում: Այս գործարքը մի կողմից Իրանին հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային մեկուսացումից՝ օգտագործելով իր նավթային ռեսուրսները, իսկ Չինաստանին՝ շուրջ կես տրիլիոն դոլարի ներդրումներով ուժեղացնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում՝ դառնալով տարածաշրջանում նոր խաղացող եւ միաժամանակ ստանալով նաեւ իրանական նավթի կանոնավոր մատակարարում: Այլ կերպ ասած՝ Իրանն ակնկալում է նշված պայմանագրի արդյունքում փաստացի միջազգային մեկուսացումից դուրս գալ եւ նաեւ զարգացնել իր տնտեսությունը չինական կապիտալի հաշվին, իսկ Չինաստանն Իրանի հետ համագործակցության պայմանագիրը դիտարկում է այսպես կոչված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարության կարեւոր բաղադրիչ, որը գործնականում կնպաստի «Նոր Մետաքսի ճանապարհ» մեգանախագծի իրականացմանը: Անդրադառնալով չինական ներդրումներին՝ պետք է նշել, որ վերջիններս նախատեսվում են տասնյակ, ներառյալ՝ ֆինանսաբանկային, տրանսպորտային, հեռահաղորդակցության, էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, ինչպես նաեւ բազում այլ ոլորտներում, ներառյալ նաեւ «սմարթ» քաղաքների կառուցում։ Ավելին՝ այս պայմանագրով նախատեսվում է նաեւ ռազմական համագործակցության խորացում, այդ թվում համատեղ զորավարժություններ եւ վարժանքներ, զենք արտադրելու ուղղությամբ համատեղ հետազոտություններ ու փորձարկումներ, ինչպեսեւ հետախուզական տվյալների փոխադարձ փոխանակում: Այս առումով, կարելի է վստահաբար ասել, Թեհրանի եւ Պեկինի միջեւ կնքված սույն պայմանագիրն աշխարհաքաղաքական բավական նշանակալի փաստաթուղթ է։
-Տարիներ առաջ, երբ Մետաքսի ճանապարհի գաղափարը որոշակիացվեց, Չինաստանը հստակ շեշտադրեց դրա՝ պատմական ուղով անցնելու անհրաժեշտությունը։ Այն պետք է անցներ Հայաստանով։ Բայց... թե ինչ եղավ հետո, գիտենք՝ ծրագիրը կա, Հայաստանը դուրս մնաց։ Հիմա, երբ տարածաշրջանում չինական հետաքրքրությունների շրջանակը Իրանում կանգ առավ, ի՞նչ սպասել։
-Այո, ինչպես նշեցիք, պատմական ուղին անցնում էր Հայաստանով, եւ Չինաստանի կողմից տարիներ առաջ հնչեցվել է նման տեսակետ, ըստ որի՝ նոր Մետաքսի ճանապարհն անցնելու է հենց նույն ուղով, այսինքն՝ Հայաստանի տարածքով։ Իրականում դրանից հետո տարածաշրջանում տեղ են գտել ուժերի որոշակի վերադասավորումներ, եւ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել։ Մասնավորապես, մինչ 44-օրյա պատերազմը Հայաստանն Իրանի հետ ուներ մոտ 185 կիլոմետրանոց սահման, սակայն պատերազմից հետո կորցրեցինք Արցախի Հանրապետության մի զգալի մաս՝ Իրանի հետ մոտ 135 կիլոմետրանոց սահմանի հետ միասին։ Այժմ Իրանի հետ մնացել է ընդամենը մոտ 50 կմ-անոց սահմանային գոտի, ընդ որում՝ վերջինիս մասով էլ շահարկումներ են գնում հիմա՝ կապված Մեղրիով ճանապարհային միջանցք տրամադրելու հետ։ Նման պարագայում, երբ նույնիսկ հարեւան պետությունն է մտահոգված Հայաստանի տարածքային ամբողջականության հարցով, իսկ մեր կողմից հստակ որեւէ մեսիջ չի ուղարկվում արտաքին աշխարհին, ապա նման անորոշ եւ ռիսկային իրավիճակում ինչպե՞ս կարող է խոսվել երկարատեւ ռամավարական համագործակցության մասին, որն առավել եւս առնչվում է երկու գերտերությունների կենսական շահերին։ Ըստ երեւույթին՝ մեզ պարզապես այժմ հուսալի գործընկեր չեն համարում։
-Այլ կերպ՝ մեր բոլոր հարեւանները կան միջազգային մեծածավալ ծրագրերում։ Եվ դրանք բոլորն անցան Հայաստանի կողքով։ Ինչ-որ կերպ կարո՞ղ ենք իրավիճակը, նորից հուն բերելով, շտկել։
-Սա, կարծում եմ, վերջին տարիների մեր դիվանագիտական ձախողումների մի ողջ շղթայի տրամաբանական արդյունք է։ Հայաստանն իր հարաբերությունները ոչ միայն չխորացրեց, այլեւ հասցրեց վատացնել թե Ռուսաստանի, թե Իրանի եւ թե Չինաստանի հետ։ Ուստի, սպասելի էր, որ մեգանախագծերի նախաձեռնողներն զգուշություն կցուցաբերեն մեր երկրի հանդեպ, առավել եւս՝ նման գլոբալ հարցերում։ Կարծում եմ՝ պետականամետ մոտեցման պակասն է մեզ հասցրել նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի։ Եվ հենց այստեղ էլ թաքնված է Ձեր հարցի պատասխանը՝ այո՛, կարող ենք իրավիճակը փոխել, եթե ունենանք կայուն եւ պետականամետ քաղաքականություն, վերականգնենք ջերմ, փոխշահավետ համագործակցությունը Չինաստանի ու Իրանի հետ։
-Իրանա-չինական փաստաթուղթը մեզ կարո՞ղ է առնչվել, եթե այո, ապա ի՞նչ չափով։
-Այս պահին, բնականաբար կարող ենք խոսել միայն հնարավորությունների մասին, իսկ մնացածն արդեն, կախված է մեր դիվանագիտության հաջողությունից։ Մասնավորապես Մետաքսի այս նոր ճանապարհի այլընտրանքի՝ «Հյուսիս-հարավ» միջանցքի կառուցման մտադրություն ունի նաեւ Հնդկաստանը, եւ կցանկանամ հիշեցնել, որ հետաքրքիր զուգադիպությամբ այս պայմանագրի կնքման նախօրեին Իրանում Հնդկաստանի դեսպանն ուշագրավ հայտարարություն արեց, որ իր երկիրը մտադրված է նոր միջանցք հարթել, որը հնարավորություն կտա Հնդկական օվկիանոսի ավազանը կապել Սեւ ծովի եւ Եվրոպական տարածաշրջանի հետ։ Ընդ որում՝ այս ճանապարհը Հնդկաստանը մտադրված է անցկացնել հենց Հայաստանի տարածքով։ Նշված ծրագիրը, կարծում եմ, ապագայում եւս կիրագործվի։ Սակայն վերադառնանք իրանա-չինական պայմանագրին։ Առայժմ պայմանագրում դրա վերջնական երթուղի նշված չէ, ինչը դեռեւս հնարավորություն է տալիս Հայաստանին արտաքին քաղաքականության մեջ որոշակի շտկումներից հետո այս հարցի շուրջ բանակցել երկու կողմերի հետ եւ հասնել այն բանին, որ ճանապարհի երթուղին անցնի մեր երկրի տարածքով։ Առնվազն մեկ փաստարկ բերեմ այն բանի օգտին, որ Իրանին ավելի ձեռնտու է Հայաստանի տարբերակը, քան Ադրբեջանի։ Ներկայումս, ինչպես գիտենք, Իրանը մտադրություն է հայտնել անդամակցելու ԵԱՏՄ-ին, իսկ այս պարագայում ընդհանուր սահմանը եւ ենթակառուցվածքները ԵԱՏՄ անդամ պետության հետ ի դեմս Հայաստանի, պարզապես անհրաժեշտություն են մեր հարավային հարեւանի համար։
-Քաղաքականության փոփոխությամբ տնտեսական քաղաքականության փոփոխություն էլ է լինում եւ հակառակը։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որ չի անում։ Ի վերջո, նոր աշխարհակարգի փոփոխությունն արդեն ցույց է տալիս, որ Չինաստանը բեւեռ է ձեւավորում։
-Միանշանակ տնտեսական քաղաքականությունը կախված է ընդհանուր քաղաքականությունից եւ այս ոլորտում տեղի ունեցող զարգացումներից։ Ուստի Հայաստանը, ինչպես արդեն նշեցի, պետք է արագ կերպով լուրջ շտկումներ իրականացնի իր արտաքին քաղաքականության մեջ եւ սկսի ակտիվորեն համագործակցել թե Իրանի եւ թե Չինաստանի հետ՝ չվատացնելով հարաբերություններն այլ պետությունների հետ։ Ներկայիս աշխարհը երկբեւեռ մոդելից աստիճանաբար անցում է կատարում բազմաբեւեռ մոդելին, որի բեւեռներից մեկը հենց Չինաստանը կդառնա, եւ որն էլ մեր երկրի հանդեպ միշտ հետաքրքրություններ ունեցել է՝ իրականացնելով մի շարք կարեւոր ներդրումային նախագծեր, կառուցելով չինական դպրոց։ Սա, կարծում եմ, այդ հետաքրքրության վառ ապացույց կարող է ծառայել։ Նույնը կարող ենք ասել նաեւ Իրանի մասին։ Վերջին ժամանակաշրջանում մեր կողմից թույլ են տրվել դիվանագիտական մի շարք «կիքսեր» թե Չինաստանի եւ թե Իրանի նկատմամբ, որոնք ունեցել են համարժեք ռեզոնանս մեր երկու գործընկերոջ մոտ։ Իհարկե, եթե դրանք չլինեին, եւ ճիշտ դիվանագիտություն տարվեր մեր կողմից, ապա երկու երկրից էլ ներդրումներն անհամեմատ ավելի շատ կլինեին եւ տնտեսական հարաբերությունները՝ ավելի սերտ, սակայն, կարծում եմ, դեռեւս հնարավորություններ կան՝ շտկելու իրավիճակը եւ խորացնելու համագործակցությունը թե Չինաստանի եւ թե Իրանի հետ։
Բացի այդ, կարծիքներ կան, որ նոր բեւեռներում չեն լինելու եզակի պետություններ, այլ կլինեն դրանց կոալիցիաներ, եւ ըստ այդմ քննարկվում է Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան բլոկի ձեւավորման մասին՝ ի հակադրություն ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա, Իսրայել բլոկին։ Նման զարգացումների պարագայում եւս, կարծում եմ, միանշանակ Հայաստանն ավելի շահեկան դիրքում է լինելու հարեւանների հանդեպ, եւ նոր Մետաքսի ճանապարհի երթուղին, մեր երկրից բացի ուրիշ այլընտրանք չի ունենա, եթե, իհարկե, միտումնավոր չհրաժարվենք դրանից։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-04-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO