Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՇԽԱՐՀ


Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է

Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի ներքին ու արտաքին քաղաքականությունն ուղղված է նեոօսմանականության նպատակների իրականացմանը։ Ներքին քաղաքականության ոլորտում ջանք չի խնայում բիրտ ուժի միջոցով շուրջ 20 միլիոն քուրդ բնակչության հարցը լուծել՝ նրանց թուրքաբնակ շրջաններ տեղափոխելով։ Հարց, որ թուրքական բոլոր կառավարությունների օրակարգում է եղել։ Ահավասիկ, 1990 թ. միլիոնավոր քրդերի Քրդստանից հարկադրաբար տեղափոխել են Անկարա, Իզմիր եւ Ստամբուլ, որտեղ այժմ 4—5 միլիոն քուրդ է ապրում։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նեոօսմանականության համատեքստում խիստ կարեւորվում են Միջին Արեւելքը եւ, մասնավորապես, Թուրքիային սահմանակից երկրները, որոնց նկատմամբ (ինչպես, օրինակ, Սիրիայի ու Իրաքի) տարածքային հավակնություններ ունի։ Երկու դեպքում էլ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ձգտում է այդ երկրներում եւս «լուծել» քրդական հարցը, նաեւ իրականացնել իր ծավալապաշտական նկրտումները։ Դրա համար միջոցների ընտրության հարցում կանգ չի առնում ոչնչի առջեւ։ Իրանի հարցում նրա նկրտումներն ավելի մեծ են. թեեւ համագործակցում է տարբեր ձեւաչափերով եւ եղբայրական երկիր է համարում, սակայն դա չի խանգարում հեռահար նպատակների ուղղությամբ ջանքեր գործադրելուն։ Անկարան տնտեսական եւ, մասնավորապես, մշակութային որեւէ առիթ բաց չի թողնում՝ ներթափանցելու Իրանի Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջան եւ Արդաբիլ նահանգներ՝ բնակչության շրջանում համաթյուրքականություն քարոզելու նպատակով։ Այլ հարց է, թե որքանով են այդ ջանքերն արդյունավետ, թեեւ, այնուամենայնիվ, ապարդյուն չեն...
Թուրքիայի քաղաքականությունն իսլամական աշխարհում եւ, մասնավորապես, Միջին Արեւելքում եւս նեոօսմանականությունն է, ինչի նպատակն է ազդեցությունը մեծացնել, իրեն ենթարկել օսմանյան նախկին տարածքներում ձեւավորված երկրները։ Ուստի Էրդողանն օսմանյան սուլթանների օրինակով ձգտում է առաջնորդել իսլամական աշխարհը, միաժամանակ իսլամի գործոնը շահարկում է իր ծավալապաշտական եւ համաթյուրքական գաղափարների իրականացման հարցում։
Իրանի դեպքում դիվանագիտական լեզվով ու քաղաքական շահարկումներով այդ երկրի կողքին է հայտնվում, երբ վերջինիս շուրջ սեղմվում է Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ—ի տնտեսական սահմանափակումների ու քաղաքական ճնշումների օղակը։ Սակայն որդեգրած նպատակներից ելնելով՝ անվարան անարգանքի սյանն է գամում այդ երկրին։ 2015 թ. Իրան—5+1—ի բանակցություններում նկատելի էր առաջընթաց, ինչը չէր համընկնում Թուրքիայի շահերին, թեեւ արտաքուստ կարեւորում էր խնդրի հանգուցալուծումը։ Վերլուծաբանները նույն թվականի մարտի 26—ի մամուլի ասուլիսում Էրդողանի մեղադրանքները Իրանի հասցեին պայմանավորեցին հենց այդ հանգամանքով։ Նա, Իրանին մեղադրելով Միջին Արեւելքի վրա գերիշխանության հասնելու ջանքեր գործադրելու համար, նշել էր, թե դա անընդունելի է, ապա շեշտել, որ նման քայլերը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի երկրների համար անտանելի են, ինչը Թեհրանը պետք է գիտակցի։
Իսկ 2017 թ. սկզբներին Էրդողանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարության հռետորաբանությունը կրկին ընդգծված հակաիրանական բնույթ էր կրում եւ խիստ համահունչ էր Սաուդյան Արաբիայի, Պարսից ծոցի երկրների, Իսրայելի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետներին, որոնցից հովանավորում էր ակնկալում Սիրիայում «Եփրատի վահան» ծավալապաշտական ռազմական գործողությունների առնչությամբ։ Ահա թե ինչու Էրդողանը փետրվարի 13—16—ը շրջայց կատարեց Պարսից ծոցի երկրներ՝ դրանց եւ, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբերությունները սերտացնելու, Սիրիայում ու Իրաքում իր նպատակներն իրականացնելու հարցում նրանց հովանավորությունն ստանալու համար՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի որոշ երկրների՝ Իրանի հետ լարված փոխհարաբերությունները։ Եվ ահա առաջին կանգառում՝ Բահրեյնում, ելույթ ունենալով Խաղաղության համաշխարհային կազմակերպության համաժողովի ժամանակ, խոսելով Սիրիայի եւ Իրաքի հիմնախնդիրներին մասին՝ շեշտեց, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գլխավոր նպատակը 4—5 հազար քառակուսի կմ տարածքում անվտանգության գոտի ստեղծելն է, ինչն իրականացնում է «Եփրատի վահան» գործողությամբ։ Նա իր ելույթում Իրանին մեղադրեց Իրաքի եւ Սիրիայի մասնատմանը ձգտելու, ինչպեսեւ պարսկական ազգայնականության քաղաքականություն իրականացնելու համար՝ շեշտելով դրա դեմն առնելու անհրաժեշտությունը։ Էրդողանի ելույթն առավել խիստ հակաիրանական բնույթ կրեց Էր Ռիադում՝ շիականությունը տարածելու մեղադրանքով։ Իսկ փետրվարի 19—ին ԱԳ նախարար Չավուշօղլուն, ելույթ ունենալով Մյունխենյան անվտանգության համաժողովում, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների արտահայտած տեսակետներին համահունչ Իրանին մեղադրեց Իրաքն ու Սիրիան շիա դարձնելու մեջ՝ հավելելով, որ Սիրիայի սունիները դաիշականներին գերադասում են իրանական շիականությունից։ Նա Իրանին համարել է տարածաշրջանն անկայունացնող գլխավոր գործոն եւ լուրջ վտանգ (Պարսից) ծոցի երկրների համար իր որդեգրած շիական քաղաքականությամբ, ինչի դեմ պետք է պայքարել։
Իսկ այսօր, երբ Էր Ռիադի տեսակետները տարածաշրջանային հարցերում այլեւս չեն համընկնում Անկարայի տեսակետներին, եւ Իրանը կրկին հայտնվել է սահմանափակումների սեղմող օղակի մեջ, Էրդողանն իսլամի սունի եւ շիա ուղղությունները, թերեւս, համազոր է գնահատում։ Նոյեմբերի 29—ին, Անկարայում ելույթ ունենալով կրոնական հարցերի խորհրդում, մահմեդականներին միասնականության կոչ անելով, նշել է նաեւ, որ ոմանք անգամ ձգտում են շիան ու սունին  ներկայացնել որպես տարբեր կրոններ։ Այստեղ խոսքը, թերեւս, անուղղակիորեն վերաբերում է Սաուդյան Արաբիային եւ այդ երկրի պաշտոնական կրոն համարվող սունիի վահաբական աղանդին։

07-12-2019





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO