Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ

Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ներկայացնելով Մեծ Հայքի Սյունիք աշխարհի գավառներն ու բնակավայրերը, Սոթից գավառի 75 բնակավայրերի կազմում հիշատակում է Ծափաթաղք գյուղը։ Պատմիչի տեղեկությամբ՝ ըստ հին սահմանված հարկացուցակի՝ Ծափաթաղքը Տաթեւի վանքին հատկացրել է 7 միավոր հարկ, որից եզրակացնում ենք՝ այս գյուղը եղել է միջին մեծությամբ բնակավայր։ Համեմատության համար նշեմ՝ Սոթք վարչական կենտրոնը վճարել է 20 միավոր հարկաչափ։ Գյուղը Սեւանա լճի արեւելյան ափին է՝ դիմացը լիճն է ծփում, իսկ մյուս ափին Վարդենիսի եւ Գեղամա լեռնաշղթաներն են։
Խորհրդային տարիներին մտնում էր Վարդենիսի շրջանի մեջ եւ բնակեցված էր հիմնականում թուրքերով, որոնք այստեղ էին հայտնվել 20-րդ դարակեսին։ Արցախյան շարժման սկսվելուց շատ չանցած` այստեղի թուրքերը վաճառեցին կամ փոխանակեցին իրենց տները Ադրբեջանի կազմում գտնվող հայաշատ բնակավայրերից, հատկապես Հայոց Գարդման երկրի Խաչակապ գյուղից հեռացած բնակիչների հետ։ Խաչակապը պատմականորեն տեղակայված է եղել Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Այս գյուղում եղել է հայկական մելիքություն։ Ըստ Րաֆֆու «Խամսայի մելիքություններ» գրքի՝ 18-րդ դարում այստեղ իշխել է մելիք Մովսեսը։ 1936 թ. գյուղի բազմադարյա հայկական անվանումը ադրբեջանական իշխանությունների կողմից փոխարինվել է Կուշչիի (Ղուշչի)։ Գյուղի հայ բնակչությունը բռնագաղթել է 1988-1989 թթ.՝ Ադրբեջանի իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության շրջանակներում։ Բնակչության մի մասը հաստատվել է Լոռու մարզի Նոր Խաչակապ (նախկինում` Սարալ) եւ Գեղարքունիքի մարզի Ջիլ ու Ծապաթաղ գյուղերում (գյուղապետ՝ Թագուհի Բոյախչյան)։
Ծապաթաղն այժմ Շողակաթ գյուղական համայնքի կազմում է։ Համայնքը ներառում է նաեւ Աղբերք, Շորժա, Արտանիշ, Դրախտիկ եւ Ջիլ գյուղերը։ Ստեղծվել է 2017 թ. հունիսի 9-ին համայնքների խոշորացման օրինագծով։ Ծապաթաղը ծովի մակերեւույթից մոտ 1950 մ բարձրության վրա է, այժմ ունի 180-ից ավելի տնտեսություն։ Ապրիլի 16-ին այցելեցի Ծապաթաղի Հենրիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են նաեւ վերջերս այստեղ տեղափոխված աշակերտներ Արցախի Ասկերանի շրջանի Ջրաղացներ, Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղերից եւ Քարվաճառից։ Դպրոցը տնօրինում է Պարգեւ Հակոբյանը։ Տեղեկացրեց՝ կրթօջախը հիմնվել է 1999 թ., շենքը կառուցվել է նորվեգացիների կողմից: 1-ին դասարանի սենյակը նորոգվել է վերջերս՝ երեւանաբնակ Արարատ Առաքելյանի կողմից։ Դպրոցում կա համակարգչային կաբինետ, չկա լաբորատորիա։ Ֆիզկուլտուրայի դահլիճը նկուղային հարկում է, ունի նորոգման կարիք։ Դպրոցի ջեռուցումը կատարվում է դիզվառելիքով։ Գրադարանում քիչ է գրքերի քանակը։ Տնօրենը նշեց՝ ցանկանում է նամակով դիմել «Վիվա-ՄՏՍ»-ի տնօրինությանը՝ աջակցություն ստանալու նպատակով։ Գրադարանավար Մանուշակ Ջյոմարդյանը, ով այստեղ է եկել 1988 թ. Խաչակապ գյուղից, տեղեկացրեց՝ աշակերտներն օգտվում են գրադարանից, մի ժամանակ նաեւ գյուղի բնակիչներն էին գրքեր տանում։ Դասագրքերի համար մինչ 2019 թ. օժանդակել է «Թուֆենկյան» հիմնադրամը, որը Ծապաթաղում ունի «Ավան-Մարագ» անունով հյուրանոցային համալիր եւ «Զանազան» ռեստորան։ Դասագրքերով այժմ գրեթե ապահովված է կրթօջախը, որը գործում է 5 համակարգ-դասարանով, ունի 10 ուսուցիչ, 28 աշակերտ։ Կա մանկավարժների կարիք, հատկապես՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների, նաեւ՝ դասվարի։ Աշակերտներից 8-ը եւ պատմության ուսուցիչ Նորայր Ավանեսյանը նորեկներ են։ Տարրական համակարգ դասարաններում ընդհանուր սովորում են 15 աշակերտ։ 1-ին եւ 3-րդ համակարգ-դասարանում 10-ից վեցն առաջին դասարանցիներ են։
Այցի պահին աշակերտները նկարում էին։ Դասվար Ռուզաննա Հակոբյանը 24 տարվա ստաժ ունի, սիրով է աշխատում իր սաների հետ։ 1-ին դասարանցի Մարիա Դավթյանը գեղեցիկ բնություն էր նկարել։ «Լավ երեւակայություն ունի,- ասաց դասվարը,- նաեւ լավ է սովորում»։ Աղջնակն անվստահ ասաց, որ նկարիչ է ուզում դառնալ։ Նրա դասընկերուհին՝ Նարինե Միրզոյանը, ծիրանի ծառ էր նկարել։ Ցանկությունն է՝ շատ ծիրանենիներ աճեն իրենց գեղատեսիլ գյուղում։ Տեզերագնաց կամ զինվոր է դառնալու երրորդ դասարանցի Մերուժան Կարապետյանը, ում մասին գովեստով խոսեց նաեւ տնօրենը՝ լավ է սովորում բոլոր առարկաները։ Արցախյան վերջին պատերազմի պատճառով թշնամու տիրապետության տակ անցած Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղից է պատմության ուսուցիչը՝ Ն. Ավանեսյանը։ Այժմ դասավանդում է նաեւ հարակից առարկաներ։ Տխուր է, վշտացած. կորցրել է հայրենիքը, իր գյուղը, որտեղ ծնվել է 1978 թ., հասակ առել, մասնակցել հայրենի երկրի պաշտպանության համար մղվող մարտերին։ Այժմ կնոջ ու 4 զավակի հետ բնակվում է Ծապաթաղի հարեւան Արեգունի գյուղում՝ բարեկամի տանը։ Իր անձնական մեքենայով է հասնում Ծապաթաղ ու վերադառնում։ 4 երեխան սովորում են Արեգունիի դպրոցում։
9-րդ դասարանում հայոց լեզվի ժամ էր։ 7 տարվա ստաժ ունեցող ուսուցչուհի Հերմինե Խաչատրյանը ծնունդով Ստեփանավան քաղաքից է, ընտանիքով բնակվում է 7 կմ հեռու գտնվող հարեւան Ջիլ գյուղում, որտեղից աշխատանքի է գալիս հատկացված մեքենայով։ Գոհ է իր աշակերտներից. խելացի են։ Հատկապես լավ է սովորում Շուշաննա Վարդանյանը, ով որոշել է՝ հոգեբան է դառնալու։ Հետաքրքիր է այս մասնագիտությունը, սիրում է աշխատել մարդու հետ։ Արամայիս Սահակյանը բանաստեղծություններ չի գրում, չնայած կրում է երգիծաբան բանաստեղծի անուն-ազգանունը։ Դպրոցի զինղեկ, կոչումով կապիտան Մանվել Միրզոյանը մասնագիտությամբ աշխատանքի ուսուցման ուսուցիչ է, ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի համապատասխան բաժինը։ Բնակվում է Վարդենիս քաղաքում, տրանսպորտով է աշխատանքի գալիս։ Ունի ծրագիր նաեւ՝ գյուղատնտեսական հասարակական կազմակերպություն ստեղծել։ Վարդենիսի տարածաշրջանի այս հատվածը բարենպաստ է նման ծրագրեր իրականացնելու համար։ 5-6-րդ համակարգ դասարանում տեխնոլոգիայի դասաժամին զրուցեցի աշակերտների հետ։ Անի Նազարյանը բազմազավակ ընտանիքից է։ 11 երեխա ունեցող նրանց ընտանիքը Նոր Հայկաջուր գյուղից է վերջին պատերազմի պատճառով հեռացել հայրենի բնակավայրից։ 1988 թ. էին այստեղ հաստատվել Անիի ծնողները՝ գաղթելով Ադրբեջանից։ Այժմ այս ընտանիքից 4 երեխա են հաճախում դպրոց։ Ունեն ժամանակավոր բնակարան։ Լավ է սովորում Անին եւ ցանկանում է մաթեմատիկայի ուսուցիչ դառնալ։ Քույրը՝ 8-րդ դասարանցի Տատյանան, ցանկանում է դառնալ զինղեկ կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Գտնում է՝ այժմ հայ աղջիկները նույնպես պետք է զինվոր դառնան. ցավով է տանում հայրենի Նոր Հայկաջուր գյուղից հեռանալը։
Բաղյան Կարեն եւ Սարգիս եղբայրների ծնողները նույնպես Խաչակապ գյուղից են ներգաղթել Ծապաթաղ։ Նրանց ավագ եղբայրը՝ Միքայելը, սովորում է 8-րդ դասարանում։ Տնօրենն ու զինղեկը գովեստով են խոսում եղբայրների մասին. հատկապես լավ շախմատ են խաղում։ Լավ են սովորում, կարգապահ են ու ճշտապահ։ Տղաների տատն ու պապը եղել են ուսուցիչներ։ Հինգերորդցի Կարենը ցանկանում է շինարար դառնալ, վեցերորդցի Սարգիսը նախընտրում է մեքենաշինությունը։ Քարվաճառ քաղաքից է տեղահանվել 8-րդ դասարանցի Մագդալինա Սահակյանը։ Ցանկանում է երգչուհի կամ դերասանուհի դառնալ։ Արդեն հարմարվում է նոր բնակավայիրն, նոր դպրոցին ու ընկերներին, սակայն կարոտով ու ցավով է է հիշում Քարվաճառ քաղաքը եւ երբեմն մտածում է զինվորական դառնալ ու հետ բերել իր ծննդավայրը։ Դպրոցի 12-րդ դասարանում սովորում է ընդամենը 1 աշակերտ՝ Հրաչ Սահակյանը։ Ծնողները գաղթել են Կիրովաբադ քաղաքից։ 4 երեխա են ընտանիքում, եղբայրը 5-րդ դասարանում է։ Գյուղատնտեսությամբ է որոշել զբաղվել Հրաչը՝ իհարկե, բանակում ծառայելուց հետո։ Տեխնիկական աշխատող Ամալյա Նագիյանը մինչեւ 1988 թ. ընտանիքով բնակվել է Բաքվում, այնուհետեւ հեռացել են ու բնակություն հաստատել Ծապաթաղում։ Այստեղ են հասակ առել 2 աղջիկը եւ որդին, ով արդեն ամուսնացել է։
Դպրոցի միջանցքի պատերին արցախյան գոյամարտի, դրանից հետո նահատակված հայորդիների լուսանկարներն են, նրանց մասին պատմող տեղեկություններ։ Արցախյան գոյամարտում Ծապաթաղից նահատակվել են 4 քաջորդի՝ Սամվել Բաղյանը, Լեւոն Դալլաքյանը, Բադալ Մարտիրոսյանը եւ Մերուժան Կարապետյանը, ովքեր այստեղ էին հաստատվել Խաչակապից եւ Բաքվից։ Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ կլինեն բնագիտական առարկաների ուսուցիչներ, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատելու իրենց դպրոցում. սահմանամերձ գյուղերի երեխաներն էլ պետք է մաթեմատիկա եւ ֆիզիկա սովորեն։ Վերջին պատերազմի պատճառով նաեւ շատ ուսուցիչներ են Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր մարզեր եւ Երեւան, կարծում եմ՝ կլինեն ցանկացողներ, որ աշխատեն Ծապաթաղի դպրոցում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

22-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO