Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ԼՂՀ


Աստված կերտել է, հայը լրացրել կիսատը

Կաչաղակաբերդը շատ սերունդների է պատսպարել թշնամիների հարձակումներից

Հայոց երկրի Արցախ աշխարհի Խաչենի տարածքում՝ թավ անտառներով պատված բարձունքներից վեր է քարակերտ հրաշքը՝ Կաչաղակաբերդը՝ ձգող, հմայող։ Պատարա—Քոլատակ գյուղերի մեջտեղում է 50—60 մետր բարձրություն ունեցող ուղղաձիգ ժայռեղեն կղզին՝ տեղադրված ծովի մակերեւույթից մոտ 1650 մ բարձությամբ սարի վրա։ Հնում մեր պապերը նման դիրքերը միշտ օգտագործել են պաշտպանական նպատակներով՝ անընդհատ ենթարկվելով տարբեր թշնամիների ասպատակություններին։ Կաչաղակաբերդը՝ որպես ամրոց կամ դիտակետ, ըստ պատմական տեղեկությունների, սկսել է գործել արաբական արշավանքների ժամանակ՝ Մեծառանք գավառի իշխանների կողմից։ Ամրոցի կառուցման բուն ժամանակահատվածի մասին տեղեկություններ չկան մինչ արաբական արշավանքները։ Ս. Ա. Սարգսյանը տեղեկացնում է, որ Խաչիկ վարդապետ Դադյանի կողմից մասնակի պեղումներ եւ ուսումնասիրություններ են կատարվել Խաչենագետի ափամերձ դամբարանադաշտերում, ամրոցի մոտակայքում։ Հայտնաբերված բրոնզե իրերն ու զինամթերքը, խեցեղենը հուշում են, որ Կաչաղակաբերդը դեռեւս Ք. ա. երկրորդ հազարամյակում արդեն եղել է պաշտպանական կենտրոն, հետագայում վերակառուցվել է՝ դառնալով հզոր եւ անմատչելի ամրոց արաբական, սելջուկական, թաթարական արշավանքների շրջանում։
Ամրոցի տարածքի՝ Քոլատակ, Առաջաձոր, Պատարա, Խնձիրստան եւ այլ բնակավայրերի բնակիչները բերդը կոչում են նաեւ «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։ Հավքախաղաց անունով է կոչվել նաեւ մեկ այլ հզոր ու անմատչելի ամրոց տարածաշրջանում։ Ներքին Խաչենում՝ Կարկառ—Խաչեն ռազմավարական ճանապարհին, վաղ միջնադարում Կաչաղակաբերդն առանձնանում է իր դիրքով։ Այս ամրոցներում է գտնվել տարածքի իշխանի դղյակը, որը մեծ նշանակություն է ունեցել պաշտպանության գործում։ Ամրոցը 15—րդ դարից կոչվում է Կաչաղակաբերդ։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Հայոց հերթական թշնամիները պաշարում են Կաչաղակաբերդը, սակայն չեն կարողանում հարձակումով գրավել այն։ Որոշում են սպասել մինչեւ պաշարվածները ինքնակամ կհանձնվեն։ Անցնում է մի քանի ամիս, սննդի պաշարները բերդում սպառվում են, սակայն, ի զարմանս թշնամիների, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս։ Եվ ահա, երբ արդեն հնչում է նահանջի հրամանը, թշնամու հրամանատարին զարմացնում է մի տարօրինակ երեւույթ... Այդ տեղանքում շատ են կաչաղակները, որոնց հաճախ կարելի է տեսնել բերդի մոտ թռչելիս։ Սակայն այդ օրը, վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվում է կաչաղակների եւ այլ գիշատիչ թռչունների մեծ բազմություն։ Տեսնելով դա՝ հրամանատարն ամրոց է ուղարկում մի քանի զինվորի, որոնք դժվարությամբ են ներս մտնում։ Պարզվում է թռչունները նահատակների դիակներն էին հոշոտում։ Պատսպարվելով ամրոցում եւ միաժամանակ պաշտպանելով այն՝ հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում։
Այսպիսով կաչաղակները իմաց են տալիս թշնամուն այն մասին, որ գագաթում այլեւս կենդանի պաշտպան չկա, եւ թշնամին առանց դիմադրության վերցնում է ամրոցը։ Կաչաղակների անունով էլ ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ։ 7—15—րդ դարերի ընթացքում հաճախ են տարածքի բնակիչները պատսպարվել Կաչաղակաբերդում եւ պաշտպանվել թշնամու հարձակումներից։ Ամրոցի անառիկության դժվարությունն զգացինք վերջերս։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ կայացավ արշավ դեպի Կաչաղակաբերդ։ Նույն բաժնի վարիչի տեղակալ Էդգար Էլբակյանի գլխավորությամբ 20—ից ավելի մասնակիցներ՝ Քաշաթաղի, Շուշիի, Ասկերանի շրջաններից, մայրաքաղաք Ստեփանակերտից, չնայած ճանապարհի եւ ամրոցի բարձունքը հաղթահարելու դժվարությանը, կարողացան մուտք գործել հնադարյան ամրոց։ Ուրախությամբ նշեմ՝ տոկունություն ու կամք դրսեւորեցին կանայք ու աղջիկները՝ անցնելով մոտ 25կմ ճանապարհ՝ Խնձիրստան գյուղից հասնելով ամրոց, բարձրանալով կատար, այնուհետեւ անտառով հասան Քոլատակ գետ ու գյուղ։ Ամրոցը 3 կողմից անմատչելի է՝ շնորհիվ ուղղաձիգ ժայռերի։ Հարավային կողմից է հնարավոր բարձրանալ ժայռեղեն կղզու գագաթ։ Այս մասում եւ արեւելյան կողմում հնարավոր թույլ մասերն ամրացված են պարսպապատերով։ Մուտքը միայն ժայռը մագլցելով է հնարավոր։ Ժամանակին ամրոցի ներսում եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ՝ քար նետելու համար։ Կենտրոնական մասում է 5,54—3,42մ չափերով ջրամբարը, որը հիմնականում լցվում էր ձնհալքի ժամանակ եւ անձրեւաջրով։ Ամրոցի տարածքում մեծ աղբյուր չկա։ Ամենամոտը՝ «Սխսաղանի ջուր»—ը, գտնվում է ժայռաբլուրից մոտ 1,5կմ հեռու։ Երբ բարձրանում էինք ամրոցի արեւմտյան կողմի ժայռերի տակով, մի քանի աղբյուրներ երեւացին՝ գրեթե ցամաքած։ Եթե այս տարվա շոգ ու ոչ տեղումնային եղանակին դեռ ջուր կա ժայռերի տակ, պետք է կարծել, որ մնացած եղանակներին դրանք հորդառատ կարող են լինել։ Նույն աղբյուրների ջրերը նույնպես օգտագործած կլինեն ամրոցում պատսպարվածները՝ ցած իջնելով գաղտնի ուղիներով։
Մոտ 1,5 հա տարածք զբաղեցնող ամրոցը ժամանակին ունեցել է բազում շինություններ, որոնց մի մասի հետքերը դեռ կան, որոշների տեղը փոսորակներ են։ Ըստ հետազոտողների՝ 20—ից ավելի շինություն է եղել ամրոցում, որոնց թվում է իշխանի դղյակը։ Բոլոր շինությունների պատերն ունեցել են 1 մետրից ավելի լայնություն։ Ամրոցի հարավարեւելյան կողմում է ձգվում մոտ 40մ երկարությամբ պարսպապատը՝ կառուցված տեղի քարերով ու կրաշաղախով։ Տարբեր մասերում պարիսպների լայնությունը 1,2—ից հասնում է 3, 25 մ–ի։ Դրանք կառուցվել են ժայռերի վրա եւ բավականին լավ վիճակում են այժմ։ Խաչենագետի այս հատվածում գտնվող բնակավայրերի, միջնադարյան վանական համալիրների (Գանձասար, Մեծիրանց վանք, Կոշիկ անապատ, Հավապտուկ վանք, Սուրբ Հակոբա վանք եւ այլն) բնակիչների համար Կաչաղակաբերդը եղել է կարեւոր ամրոց եւ թշնամիների ասպատակության ժամանակ պատսպարել նրանց։ Ամրոցի բարձունքից հիանում եմ Հայոց երկրի այս հատվածով՝ համատարած անտառապատ լեռներ, Խաչենագետ, հայոց բնակավայրեր։ Վերջերս հնագետ Գագիկ Սարգսյանը Կաչաղակաբերդի մոտակայքում եկեղեցու ավերակ է գտել։ Տեղեկացրեց՝ եկեղեցում չկա ոչ արձանագրություն, ոչ պարզ զարդաքանդակ։ Սա, ամենայն հավանականությամբ, 9—10–րդ դարերի կառույց է, գտնվում է ծովի մակերեւույթից 1408մ բարձրության վրա, Քոլատակից 3,1 կմ հարավ—արեւելք, Կաչաղակաբերդից ուղիղ գծով 1000մ հյուսիս—արեւելք։ Ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկ է՝ սրահի մեջ բացվող երկու խորաններով։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

13-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO