Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն

Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները հախուռն ձեւով անցան դասապրոցեսի կազմակերպման առցանց տարբերակի կամ ինչպես հաճախ է նշվում՝ «հեռավար ուսուցման»։ Ի՞նչ է հեռավար կրթությունը, որքանո՞վ է Հայաստանում իրականացվող օնլայն կրթությունը համապատասխանում հեռավար կրթության ձեւաչափին։ Այս թեմայով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։
Նրա խոսքով, այսօր մեր կրթական համակարգում իրականացվող առցանց դասերն ու դասախոսություններն ապահովում են հեռավար կրթության միայն մեկ բաղադրիչը, որը մասնագետներն անվանում են վեբինար (webinar)։ Այս մեթոդը հեռավար կրթություն ուսուցանողներն օգտագործում են ժամանակ առ ժամանակ՝ սովորողների հետ «անմիջական» շփումն ապահովելու, նրանց հարցերին պատասխանելու կամ դասընթացի ոլորտի ընդհանուր զարգացումների վերաբերյալ համաժամանակյա տեղեկություններ փոխանցելու համար. «Մեզ մոտ ուսուցիչները եւ դասախոսները իրենց դասերը կամ դասախոսություններն ուղղակի պատմում են՝ օգտագործելով այն գործիքները, որոնց տիրապետում են։ Շատ դեպքերում դրանք սոցցանցերն են, տեսակապը, որոնք մարդիկ գործածում են կենցաղում՝ արտասահմանում բնակվող իրենց հարազատների հետ շփվելու համար։ Այն, ինչ մեր ուսուցիչների ու դասախոսների մեծամասնությունն անում է, լավագույն դեպքում կարելի է ասել, որ ապահովում է աշակերտների կամ ուսանողների հետ առցանց կապը տվյալ ուսումնական հաստատությունում գործող դասացուցակին համապատասխան»։
Հեռավար կրթությունն այսօր լայնորեն տարածված է նաեւ ամբողջ աշխարհում, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում։ Որպես ուսուցման ձեւ հեռավար կրթությունն այն է, երբ ուսանողը (աշակերտը) սովորում է առանց ուսումնական հաստատություն այցելելու՝ իրեն հարմար վայրում եւ հարմար ժամանակ։ Հեռավար կրթություն ստանալիս սովորողը դասընթացների մեծ մասը կամ երբեմն նույնիսկ բոլորն անցնում է ուսումնական հաստատությունից դուրս՝ օգտագործելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցական նորագույն տեխնոլոգիաները։ Չնայած ուսուցիչներն առցանց դասերից հետո տալիս են հանձնարարություններ, սակայն կրթության կազմակերպման արդյունավետությունը չի կարող բարձր լինել։ Հեռավար կրթությունն ունի մի քանի առանձնահատկություններ, որոնք պետք է պահպանվեն, որպեսզի ապահովվի նաեւ ամենակարեւորը՝ կրթության որակը։
Կրթության փորձագետն առանձնացնում է հեռավար կրթության մի քանի բնութագրիչներ, որոնք էական են այն ճանաչելու եւ ուղիղ կապով «առցանց դասից կամ դասախոսությունից» տարբերելու համար։ Առաջին հերթին հեռավար կրթությանը հատուկ է ճկունությունը, երբ սովորողն ինքն է որոշում, թե ինչ արագությամբ անցնի տվյալ դասընթացը, երբ ավարտի այն եւ ինչ մեթոդով յուրացնի նյութը՝ ուսումնամեթոդական գրականություն կարդալով, տեսանյութեր կամ դասախոսություններն ունկնդրելով եւ այլն։ Սա նշանակում է, որ ամբողջ դասընթացը նախապես պիտի մշակված լինի, բաժանված առանձին մասերի, որոնցից յուրաքանչյուրը հաղթահարելու համար սովորողը պետք է լրացնի թեստեր, կատարի հանձնարարություններ կամ ներկայացնի ինքնուրույն աշխատանքներ։ Հեռավար կրթության բոլոր մասնակիցները պետք է տիրապետեն եւ կիրառեն տեխնիկական գործիքներ, որոնք օգտագործվում են ոչ միայն ուսումնական գործընթացը կազմակերպելու, այլեւ վերահսկողություն իրականացնելու, սովորողների ինքնուրույն աշխատանքներն ու էլեկտրոնային պորտֆոլիոները պահպանելու համար։ «Վերջինը շատ կարեւոր է կրթության արդյունավետությունը չափելու տեսանկյունից. յուրաքանչյուր սովորողի կրթության ամբողջ ընթացքը՝ հետագիծը, պետք է հասանելի լինի եւ պահպանվի հեռավար կրթության տվյալ հարթակում։ Այդպիսի հարթակ է, օրինակ, «moodle»—ը, որն, ի դեպ, անվճար հասանելի է Հայաստանում՝ հայերեն ինտերֆեյսով»,–նշեց Ա. Մխիթարյանը։
Զրուցակցիս խոսքով, թե՛ ուսուցանողները, թե՛ ուսանողներն ու աշակերտները պատրաստ չէին միանգամից անցնել կրթության անցկացման նոր ձեւաչափին։ Նրանք հետզհետե, միմյանցից որոշակի բաներ սովորելով, սկսել են առցանց տիրույթում պարբերական հանդիպումներ կազմակերպել, որպեսզի ամբողջությամբ «չօտարանան եւ դուրս չմնան» կրթական համակարգից։
Միաժամանակ, պետական լիազոր մարմնի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ կառավարության ու Հանրային հեռուստաընկերության ջանքերով կազմակերպվում են հեռուստադասեր, որոնք օգտակար են թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար։ Կրթության փորձագետի կարծիքով, այս ամենը չի կարող լիարժեքորեն փոխարինել ուսուցման գործընթացին եւ ապահովել անցումը հեռավար կրթության։ Ներկա իրավիճակում ընդհատված ուսուցման գործընթացի բացասական հետեւանքները նվազեցնելու համար մասնագետն առաջարկում է, օգտվելով ստեղծված «նպաստավոր պայմաններից», զուգահեռաբար սկսել հեռավար կրթության կազմակերպիչների պատրաստման դասընթացներ. «Կարելի է առանձնացնել մի քանի փորձառու բազային ուսումնական հաստատություն հանրակրթության, միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներից, նրանց զինել համապատասխան մարդկային ու տեխնիկական ռեսուրսներով ու սկսել հեռավար դասընթացներ՝ ուսուցիչների ու դասախոսների վերապատրաստման, ուսուցանողների ուսուցման (training of trainers) համար։ Նրանք, իրենց հերթին, վերապատրաստվելուց հետո կկարողանան ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցել գործընկերներին՝ պատշաճ մակարդակի բարձրացնելով մեր երկրում հեռավար կրթության կազմակերպման գործը։ Ի դեպ, հարկավոր է նշել, որ հեռավար կրթությունն ապահովելու է մոտ ապագայում հայկական կրթության արտահանումը. մեր բուհերն այս միջոցով կարող են ունենալ բազմաթիվ ուսանողներ մերձավոր եւ հեռավոր արտասահմանից՝ դասընթացներն անգլերենով կամ այլ օտար լեզվով կազմակերպելու պարագայում»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

02-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO