Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Նախիջեւան, Արցախ…

Շարունակության փոխարեն պետք է լինի վերադա՛րձ

Տարիներ առաջ Նախիջեւանի հայաթափման քաղաքականությանն անդրադառնալիս մի նյութ էի գրել՝ վերնագրելով՝ «Թող վերքը սպի չդառնա»։ Իմաստը հիմնականում սա էր. հենց վերքը սպիանում է, սկսում ենք ոչ թե մտածել գործողության մեջ՝ ինչպես նպատակադրել վերադարձնելու հայրենիքի կորսված հատվածները, այլ սկսում ենք երազել՝ պարզապես կարոտելով մեր կորսված տարածքները՝ դրանց շատ արագ «պատմական» անունը տալով։
Վերջերս Բաքվում բացված «ավարների պուրակը» ինձ ստիպում է երկրորդել՝ «այո, թող վերքը սպի չդառնա, թող մրմռա», այլապես Արցախի կորսված 75 տոկոսն էլ պատմական կդարձնենք։ Հիմա մի փոքր հեռվից գամ՝ բացելով փակագծերը։ Ժամանակին ինձ այս պատմությունը պատմել է Երեւանում բնակվող Ցղնա (Նախիջեւանի գյուղերից) վերադարձի կազմակերպիչներից Համլետ Գրիգորյանը։
1988 թ. նոյեմբերի 23-ին հայրենի գյուղից վտարվեցին ցղնեցիները: 1989 թ. հունվարի 28-ին 46 ցղնեցի գյուղ վերադարձան: Բաքվի «Կոմունիստ» թերթում տպագրված «Մեր ճակատագիրն ու հողը ընդհանուր են» հրապարակման մեջ Ազերինֆորմի թղթակիցը նշում է. «Արդեն 35 ընտանիք վերադարձել են տուն… Կուսակցության Օրդուբադի շրջանի 1-ին քարտուղար Շ. Ալեսկերովն ասում է. «Մեր շրջանի աշխատավորները խորապես համոզված են, որ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բոլոր վիրավորանքները կմոռացվեն… Եթե ոմանք կասկածում են՝ վերադառնալ, թե ոչ, կպատախանեմ՝ իհարկե, վերադարձեք: Ձեզ այստեղ հիշում են եւ սպասում»...
Հիմա գանք կրկին 1988-ի նոյեմբեր։ 1988 թ. նոյեմբերի 23-24-ը Օրդուբադի շրջանի կուսկոմիտեի առաջին քարտուղարը եւ գլխավոր դատախազը ոստիկանների ուղեկցությամբ սկսեցին շրջել հայկական գյուղերում՝ հայերին համոզելով հեռանալ՝ պատճառաբանելով՝ իբր, իրենց երիտասարդները «շատ գազազած են», վերեւից էլ «ժողճակատն» է իշխում,- պատմել է ինձ Համլետ Գրիգորյանը,- մեզ հավատացրին՝ «Հենց դրությունը կարգավորվի, ձեզ հետ կբերենք»… Բոլոր գյուղերը, այդ թվում՝ Ցղնան, լցվեցին մեքենաներն ու… Շատերը մնացին Մեղրիում, շատերն էլ Երեւան եկան:
Ցղնեցիները, սակայն վերադառնալ ուզեցին: 71 ստորագրությամբ դիմումներ հղեցին ԽՍՀՄ Գերագույն խորհդի նախագահության նախագահ Մ. Ս. Գորբաչովին, ԽՍՀՄ գլխավոր դատախազին եւ ղեկավար այլ անձանց. «Նոյեմբերի 22-ին Օրդուբադի շրջանի ղեկավարությունն իրավապահ մարմինների հետ մեզ գյուղից դուրս հանեց… Հուսով ենք՝ կվերականգնվեն մեր սահմանադրական իրավունքները…» (ստորագրված է՝ 18 դեկտեմբեր, 1988 թ., Երեւան):
Դիմումները հասան Նախիջեւանի քաղկոմի 2-րդ քարտուղար Բոլոտինին (սա պատմելիս՝ դեռ հիշում եմ Համլետ Գրիգորյանի հայացքը` սկզբում հուսավառվածի, հետո՝ խաբվածի ամբողջ պատկերային ուժով,- Ա.Մ.). «Նա այդ ժամանակ ազգությունների խնդիրներով էր զբաղվում: Հեռախոսեցի Բոլոտինին: Սիրալիր էր, ասաց, որ իրենք ոչ միայն պատրաստ են ընդունել մեզ, այլեւ խնդրում են վերադառնալ… Դեկտեմբերի 24-ին ես, Վոլոդյա Գասպարյանը, Ցոլակ Գաբրիելյանը, Մարտին Օհանյանը, Ռոստոմ Շիկանյանը, Նավասարդ Հովհաննիսյանը հանդիպեցինք Օրդուբադի շրջկոմի քարտուղարի հետ: Նրա աշխատասենյակում մեզ էին սպասում շրջանի դատախազը, շրջխորհրդի նախագահը, ոստիկանապետը: Բոլոտինը կարգադրել էր, որ մեզ տանեն ու տեղավորեն մեր տներում… Օրդուբադի շրջկոմի 1-ին քարտուղար Մամեդովն առաջարկեց Նոր տարին հանգիստ անցկացնելուց հետո գնալ Ցղնա: Խոստացավ ապահովել մեր ճանապարհային անվտանգությունը: Եվ այսպես՝ 1989 թ. հունվարի 28-ին 46 հոգով մեկնեցինք մեր պայմանավորված խաչմերուկը՝ շրջանի ղեկավարության հետ հանդիպելու: 15 րոպե ուշացել էինք: Մամեդովը չկար: Ավելին՝ նա շրջանի դատախազին պատվիրել էր թույլ տալ հայրենի գյուղ վերադառնալ այնտեղ մշտական գրանցում ունեցողներին միայն: Ես փորձեցի բացատրել, որ նախորդ բանակցություններում նման պայմանավորվածություն չի եղել: Ապարդյուն: Գնացինք Բոլոտինի մոտ: Ներկայացրի կատարվածը: «Ի՞նչ, ի՛մ կարգադրությունը չե՞ն կատարել»,- զարմացավ…(՞): Կանչեց դատախազին, ՆԳ նախարարին եւ էլի հինգ-վեց հոգու: Մի խոսքով՝ Նախիջեւանի ԻԽՍՀ ՆԳ նախարարին ուղեկցող չորս-հինգ ղեկավարների հետ ուղեւորվեցինք Ցղնա: Մեզ մեկ ժամ ժամանակ տվեցին՝ գույքագրում անելու եւ մեր տներում ջարդած-փշրածի մասին իրենց զեկուցելու համար: Գնացել էինք մեր հողու՜մ ապրելու, ի՞նչ գույքագրման մասին էր խոսքը… Իսկ մեր տանն արդեն ադրբեջանցի Թումարի յոթ հոգանոց ընտանիքն էր: Թումարը, որն ինձ անուն-ազգանունով արդեն գիտեր, ասաց. «Եթե տունը ծախելու եք, կառնեմ»… Տունը լա՜վ թալանել էին, բայց ղեկավարներին ասացի, որ ընդամենը մի քանի ապակի են կոտրել եւ գյուղատնտեսական գործիքներ տարել: ՆԳ նախարարը գյուղի 13 ադրբեջանցի ընտանիքներին պատվիրեց 3 օրում ազատել մեր տները: Տեղավորեցինք մեր ծնողներին ու եկանք Երեւան՝ ամեն շաբաթ Ցղնա գնալու պայմանով: Մինչեւ հունիս այդպես էլ անում էինք: Բայց օդում ինչ-որ չարագուշակ բան կար. 25-30 ցղնեցիներ կամաց-կամաց հեռացան գյուղից: Հունիսի 13-ին Ցղնայում արդեն 7-ն էին մնացել՝ 6 կին եւ 1 տղամարդ՝ Հրաչիկ Հակոբյանը: 1 օր առաջ դիմակավորված մի խումբ ներխուժել էր Հրաչիկենց տուն՝ պահանջելով հեռանալ: Ու վերջին 7 հոգին էլ դուրս եկան… Հիմա անհամբեր սպասում ենք վերադարձին, թեկուզ մեկ օրով, թեկուզ որպես զբոասաշրջիկ…»:
21 տարի առաջ Համլետ Գրիգորյանի այս զրույցը լսելուց հետո միանգամից վեր թռա տեղիցս. «Ի՞նչ, որպես զբոսաշրջի՞կ։ Մեկ օրով վերադարձ չի լինում, որպես զբոսաշրջիկ չե՛ն վերադառնում։ Գնում են, այցելում են, ուղեւորվում են, բայց չեն վերադառնում։ Հայրենիքում զբոսաշրջի՞կ կլինի»։
Արցունքով լցված աչքերով ինձ նայեց։ Ոչինչ չասաց։ Ես խելագարված էի. «Էսքան անվրեժի «սովորույթը» մեր մեջ որտեղի՞ց։ Հարմարվելու՛ սովորույթը։ Թուրքին հավատալու՛ սովորույթը։ Փաստորեն, Նախիջեւանի հայաթափման պատմությունը քթներիս տակ էլի կրկնվեց»։
Համլետ Գրիգորյանը քթի տակ մրմնջաց. «Ադրբեջանի ժողճակատն ասում էր՝ ինչի մինչեւ հիմա Նախիջեւանում հայ կա՞։ Կողքի գյուղերը մեզ չհետեւեցին: Մենակ մնացինք: Մենք էլ, մարդ էինք, վախենում էինք, Սումգայիթի նախադեպը կար: Մեզ պաշտպանող չունեինք»:
Թուլացած աթոռին ընկա։ «Կներեք»,- ասացի։ «Դուք մեզ կներեք,- ցածրաձայնեց,- ավելի ճիշտ՝ չներեք, մեզնից ուժեղ եղեք»։
Ուժեղ եղանք։ Արցախյան առաջին պատերազմում մեր հողերի մի մասն ազատագրեցինք։ Այսօր…
Այսօր ես թուլացած աթոռին չեմ ընկնի, իմ երեխային կասեմ՝ մեզնից ուժեղ մի եղեք, մեզնից հզոր եղեք։ Իսկ հզոր են լինում, երբ ճանաչում են թշնամուն, երբ ճանաչում են աշխարհը՝ չարության ու անդեմության մեջ այնքան կատարյալ, որի առաջ պարտվում է սատանան նույնիսկ։
8-ամյա դուստրս, ամենօրյա լրահոսին հետեւելով, հարցնում է. «Թուրքի հետ բարեկամանու՞մ են»։ Մոտ եմ կանչում, ցույց տալիս Բաքվի այսպես կոչված՝ «պուրակի» լուսանկարները. «Չեն բարեկամանում։ Տեսնու՞մ ես հայ զինվորի մանեկենի առաջ ծիծաղող թուրք երեխային, նա արդեն ատում է քեզ։ Եթե դու նրան չատեցիր ավելի ուժեղ, այսպիսի պուրակները շատանալու են»։
Եթե ես այսօր հանկարծամահ լինեմ, կտակս բանավոր արդեն թողել եմ երեխաներիս։
-Հայրենիքը պատմական չթողնեք, չբավարարվեք պապերի ու մեր ապրածով ու ներկայիս վառած մոմերով: Կրա՛կ վառեք, դեզե կրակներ։ Չթողնեք, որ Հայի Աստծու տանն ուրիշ որեւէ մեկն ապրի։ Տանուտերը մի՛շտ դուք եղեք։ Մոմաչափ ցանկություններ չունենաք, դեզե նպատակներ ունեցեք։ Ձեր արխիվներում հայրենիքի լուսանկարներին իբրեւ պատմական չվերաբերեք, այդ տեղերում ապրելու լուսանկարներն ավելացրեք։ Մեջներդ վրե՛ժ դրեք, պայքա՛ր դրեք, ցասու՛մ դրեք, նպատա՛կ դրեք, սեփական տանը տանտեր զգալու կա՛մք դրեք, մկաններում էդ կամքի ուժը դրեք, ներսներդ հզոր հոգի դրեք։ Էնպիսի հոգի, որի կրակը լափի թշնամուն։ Հենց ձեր հոգու ուժը պակասի, կրակով վերքներդ վառեք, որ զարթնեք, չթմրեք, անուժ չմնաք։ Որովհետեւ անուժները հայրենիք չեն ունենում։ Բորբոքեք ձեր վերքերը, որ բուժեք։ Չբորբոքեք, թաքուն ու անցավ կնեխի։ Բորբոքեք, որ ճիշտ բուժումը գտնեք։ Հենց էդ բուժման ճանապարհին էլ կհասնեք ձեր նպատակին։ Հենց հասաք, վերքը սպի կդառնա։ Հա, հենց միայն էդ ժամանակ թող դառնա։ Իսկ առայժմ բորբոքենք մեր վերքերը...

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

17-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO