Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը

Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր երկրում սպառվող հիմնական վառելիքն է։ Առաջնային էներգիայի մոտ 60, հանածո վառելիքի սպառման մոտ 85 եւ հանածո վառելիքի այրումից առաջացող CO2 արտանետումների ավելի քան 83 տոկոսը բաժին է ընկնում բնական գազին: Հանրապետության բնակավայրերի գազաֆիկացման մակարդակը 96 տոկոս է, բնական գազը մեծ ծավալներով օգտագործվում է նաեւ ճանապարհային տրանսպորտում: Այս տվյալը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն է։
Հայտնի է, որ Հայաստանում բնական գազի փոխադրման ու բաշխման ցանցեր կան, եւ որ դրանք կառավարվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից։ Այս ընկերությունն է բնական գազի միակ մատակարարը։ Հայաստանի բնական գազի փոխադրման համակարգը միացված է ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի գազափոխադրման համակարգերին։ Բացի այդ, Հայաստանն ունի գազապահեստարան-կայան, որը բնական գազի փոխադրման համակարգի՝ երկու հարեւան երկրների հետ միացված լինելուն զուգահեռ, բավական բարձրացնում է սպառողների գազամատակարարման հուսալիությունը։ Այս ամենով հանդերձ՝ մեզ հետաքրքրում է՝ ինչպես է ՏԿԵՆ-ը պատրաստվում զարգացնել գազամատակարարման ոլորտը՝ հաշվի առնելով, որ վերջերս է ընդունվել էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական երկարաժամկետ՝ մինչեւ 2040 թ. ծրագիրը։
Ընդհանուր առմամբ՝ պետական այս գերատեսչությունը նախ խոսում է ներմուծվող գազի գնից։ Նշում է, որ բնական գազի ոլորտում ներկայումս ներմուծվող գազի գինը որոշվում է 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրով, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման գների ձեւավորման կարգի մասին համաձայնագրով: Միաժամանակ՝ 2025 թ. նախատեսվում է գործարկել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկան: Այդ նպատակով արդեն իսկ ընդունվել են գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգն ու դրա իրականացման ծրագիրը: Ընդհանուր շուկայի լիարժեք գործարկման նպատակով անդամ երկրների միջեւ կստորագրվի միջազգային պայմանագիր:
Հայաստանի գազամատակարարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը մշակվել է դեռ 2000-ականներին եւ ինչպես օրենքների, այնպես էլ ենթաօրենսդրական ակտերի մակարդակում արդիականացման կարիք ունի։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը մինչեւ 2022 թ. ավարտը ձեռնամուխ կլինի «Գազամատակարարման մասին» առանձին եւ ժամանակակից սկզբունքների վրա հիմնված նոր օրենքի մշակման աշխատանքներին, իսկ մինչեւ 2024 թ. ավարտը՝ ենթաօրենսդրական, այդ թվում կարգավորման դաշտի ամբողջական վերանայմանը (դարձյալ ըստ ՏԿԵՆ-ի)։ Իսկ գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերի զարգացման հեռանկարի եւ ներդրումային առաջնահերթությունների հստակեցման նպատակով, ինչպես էլեկտրաէներգետիկական համակարգի պարագայում, այնպես էլ գազամատակարարման համակարգի դեպքում, կմշակվեն գազափոխադրման եւ գազի բաշխման ցանցերի նվազագույն ծախսերով զարգացման տասնամյա ծրագրեր, որոնք պարբերաբար կթարմացվեն։
Մինչ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի ու տարբեր ծրագրերի մշակումը՝ խոսենք այն մասին, թե մեզ ինչքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը, ի՞նչ դրական ու բացասական հետեւանքներ կարող են լինել եւ ընդհանրապես՝ ի՞նչ սպասել։ Պարզաբանման նպատակով «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ. դոցենտ Կարեն Սարգսյանին։
Մասնագետի խոսքով՝ ինչպես արդեն հայտնի է, 2020 թ. դեկտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում որոշում են ընդունել ապահովել միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման առաջին փուլի միջոցառումների կատարման ավարտը, այդ թվում՝ ապահովել գազափոխադրման համակարգերի ազատ հզորությունների մասին տեղեկատվության հասանելիությունն ու լիարժեք ներկայացումը, մշակել եւ համաձայնեցնել անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերի հասանելիության միասնական կանոնները, հաստատել միության երկրների լիազորված մարմինների կողմից համաձայնեցված գազի բորսայական աճուրդների իրականացման կարգը։ Միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման առաջին փուլի միջոցառումների իրականացումն ավարտելուց հետո պլանավորվում է իրագործել միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման երկրորդ փուլի միջոցառումները, որոնց շրջանակներում կնախապատրաստվի ՄՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային պայմանագրի նախագիծը, որով եւ կսահմանվեն միության գազի ընդհանուր շուկայի գործունեության եւ կարգավորման սկզբունքները։ «Բնականաբար, էներգետիկ ռեսուրսները այն կարեւորագույն գործոններն են, որոնք էական ազդեցություն են գործում ցանկացած երկրի սոցիալ-տնտեսական վիճակի եւ զարգացման ներուժի վրա։ Բացի ազգաբնակչության սպառումից՝ բնական գազը նաեւ Հայաստանում թողարկվող արտադրանքի գնագոյացման կարեւորագույն գործոններից մեկն է եւ դրա գնի բարենպաստ փոփոխությունն անմիջականորեն կազդի այդ ապրանքների ինքնարժեքի եւ, հետեւաբար նաեւ, շուկայական մրցունակության վրա»,- ասաց Կարեն Սարգսյանը։
Միաժամանակ, տնտեսագետը նկատեց, որ, բնականաբար, առաջին հայացքից այս որոշումը միանշանակ դրական կարող ենք համարել, հատկապես այն առումով, որ Հայաստանը չունենալով էներգետիկ ռեսուրսների պաշարներ, դրանք հիմնականում ներմուծում է ԵԱՏՄ-ից, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանից։ «Սակայն,- հավելեց նա,- միեւնույն ժամանակ պետք է հստակ ամրագրվեն այն սկզբունքները, որոնք կձեւավորեն մրցակցային պայմաններ այդ ձեւավորվող շուկայում եւ կապահովեն գազի գնագոյացման թափանցիկությունը։ Հայաստանի դեպքում միակ խնդիրն այն է, որ չունենալով միասնական սահման ԵԱՏՄ մյուս երկրների հետ՝ գազի տարանցիկ տեղափոխումը իրականացվում է Վրաստանի տարածքով, որը չի հանդիսանում ԵԱՏՄ անդամ ու ըստ այդմ էլ գազի գնագոյացման միասնական սկզբունքը չի ապահովվի։ Այս պարագայում գնագոյացման ընդհանուր սկզբունքը որոշակիորեն փոխվում է ի վնաս մեզ»։
Բայց, ինչպես իբրեւ ամփոփում նկատեց Կարեն Սարգսյանը, եթե ապագայում մեր հարեւան Իրանը եւս անդամակցի այս միությանը կամ առնվազն գազային համաձայնագրին, ապա սա էլ ավելի դրական ազդեցություն կունենա մեր հանրապետության համար. «Քանի որ այս դեպքում միասնական սակագները մեզ համար եւս վերջին հաշվով կապահովեն գազի գնագոյացման միեւնույն մակարդակը, ինչը որ կգործի ԵԱՏՄ ողջ տարածքում»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

22-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO