Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Նահատակության պսակավոր հերոսը

«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց Ղարաբաղյան շարժումը, եւ վտանգի առաջ կանգնեց ազգը, հայրենիքը, հայոց հողը, առաջիններից մեկը Թաթուլը եղավ, որ իր ընկերների, համազորակիցների հետ գնաց Գետաշեն, որը ամենավտանգավոր կետն էր մեզ համար: Գնացին եւ այնտեղ սահմանին պաշտպան կանգնեցին, հայրենյաց պաշտպան եղան, նահատակության պսակը կրեցին, բարձրագույն շքանշանը՝ պսակը հայրենիքի, ազգի, հողի, հավատքի, մերձավորների համար: Իմ բոլոր աղոթքների մեջ ամեն օր կա Թաթուլի անունը, որովհետեւ մեր ամենաառաջին նահատակներից, ամենաառաջին հերոսներից է, որ ոգեկոչել է իրենից հետո բազում հերոսների: Մեր պատմության մեջ բարձրագույն շքանշանը՝ նահատակության պսակը կրեց, եկավ լրացնելու մեծերի շարքը եւ մեծ անուն ձեռք բերելու… Ինքն այսօր ողջերի մեջ է, երկնային նահատակների, բարեխոսների շարքի մեջ է, երկնային եւ երկրային հերոս, որ ճանապարհը ցույց տվեց բոլոր ողջերիս…»:
Պարգեւ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այդպես է՝ հայրենիքի՝ երկրի ջիղ ունեցող արժանապատիվ ու ըմբոստ զավակները սերունդներ են կրթում եւ դաստիարակում հայրենապաշտության սեփական օրինակով: Ղարաբաղյան առաջին հաղթական պատերազմն ասպարեզ բերեց նրանցից շատերին՝ ապացուցելով, որ մեր ժողովրդի մեջ չի մարել անդրանիկյան եւ նժդեհյան խենթ ոգին: Որ ազգը շարունակում է առյուծասիրտ զավակներ ծնել…
Թաթուլ Կրպեյան՝ մեկը նրանցից. ծնվել է 1965 թվականին՝ ճիշտ այն տարում, երբ հայոց ազգն առաջին անգամ եղեռնածին իր ցավն ու արդարության ձայնը բարձրացրեց նախկին կայսրության կապանքներին ի տրիտուր: Ապագա հերոսի լույս աշխարհ գալն այդ թվականին Թալինի շրջանի Արեգ գյուղում, թվում է, խորհրդանշական ինչ-որ բան ուներ իր մեջ՝ ազգապաշտության ու վրիժառության ծարավ ի սկզբանե…
Տակավին մայր բուհի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ միացել էր Հայկական ազատագրական շարժմանը, իսկ 1987-89 թթ. անդամակցել Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն միտված «Միացում» կազմակերպությանը: Ուսումնառությանը զուգահեռ երգել է հանրահայտ «Մարաթուկ» համույթում, հավաքել ու մոռացությունից փրկել ժողովրդական եւ ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր, պետհամալսարանում հիմնադրել «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը: Նրա ճանապարհը, թերեւս, մշակութային բաղձալի բարձունքների միտեր, եթե չպոռթկար Արցախյան ազատագրական շարժումը, ու շրջանցվեր օրօրի մոտեցող անխուսափելի պատերազմը: 1990-ից ՀՅԴ անդամ արեգցի ուսանողն Արցախյան շարժման երիտասարդական թեւի հեղինակավոր առաջնորդներց էր, զանգվածային երթերի, հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից եւ ուսանողության շրջանում հայրենասիրական քարոզչության առաջամարտիկներից մեկը:
1990 թ. աշնանը, երբ Արցախում վիճակը շարունակում էր ծանրանալ, Թաթուլ Կրպեյանն իր իսկ ստեղծած կամավորականների զինված խմբով արդեն այնտեղ էր՝ ստանձնելով Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, ռուսական բանակի եւ ոստիկանական խմբավորումների: Հրեղեն գնդակի համբույրից չխորշող քաջասիրտ հրամանատարը, որ կազմակերպելով Գետաշենի ինքնապաշտպանությունը՝ միաժամանակ դասավանդում եւ սերունդ էր կրթում երկու դպրոցում, օրհասական այդ օրերին զինակիցներին ոգեշնչել է երդմնախորհուրդ ու ասպետավայել այս խոսքերով. «Ինչու՞ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի… Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»:
Նույն թվականի ապրիլի 30՝ դավադիր «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման օրը: Գետաշենի ֆիդայապետը գերի է վերցնում խորհրդային 17 զինվորականի, ազերի մեկ ուղեկցորդի եւ խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին: Այդ օրվա մասին է Հյուսիսային Արցախում կատարվող իրադարձությունների ականատես ու նկարահանումներով վավերագրող Վարդան Հովհաննիսյանի վկայությունը. «...Դա ոչ միայն անձնագրերի ստուգում էր, այլեւ ծեծ, գնդակահարություն: Գյուղացիները սկսեցին փախչել դեպի գյուղի կենտրոն, որովհետեւ օմոնականները բոլոր կողմերից հարձակվում էին: Գյուղի հրապարակում կուտակվեց գրեթե ողջ բնակչությունը: Նույն հրապարակում կանգնած էր երկու զրահամեքենա: Երբ օղակը սեղմվեց, Թաթուլը բարձրացավ մեքենաներից մեկի վրա, քաշեց նռնակի օղակը եւ ռուս սպային սպառնաց. «Վերջ, կամ հրաման ես տալիս զորքերը դուրս բերել, կամ նռնակը գցում եմ ներս…»: Ես Թաթուլի ջոկատի տղաներին միշտ մեջքից եմ նկարել, որովհետեւ խորհրդային ժամանակներ էին, կար ՊԱԿ, ներքգործնախարարություն: Իմ արխիվում Թաթուլը միշտ մեջքով է, բայց այդ դրվագում նկարահանում էի մոտիկից. Թաթուլը՝ մորուքով, քաշել է նռնակի օղակը, մեկ-երկու մետրի վրա ռուս սպան է՝ սարսափահար դեմքով: Կողքի մեքենայի մոտ երեք-չորս ռուս զինվորներ «Կալաշնիկով» ավտոմատը պահել են Թաթուլի վրա: Հինգ-տասը րոպե այդ տեսարանը շարունակվում էր, գուցե ավելի կարճ, բայց ինձ ավելի երկար էր թվում…»:
Ֆիդայապետին հաջողվում է գնդապետ Մաշկովի հետ պայմանավորվել, որպեսզի խորհրդային զորքը եւ ադրբեջանական ՕՄՈՆ-ը հետ քաշվեն: Ավելին՝ կարողանում է գնդապետից վերցնել խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՈՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմագործողության պայմանականչերով պլանը: Սակայն երբ նրանք գնում էին բանակցելու, թիկունքից լսվում են դավադիր կրակոցներ: Թաթուլն սպանվում է, Մաշկովը՝ վիրավորվում…Նույն օրը սպանվում են փոխհրամանատար Արթուր Կարապետյանը եւ Հրաչ Դանիելյանը: Քաջազունների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորականները փոխանակվում են ՕՄՈՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակիչների հետ… Իսկ դա արյունալի պատերազմի միայն սկիզբն էր, որի սրբանուն նահատակներից մեկը եղավ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը՝ մարտիկ ու ֆիդայապետ, որ գուշակել էր իր վախճանը. «Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գա՝ ինձ կբերեն…»:
Նրա խոսքերն են…
Հավելենք, որ Թաթուլի կերպարը, ինչպես 19-րդ դարավերջի ֆիդայական շարժման տասնյակ պաշտելի հերոսների, հավերժացրել են շատ ու շատ արվեստագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, աշուղներ ու գրողներ: Իսկ տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր ու շքեղ վիպասան Ռաֆայել Սահակյանը նրա մասին ոսկետառել է «Արծվապաշտ երկիր» սքանչելի իր վեպը՝ որպես կենդանի կոթող գալիք ժամանակներին…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

22-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO