Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԱՅԼՔ...


Եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն

Սեւանա լճում հաջորդ տարի կունենանք առավել մտահոգող պատկեր

Կապտականաչավուն ջրիմուռները «պաշարել» են Սեւանը, «կապուտաչյա գեղեցկուհին» կրկին կանաչել է։ Մարտունիից Վարդենիս տանող ավտոճանապարհի ափամերձ հատվածներում ջրի մակերեսն ամբողջապես կանաչ է։ Այստեղ անգամ լողալն է վտանգավոր։
Ճահճացման պատճառների մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք։ Սեւան են թափվում ափամերձ գյուղերի կենսաբանական աղբը, կոյուղաջրերը, գյուղատնտեսական ու արտադրական թափոնները։ Սեւանի ափամերձ համայնքներում մաքրման կայաններ ընդհանրապես չկան։ Կոյուղիները երբեմն—երբեմն ենթարկվում են միայն ֆիզիկական մաքրման։ Սակայն հեռացվում են միայն թափոնները, ենթադրենք՝ շիշը, իսկ քիմիական բաղադրությունն ամբողջությամբ լցվում է լիճը։ Երբ այս խնդրով անցած տարի զրուցել էինք ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ, վերջինս նշել էր, որ լճի ջրավազանի, գետերի հուների, կոյուղիների մաքրման աշխատանքների իրականացման պատասխանատուն կառավարությունն է։ Լճի մաքրման համար աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի կազմում ներկայացուցիչներ կային Ազգային ժողովից, կառավարությունից, բնապահպանության նախարարությունից, «Սեւան» ազգային պարկից, ընդերքի տեսչությունից, Գեղարքունիքի մարզպետարանից։ Վ. Կարապետյանն ասել էր, որ Սեւանը մաքրվելու է՝ անկախ այն բանից, թե աշխատանքներն ամբողջապես ավարտելու համար որքան գումար կծախսվի։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ Սեւանի խնդրով պայմանավորված նախարարությունն այս պահին համագործակցում է տարբեր գերատեսչությունների եւ գիտական կառույցների հետ։ Դեռ 2018—ից խորքային քննարկումներ եւ ուսումնասիրություններ են իրականացվում։ Նրա խոսքով՝ մասնագետների հիմնական մտավախությունը Սեւանի ջրի մակարդակի բարձրացումն է, ինչը մեծապես պայմանավորված է կլիմայով։ Ըստ նրա՝ եղել են տարիներ, երբ առատ տեղումներից Սեւանի ջրի մակարդակը բնական ճանապարհով բարձրացել է։ Ունեցել ենք նաեւ սակավաջուր տարիներ, երբ ջերմաստիճանը բարձր է եղել, տեղումները՝ քիչ։ 2020—ը նույնպես սակավաջուր տարի է հայտարարված։
Դ. Գրիգորյանն ասաց, որ լուրջ խնդիր են նաեւ ափամերձ հատվածների ջրով ծածկված անտառածածկ տարածքները։ Տեղեկացրեց, որ այս պահին մոտավորապես 100 հեկտար տարածք է մաքրվել իրենց նախարարության կողմից։ Աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Բացի այդ, գույքագրվել եւ քարտեզագրվել են 1901,5 նիշից ցած գտնվող բոլոր շենք—շինությունները։ Համայնքապատկան շինությունները պետության հաշվին կապամոնտաժվեն, մասնավորներն ապամոնտաժումը կանեն իրենց հաշվին. «Մեր միջազգային գործընկերների, ԵՄ—ի հետ փաստաթուղթ ենք ստորագրել, ըստ որի՝ 5 միլիոն եվրո գումար է տրամադրվելու Սեւանի խնդիրների լուծման քարտեզը մշակելու եւ իրականացնելու համար։ Հիմնական ուղղություններն են՝ Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելումը, թափոններով զբաղեցված տարածքների մաքրումը եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանների աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացումը։ Սրանք այս ծրագրի շրջանակներում իրականացվելիք երեք առաջնահերթությունն են։ Մասնագետները, որ պիտի ժամանեին Հայաստան, համավարակի պատճառով, ցավոք, ուշանում են։ Երբ ավիահաղորդակցությունը վերականգնվի, Հայաստան կհրավիրենք այն մասնագետներին, որոնք փորձ ունեն նման խնդիրների լուծման գործում»։
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գեւորգյանն իր հերթին մեզ հետ զրույցում շեշտեց՝ կապտականաչավուն ջրիմուռների կամ ցիանոբակտերիաների առաջացման հիմնական պատճառը ջրում կենսանյութի պարունակության բարձրացումն է։ Սեւանի դեպքում կենսանյութի ծավալը հասել է մի կետի, որ խթան է դառնում ջրիմուռների արագ զարգացման։ «Իրավիճակը տեսանելի է հիմնականում ամռանը, քանի որ ջիրմուռների համար նպաստավոր պայման է բարձր ջերմաստիճանը։ Եթե նույնիսկ ձմռանը ջերմաստիճանը բարձրանա, մենք կտեսնենք ջրիմուռների ծաղկումը։ Բայց պետք է նշել, որ Սեւանի խնդիրը միայն ջրիմուռների ծաղկմամբ չի պայմանավորված։ Սեւանի էկոհամակարգը վատ վիճակում է ամբողջ տարին։ Լճի խնդիրները պայմանավորված են մի քանի գործոններով՝ բնակավայրային արտանետումները, տնտեսական գործունեությունից լիճ թափվող թափոնները, մեկ այլ խնդիր են ջրածածկ տարածքները։ Մեծ քանակությամբ անտառներ եւ խոտածածկ տարածքներ անցել են ջրի տակ։ Սրանք նույնպես քայքայվում են, վերածվում օրգանական նյութի, նպաստում կենսանյութի բարձրացմանը,–նշեց գիտաշխատողը՝ որպես խնդիր առանձնացնելով նաեւ էկոհամակարգի սննդային շղթայի խանգարումը, մասնավորապես՝ ձկան պաշարների նվազումը։–Ձուկը նույնպես լիճը մաքրող է։ Սեւանում ձկան քանակը քչացել է, ներքեւի օղակներում օրգանական նյութի ավելցուկ է տալիս։ Այդ օրգանիզմները մնում են ջրի մեջ ու վերածվում օրգանական նյութի։ Հիմնական եւ կենսական խնդիրներից կառանձնացնեմ բնակավայրային, կոմունալկենցաղային խնդիրը, կոյուղաջրերի հարցը։ Բայց չպետք է նաեւ անտեսել փոքր գործոնները։ Կոյուղաջրերը միշտ եղել են, սակայն հարակից փոքր գործոնները կարող են նպաստել լճի վիճակի վատթարացմանը, ինչպես եղավ 1960—ական թվականներին»։
Ինչպես արդեն նշեցինք, Սեւանի կանաչումը պայմանավորվում է ցիանոբակտերիաների արագ զարգացմամբ։ Ըստ Գ. Գեւորգյանի՝ դրանց քանակը այնքան է մեծանում, որ ջրին նայելիս անզեն աչքով տեսանելի է դառնում։ Այս բակտերիաների մեջ կան թունածին եւ ոչ թունածին տեսակներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սեւանա լճում վերջին երեք տարում դիտվում են հիմնականում թունածին տեսակներ, որոնք ընդունակ են արտադրել վտանգավոր նյութեր ոչ միայն ջրային օրգանիզմների, այլ նաեւ մարդու համար. «Սա հաստատված է ուսումնասիրություններով։ Այնտեղ, որտեղ ցիանոբակտերիաների մեծ կուտակումներ են նկատվում, լողանալ չի կարելի։ Ռիսկային է, տոքսինները կարող են անցնել մարդու օրգանիզմ, առաջացնել տարբեր տեսակի թունավորումներ։ Դրանք կարող են կուտակվել նաեւ ձկան օրգանիզմում, անցնել մարդու օրգանիզմ։ Բացասական հետեւանք են թողնում նաեւ ջրային օրգանիզմների վրա, առաջացնում են ձկների անկում, էկոհամակարգի տարբեր գործընթացների խանգարումներ»։
Այս վիճակը կարող է նպաստել ջրիմուռների գերծաղկմանը։ Եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն, մյուս տարի կունենանք ավելի վատ պատկեր։ Գ. Գեւորգյանն ասաց, որ այս պահին համատեղ աշխատանքներ են ընթանում ՀՀ ԳԱԱ եւ շրջակա միջավայրի նախարարության միջեւ։ Ծրագրում ներգրավված են Գերմանիայից միջազգային գործընկերներ։ Նպատակն է՝ ստեղծել Սեւանա լճի համար մի մոդել, որը կնպաստի լճի էկոլոգիական վիճակի լավացմանը. «Կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ հստակ դիտարկում անել։ Ծրագրի շրջանակներում կատարում ենք ամենամսյա մոնիթորինգ։ Մինչ օրս Սեւանում նման հետազոտություն չի կատարվել։ Մի քանի տարի ամեն ամիս նմուշառում է կատարվելու։ Միայն այսպիսի մոնիթորինգի արդյունքում հնարավոր կլինի հասկանալ Սեւանում տիրող գործընթացները, խնդիրները ու տալ դրանց համապատասխան լուծումներ»։
Սակայն նախքան բուն գործընթացներին սպասելը, մասնագետը գտնում է, որ պետք է հստակ միջոցառումներ ձեռնարկել, գոնե նվազեցնել այսօրվա դրությամբ ծաղկող ջրիմուռների տեսակների համար սնունդ ծառայող ֆոսֆորի ներթափանցումը լիճ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

22-07-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO