|
Ծիրանօրհնեքի սպասելիս 
Արտահանում ենք ծիրանի պտուղն ու «Ոսկե ծիրանի» համբավը
Այս տարի հայ այգեգործների նյարդերի հետ եղանակը չափից դուրս շատ խաղաց։ Հատկապես ծիրանենու այգիներ ունեցողները սրտատրոփ սպասում էին յուրաքանչյուր հաջորդ օրվա եղանակային փորձությանը։ Ցավոք, բազմաթիվ բնակավայրերում այդպես էլ չհաջողվեց խուսափել բերքի կորստից, որոշ վայրերում նույնիսկ համատարած կորստից։ Սակայն, բարեբախտաբար, այն մարզերում, որտեղ կարկուտը «բարեհաճ» եղավ, աճել է առատ բերք, որը կբավականացնի ե՛ւ արտահանման, ե՛ւ ներքին շուկայի համար։ Ըստ արտահանող ընկերությունների տվյալների՝ արտահանման ծավալներն արդեն իսկ զգալիորեն գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները։ Այնպես որ, երկու շաբաթից մեկնարկող «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 10—րդ կինոփառատոնի հյուրերին հայկական անուշահամ ծիրանով հյուրասիրելու գեղեցիկ ավանդույթը կշարունակվի։ Եվ եւս մեկ անգամ կինոարվեստի հանրահայտ դեմքերին կզարմացնենք Ծիրանօրհնեքի արարողությամբ։ Հուսանք, որ «Ոսկե ծիրանի» աննխադեպ հագեցած մրցութային ծրագիրն էլ կտա իր առատ բերքն ու ավելի կմեծացնի հայկական կինոփառատոնի միջազգային համբավը։
20-06-2013
|