Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Երկաթե «մետաքսի ճանապարհ»

Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը վաղուց է քննարկվում՝ երբեմն աշխուժանալով, երբեմն՝ մարելով, բայց օրակարգից արդեն մեկ տասնամյակից ավելի դուրս չի գալիս։ Դրա մասին ժամանակ առ ժամանակ հայկական ու իրանական կողմերից զատ, արտահայտվում են ռուսական, վրացական, ժամանակ է եղել՝ նաեւ ուկրաինական, հետո չինական ու գերմանական կողմի ներկայացուցիչներ։ Երկաթուղու հանդեպ մեծ հետաքրքրություն է ցույց տվել չինական կողմը նույնպես։ Եվ այս ամենի գլխավոր մեխը սա է. երկաթուղին տնտեսակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞ աշխարհատնտեսական խնդիր է լուծելու եւ, բնականաբար, ո՞ր առումով է արդյունավետ եւ ո՞ր առումով՝ ոչ։
2019թ. մեր պետբյուջեի քննարկման ժամանակ ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի Իրան—Հայաստան երկաթուղին, բայցեւ նկատեց, որ հարցն, այնուամենայնիվ, օրակարգային է, այն դուրս չի եկել երկկողմ բանակցությունների օրակարգից, գտնվում է «նեղ մասնագետների դաշտում», որովհետեւ խոսքը շատ նեղ ու համապարփակ հաշվարկների մասին է, եւ պետք է ապավինենք մասնագետների փորձառությանն ու տեսակետներին։
Հետաքրքիր է, թե ինչ են ասում կողմերը եւ ինչպես են հիմնավորում իրենց կարծիքները։
Հայաստանի վարչապետի Իրան այցի նախօրեին «ՀՀ»—ն անդրադարձավ Հայաստան—Իրան բարիդրացիական հարաբերությունների կարեւորությանը եւ երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացմանը։ Այդ համապատկերում դիտարկվեց նաեւ հայ—չինական տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում, ինչը լրջագույն փոփոխությունների կարող է հանգեցնել ինչպես տարածաշրջանային քաղաքատնտեսական իրավիճակը, այնպես էլ Եվրոպա—Ասիա տարանցիկ բազմոլորտ քաղաքականության ուղղությունը։ Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը կարող է նոր նպաստավոր պայմաններ ստեղծել ոչ միայն Չինաստանի համար, այլեւ կարող է զարգացնել արդեն առկա հայ—եվրոպական եւ հայ—ռուսական հարաբերությունները Կովկաս—Մերձավորարեւելյան տարածաշրջանում։ Այսինքն՝ մեր երկիրը իրապես կդառնա միջնորդ պետություն ԵՄ—ԵԱՏՄ փոխհարաբերությունների համակարգում, միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը համաշխարհային նշանակության այս կառույցներում։ Սա ոչ միայն ֆինանսատնտեսական քաղաքականության առումով է շահավետ Հայաստանի համար, այլեւ՝ ռազմաքաղաքական։
Վերոնշյալի պարագայում Ադրբեջան—Վրաստան—Թուրքիա տարածաշրջանային տարանցիկ եռյակին կարող է փոխարինել Իրան—Հայաստան—Վրաստան եռյակը, հատկապես որ այդպես է ցանկանում Չինաստանը՝ իր ազդեցիկ «Մետաքսի ճանապարհի» (Չինաստան—Եվրոպա) վերագործարկման ժամանակ։ Ադրբեջանն ու Թուրքիան ներգրավված չեն «Մետաքսի ճանապարհի» ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ուղիներում։ Առաջինն անցնում է Իրան—Հայաստան—Վրաստան Սեւ ծովով դեպի Եվրոպա, իսկ երկրորդը Իրանից անցնում է Իրաք—Սիրիա—Լիբանան եւ Միջերկրական ծովով գնում է դեպի Եվրոպա։
Եվրոպան եւս դեմ չէ Հայաստանի տարանցիկ երկիր դառնալու գաղափարին, Վրաստանը՝ նույնպես, ինչը նշանակում է՝ տարածաշրջանային նոր եռյակի ի հայտ գալը ուղղակի ժամանակի հարց է, ինչը պարզապես պետք է արագացնել։ Այս նոր եռյակը կարող է փախարինել ինչպես Թուրքիայով դեպի Եվրոպա գնացող հորիզոնական ուղին, այնպես էլ Ադրբեջանով դեպի Ռուսաստան գնացող ուղղահայաց Իրան—Ադրբեջան—Ռուսաստան ուղին։
Կարծում ենք, առաջիկա մեր արտաքին քաղաքականության ամբողջ հզորությունը պետք է ուղղվի այս հարցերում մեր փոխլրացնող քաղաքականության անխափան կիրառմանը։ Այսպես ոչ միայն Հայաստանում կզարգանան տեղական տնտեսավարողների գործելու հնարավորությունները, այլեւ շահավետ ներդրումների առիթ կտա ինչպես սփյուռքահայությանը, այնպես էլ արեւմտյան ու ռուսական, իրանական ու չինական տնտեսավարողներին։
Ահա այս համապատկերում էլ հարկ է խոսել Իրան—Հայաստան երկաթուղու կարեւորության մասին։ Այն կարող է նախերգանքը դառնալ Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի երկրների հետ մեր շփումների առումով եւ դառնալ «երկաթե մետաքսի ճանապարհ»։
Սրա համար պետք է, որ Իրան—Հայաստան երկաթուղու հարցը գործնական փուլ մտնի, մինչդեռ այն պարբերաբար սառչում է։ Գուցե հարկ կա հայ—իրանական օրակարգում փոփոխություննե՞ր անել։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը դիտարկում է, որ հայ—իրանական օրակարգում բովանդակային լուրջ փոփոխությունների խնդիր չունենք, պետք է ուղղակի իրացնել օրակարգը, որը բավական հարուստ է եւ մեծ ներուժ ունի։ Ըստ նրա, որոշ նրբություններ կան՝ հաշվի առնելով նոր իրավիճակը, որը ստեղծվել է ամերիկյան պատժամիջոցների համապատկերում, բայց պետք է կենտրոնանալ Հայաստանի ու Իրանի համար կենսական նշանակություն ունեցող մի քանի մեծ ծրագրերի վրա՝ չմոռանալով մյուս բոլոր ոլորտները։ Ամենակարեւոր ծրագիրը Հայաստանը Պարսից ծոց—Սեւ ծով տարանցիկ միջանցքի մաս դարձնելու ծրագիրն է, որն ունի բազմաթիվ բաղադրիչներ, բայց դրանցից ընթացիկը «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությունն է։ Եվ այս մեծ ծրագրի մյուս բաղադրիչը Հայաստան—Իրան երկաթուղին է, որը պահանջում է մեծ ֆինանսավորում, սակայն պետք է միշտ մնա թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի օրակարգում, քանի որ այն քաղաքական կարեւոր դերակատարություն ունի։
Սրանից 10—11 տարի առաջ, երբ սկսվեց Իրան—Հայաստան երկաթուղու աշխույժ քննարկումը, նույնիսկ իրանական կողմի հետ հուշագիր ստորագրվեց, ադրբեջանական մամուլը սկսեց թմբկահարել ծրագրի անարդյունավետությունը՝ դրան բացառապես քաղաքական գործոն վերագրելով։ Հասկանալի պատճառներով չէր խոսում Կարս—Ախալքալաք երկաթուղուց, որ բացառապես քաղաքական էր եւ նպատակ ուներ տարածաշրջանում մեկուսացնելու Հայաստանին։ Մեր երկրի քաղաքական ուժերից մեկի տնտեսագետն էլ համաձայն էր ադրբեջանական դիրքորոշմանը՝ երկաթուղուն տնտեսական զրոյական էֆեկտ վերագրելով։ Նշել էր նաեւ, թե կարիք չկա այն կառուցելու, քանզի չափազանց բարդ է երկաթգծի հայաստանյան հատվածի տեղանքը։ Ես, իհարկե, պատասխանել էի, որ եթե մենք նայենք «հայաստանյան հատվածի տեղանքի» բարդություններին, ապա շատ ծրագրեր չենք իրագործի, եւ Իրան—Հայաստան գազատարն էլ չպետք է կառուցեինք, քանզի խողովակաշարը բավականին բարդ տեղանքներով էր անցնում։
Իսկ այդ ժամանակ Թեհրանում նախարարական մակարդակով ստորագրվում էր Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման փոխըմբռնման հուշագիր։
Ըստ այդ ժամանակվա նախնական գնահատականների, երկաթուղին ունենալու էր 470 կմ երկարություն, շինարարությունն արժենալու էր ավելի քան 1 մլրդ դոլար։ Ֆինանսական միջոցները հայթայթելու համար բանակցություններ էին վարվում Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի հետ։ Որոշ ժամանակ անց (կարծեմ՝ մեկ ամիս հետո) ՀՀ տրանսպորտի նախարարը հայտնել էր, որ մեր երկիրը Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստան—Իրան երկաթուղին կառուցելու համար 400 մլն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ։
Հայկական ու իրանական կողմերն այդ ընթացքում տեղեկացրին, որ հուշագրում որոշ կիրառական դրույթներ էլ են ներառվել։ Ստեղծվել էր աշխատանքային խումբ, որին հանձնարարված էր կատարել նախապատրաստական աշխատանքների ուսումնասիրություն։ Տեխնիկական—տնտեսական հիմնավորումը տեւելու էր 3 ամիս։ Ի դեպ, ճապոնական «Պադեկա» ընկերությունն էլ սկսել էր երկաթուղու ճանապարհի կառուցման նախագծանախահաշվարկային աշխատանքը։ Եվ այս մասին անգամ հայտարարություն եղավ։ Իրան—Հայաստան երկաթուղային ճանապարհը դեռեւս վերջնականապես հստակեցված չէր (հիմա էլ,—Ա.Մ.), եւ ճանապարհի կառուցման երեք տարբերակ կար եւ կա։ Առաջինը՝ Երասխ կայարանից դեպի Ջերմուկ, այնուհետեւ Մեղրի, երկրորդը՝ Գագարին կայարանից դեպի Գավառ, այնուհետեւ Ջերմուկ, երրորդը Սոթքից Ջերմուկ։ Հայաստանի համար ընդունելի էր այս ուղին՝ սկսվում է սահմանից դեպի Ջերմուկ, այնտեղից Սելիմի լեռնանցքով Մարտունի՝ մինչեւ Գագարին կայարան, իսկ այնտեղից էլ Ջավախք։
Այդ տարիներին Ուկրաինայի տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Իգոր Ուրբանսկին հայտարարել էր, որ Կիեւը շահագրգռված է Իրան—Հայաստան երկաթուղու կառուցման գործում։ Վրաստանի դաշնակից երկրի ներկայացուցիչը դա արել էր չնայած այն հանգամանքին, որ մամուլը չէր թաքցնում, որ այդ երկաթգծի շնորհիվ նաեւ կմեղմանա Երեւանի կախվածությունը վրացական փոխադրումներից։
Իրանական կողմն էլ չէր թաքցրել իր հստակ տեսակետը՝ Իրանի ճանապարհների ու հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանի միջոցով։ Իրանական կողմի տեսակետը մեզ համար առանձնահատուկ կարեւոր էր, քանզի այդ ժամանակ խոսվում էր Ղազվին—Ռեշտ—Աստարա երկաթուղու մասին, ըստ այդմ, արդյոք դրա կառուցումը չի՞ մրցակցի Իրան–Հայաստան երկաթուղու հետ։ Ի պատասխան Հ. Բեհբահանը համառոտել էր՝ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա այլընտրանքային ուղիներ։ Իրանն ունի 11 ուղիներ դեպի Կասպից ծով եւ Պարսից ծոց։ Իրանը Ղազվին—Ռեշտ—Աստարան չի դիտարկում որպես մրցակցող Իրան—Հայաստանին։
Անմիջապես Ադրբեջանը նետեց Իրան—Հայաստան երկաթուղու նախագծի մասով «Հայաստանի երկաթուղիների» կառավարչի՝ ռուսական կողմի անհամաձայնության տարբերակը։ Չգիտես ինչու «մոռացել» էին, որ ռուսական կողմը հետաքրքրություն էր ցուցաբերել հարցի հանդեպ, եւ «ՌԵՈՒ» նախագահ Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են երկաթուղային մասով մասնակցել բանակցություններին։
Հետաքրքրություն ցուցաբերած մի կողմ էլ կար՝ գերմանականը։ ՀՀ—ում ԳԴՀ դեսպանը՝ Հանս—Յոխեն Շմիդթը, այդ ժամանակ նոր էր նշանակվել (2009թթ.) եւ ՀՀ տրանսպորտի նախարարի նետ հանդիպմանը նշել էր, որ Գերմանիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի, եւ չէր բացառել թե՛ «Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու եւ թե՛ Իրան—Հայաստան երկաթուղու կառուցմանը նաեւ գերմանական կազմակերպությունների մասնակցությունը։
Իրան—Հայաստան երկաթուղու հարցը մի պահ նույնիսկ այնքան աշխուժացավ, որ արդեն շուտով պետք է հայտարարվեր առաջին փուլի համար նախագծային աշխատանքների մրցույթ, որից հետո՝ 3—4 ամսից, շինարարական կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ։ Արձանագրվեց, որ Հյուսիս—հարավ (Իրան—Հայաստան) երկաթուղին կդառնա իրականություն։
Արձանագրվեց ու... տարիներով սառեց այդ հարցը՝ մինչեւ այն պահը, երբ Չինաստանը օրակարգ մտցրեց «Մետաքսի ճանապարհը»։
Շարունակելի
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO